17:12  ,  18 նոյեմբերի, 2013

Վիկտոր Կումիկով. Հավանական է, որ Գեւորգ Ղազարյանը կհեռանա «Շախտյորից»

Մրցաշրջանի ավարտից հետո Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Շախտյոր» ակումբից կհեռանան մի քանի առաջատար խաղացողներ, հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը, հաղորդում է Vesti.kz-ն։

«Հավանական է, որ մեր թիմը կլքեն Կանյասը, Խիժնիչենկոն եւ Ղազարյանը։ Կանյասը հրավերներ ունի տարբեր երկրներից, այդ թվում Կոլումբիայից։ Հասկանալի է, որ ֆուտբոլիստը ցանկանում է ուժերը փորձել ավելի ուժեղ առաջնությունում։ Խիժնիչենկոյի եւ Ղազարյանի դեպքում, չեմ կարող ասել, թե ուր կմեկնեն։ Արդեն քայլեր ենք ձեռնարկում նրանց փոխարինող գտնելու եւ կազմը ուժեղացնելու ուղղությամբ»,- ասել է Կումիկովը։

Ղազախական «Կայրաթի» հայտնի վետերան Յուսուպ Շադիեւը նշել է, որ կոլումբացի Ռոջեր Կանյասի հեռանալը կորուստ կլինի «Շախտյորի» համար, իսկ Սերգեյ Խիժնիչենկոյի եւ Գեւորգ Ղազարյանի տրանսֆերի դեպքում, հնարավոր կլինի գտնել համարժեք խաղացողների։

«Ղազարյանը Մխիթարյան չէ, եւ չեմ կարծում, որ նա կարող է ուժեղացնել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի որեւէ թիմ։ Նույնիսկ, «Անժիի» մակարդակով նա չի կարող խաղալ»,- ասել է Շադիեւը։

Հիշեցնենք, որ «Շախտյորը» հանդես է գալիս Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։ Թիմը նոյեմբերի 28-ին Աստանայում կընդունի հունական ՊԱՕԿ-ին, իսկ դեկտեմբերի 12-ին կհյուրընկալվի Իսրայելի «Մաքաբիին»։ L խմբում «Շախտյորը» վաստակել է երկու միավոր եւ զբաղեցնում է երրորդ տեղը՝ վեցական միավոր զիջելով ՊԱՕԿ-ին եւ հոլանդական ԱԶ-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով