10:14  ,  25 ապրիլի, 2012

Հայաստանի հավաքականը մայիսի 1-ին կմեկնի Անգլիա. հարցազրույց

Մայիսի 3-ին Մանչեսթերում կմեկնարկի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այժմ հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում: Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում են Լեւոն Փաշաբազյանը (74 կգ), Վարագ Աղաջանյանը (54 կգ) եւ 2010թ. Եվրոպայի չեմպիոն Հայկազ Սամվելյանը (58 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Գեւորգ Դանիելյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայկազ Սամվելյանի հետ:

Հայկազ, ինչպե՞ս է անցնում հավաքը:

Ամեն ինչ գերազանց է: Մարզվում ենք օրը երկու անգամ: Պայմանները լավ են: Պատրաստվում ենք մայիսի 1-ին Մանչեսթեր մեկնելուն: Մարզումների գրաֆիկը շատ լարված է, ինչը բնական է, եթե հաշվի առնենք Եվրոպայի առաջնության նման մրցաշարի նշանակությունը: Բոլոր տղաները լավ մարզավիճակում են:

Օլիմպիական ուղեգիր նվաճած Արման Երեմյանի մարզումներն ինչպե՞ս են ընթանում:

Արմանը չի մարզվում: Նա նոր է վերադարձել Վլադիկավկազից, որտեղ հավաք էր անցկացնում: Նա չի այցելելու Մանչեսթեր, քանզի պատրաստվում է Օլիմպիական  խաղերին: Ես եւ մյուս տղաները ապրիլի 14-ին Երեւանում նվաճեցինք Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Ի՞նչ սպասելիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից:

Բոլորս հույս ունենք, որ կկարողանանք մեզ լավ դրսեւորել եւ մեդալ նվաճել: Այդ պատճառով էլ համառ մարզվում ենք: Բոլոր տղաների տրամադրությունը մարտական է: Եվրոպայի առաջնությունում թույլ մրցակիցներ չեն լինում: Մտադիր ենք ցուցադրել այն ամենը, ինչ կարող ենք:

Զրուցեց Պարույր Սինյավսկին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով