09:02  ,  25 ապրիլի, 2012

Գվարդիոլա. Պարզապես, մեր տարին չէ, իսկ Մեսին ծանր ապրումների մեջ է

Այսպիսի հանդիպումներն են ֆուտբոլի ամբողջ գեղեցկությունը, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից հետո հայտարարել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Իհարկե, խաղացողները ճնշված են: Առանցքային դրվագը եղավ ընդմիջումից առաջ Ռամիրեսի խփած գնդակը: Դա հոգեբանական հարված էր: Մենք երկու հանդիպումներում էլ արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթենք: Երկրորդ խաղում գոլի հնարավորություն ավելի շատ ունեինք, եղավ 11 մետրանոց: Բայց պարզվեց, որ դա էլ է քիչ: Դժվար էր հաղթահարել մրցակցի պաշտպանությունը: Հագեցած հետին գծի դեմ մենք փորձում էինք լայն հարձակվել: Խաղը հիշեցնում է «Ինտերի» հետ երկու տարվա վաղեմության կիսաեզրափակիչը: Բայց հիմա պարտությունն ավելի ցավալի է, քանի որ հանուն հաղթանակի այս անգամ մենք ավելի շատ ջանք գործադրեցինք, քան` այն ժամանակ: Առաջիկա օրերին մենք կվերլուծենք եւ կհասկանանք մեր սխալը»,- ասել է Գվարդիոլան:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչն առանձին խոսել է Լիոնել Մեսիի մասին, որը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը:

«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Մեսիին այն ամենի համար, ինչ նա տվել է ակումբին: Իմ հիացմունքը սահման չունի: Նա օրինակ է բոլորի համար, ովքեր ցանկանում են աշխատել իրենց վրա եւ կատարելագործվել: Իմանալով նրա մարտական ոգին` ես չեմ կասկածում, որ նա ծանր ապրումների մեջ է: Բայց այսպիսի հանդիպումներն են ֆուտբոլի ամբողջ գեղեցկությունը: Մենք մատնվեցինք անհաջողության: Անկասկած, կան բաներ, որոնք ես հիմա կշտկեի, բայց եզրափակիչ մենք դուրս չեկանք: Իմ շնորհավորանքները «Չելսիին»: Մենք բազմաթիվ գոլային պահեր բաց թողեցինք եւ այսօր, եւ «Ստեմֆորդ Բրիջում»: Ես չեմ կարող կշտամբել իմ ֆուտբոլիստներին, եթե նրանք 180 րոպեի ընթացքում այդքան գոլային պահեր ստեղծեցին: Պարզապես, մեր տարին չէ: Շնրոհավորում եմ «Չելսիին» եւ գովում նրանց համարձակության, հոգեբանական ամրության համար: Թիմը հրաշալի խաղաց պաշտպանությունում: Հաջողություն եմ մաղթում նրանց եզրափակիչում: Հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնան» դարձյալ կպայքարի Չեմպիոնների լիգայում: Նախորդ չորս տարիներին մենք կանոնավոր լավ խաղ ենք ցուցադրել Չեմպիոնների լիգայում: Երբեմն դու հաղթում ես, երբեմն չես հաղթում: Սա է սպորտի հմայքը»,- ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում  «Բարսելոնան» ոչ ոքի` 2:2 հաշվով խաղաց «Չելսիի» հետ եւ դուրս մնաց պայքարից: Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էին լոնդոնցիները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում