01:26  ,  12 նոյեմբերի, 2013

Ուկրաինա - Հայաստան՝ 2.5:1.5. Սերգեյ Մովսեսյանը չփրկեց պարտությունից

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականները պարտություն կրեցին:

Տղամարդկանց թիմը 1.5:2.5 հաշվով մրցամարտը տանուլ տվեց ուկրաինացիներին: Վերջինը պայքարն ավարտեց երկրորդ համար Սերգեյ Մովսեսյանը, որը սպիտակներով 74-րդ քայլում միավորը կիսեց Անդրեյ Վոլոկիտինի հետ:

Չորրորդ համարների պայքարում Տիգրան Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով, 50-րդ քայլում պարտվեց Սերգեյ Ֆեդորչուկին:

Մինչեւ այդ ոչ ոքի էին ավարտվել Ալեքսանդր Արեշչենկո - Լեւոն Արոնյան եւ Ալեքսանդր Մոիսեենկո - Գաբրիել Սարգսյան պարտիաները:

Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը 5 թիմային միավորով բաժանում է 10-17-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշով Արշակ Պետրոսյանի թիմը 16-րդն է: Առաջատարը Ֆրանսիան է, որը վաստակել է 8 միավոր: 6-ական միավոր ունեն Չեխիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռումինիայի, Բելառուսի եւ Ադրբեջանի հավաքականները:

Կանանց Հայաստանի հավաքականը երեք անընդմեջ հաղթանակներից հետո 4-րդ տուրում պարտվեց լեհերին՝ 1.5:2.5 հաշվով: Հաղթանակ տարավ միայն Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը ոչ ոքի ավարտեց պարտիան: Իսկ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան պարտություն կրեցին:

Չորս տուրից հետո կանանց Հայաստանի թիմը 6 միավորով 4-րդն է: 6-ական միավոր ունեն նաեւ Ռուսաստանն ու Գերմանիան: Առաջատարներն են չորսական հաղթանակ տարած Լեհաստանի եւ Ուկրաինայի հավաքականները՝ 8-ական միավոր: Վրաստանի հավաքականն ունի 7 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում