18:36  ,  11 նոյեմբերի, 2013

Չեմպիոնների դպրոցը 30 տարեկան է

Լրացավ Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի գործունեության 30 տարին: Մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Տարբեր տարիների կոչվել է «Երեւանի Օրջոնիկիձեի շրջանի թիվ 2 համալիր մարզադպրոց», «Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված հանրապետական մարզադպրոց», իսկ 2003-ից կրում է ներկայիս անունը:

Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի,  16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լեւոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգեւների:

Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են 286 մեդալ, որից 64-ը՝ ոսկե, 77-ը՝ արծաթե, 145-ը՝ բրոնզե:

Մարզադպրոցը մասնաճյուղեր եւ ուսումնական խմբեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում:

Դպրոցն այսօր էլ, չնայած շենքային ոչ բավարար պայմաններին, գործում է լիարժեք, պատրաստում ապագա չեմպիոնների, ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ գրանցում նոր հաջողություններ, արդյունավետ գործունեությամբ նպաստում սամբո եւ ձյուդո մարզաձեւերի զարգացմանն ու հանրահռչակմանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվին հոբելյանի կապակցությամբ, մաղթում՝ նոր ու ավելի մեծ հաղթանակներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով