09:59  ,  23 ապրիլի, 2012

Պատրիկ Մատոյան. Մարտարվեստի նպատակը բռնություն ոչնչացնելն է

Հայաստանում է կոկուսայ այկիդո կենշուկայի հայտնի ֆրանսիացի վարպետ, 6-ր դան Պատրիկ Մատոյանը: Նա մարզումներ է անցկացնում ընկերոջ` Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանի ակումբում: Մատոյանն արդեն 6-րդ անգամ է Հայաստանում: Ապրիլի 6-ին մեկնարկած շրջագայության ընթացքում նախքան Երեւան ժամանելը Մատոյանը դասընթացներ է անցկացրել Մոսկվայում, Կիեւում, Վարշավայում, ապրիլի 25-ին վարպետը կմեկնի Փարիզ, ապա` Ռիո դե Ժանեյրո: Սենսեյների ծրագիրը երբեմն ավելի հագեցած է, քան նախագահներինը: Պատրիկ Մատոյանը Ֆրանսիայում գործող այկիդոյի իր դպրոցը հանձնել է աշակերտներին, իսկ ինքը շրջագայում է եւ փորձը փոխանցում մյուսներին: Պատրիկ Մատոյանը նաեւ կիթառահար է: Հայաստանում աշխատում է Դրամատիկական արվեստների ազգային ինստիտուտի հետ: Փորձում է համատեղել երաժշտությունն ու մարտարվեստը: Հայտնի սենսեյի հետ զրուցել է NEWS. am Sport-ի:

Պատրիկ, ինչպե՞ս ստացվեց առաջին այցելությունը Հայաստան:

Պատահական: Իմ հայրը Ֆրանսիայում ծնված հայ է: Ես ինքս Փարիզից եմ եւ միշտ հետաքրքրվել եմ իմ արմատներով: Երեւանը իմ կապն է հայրենիքիս պատմության հետ: Ես շատ էի ցանկանում տեսնել պատմական հայրենիքս: Վիենայում ապրող ընկեր ունեմ` Արթուր Դոլմաջյանը: 2005-ին նա հրավիրեց այցելել Հայաստան` բարեկամների մոտ:

Նաեւ շատ եմ ցանկանում այցելել Ղարաբաղ: Նախատեսում եմ այնտեղ լինել սեպտեմբերին: Հայաստանում ծանոթացա այկիդոյի վարպետներ Բենիամին Վարդանյանի եւ Գրիգոր Շեկոյանի հետ: Ծնվեց ստաժավորում անցկացնելու գաղափարը, եւ ես արդեն 6-րդ անգամ Երեւանում եմ:

Ինպե՞ս են ընթանում մարզում-դասընթացները:

Հանգստյան օրերին մարզումներ եմ անցկացնում բոլոր ցանկացողների հետ: Իսկ աշխատանքային օրերին լինում եմ այկիդոյի ակումբներում: Մարտարվեստով շատ գումար վաստակել հնարավոր չէ: Պետք է լինես գործիդ ֆանատը:

Ես 51 տարեկան եմ: 26 տարի նվիրել եմ այկիդոյին: Մեր ֆեդերացիան մոտ 300 ակումբի ունի ամբողջ աշխարհում: Ես ապրում եմ տեխնիկայիս անընդհատ կատարելագործմամբ: Ես սկսել եմ ձյուդոյից, որը Ֆրանսիայում մեծ ժողովրդականություն է վայելում: Այնուհետեւ անցել եմ շոտոկան կարատեի եւ թայ ցզի ցուանի: Երկու անգամ եղել եմ Ճապոնիայում եւ այկիդոյի դասեր եմ տվել: Պետք է սիրել մարտարվեստը, կարողանալ տարբերել այն մարզական մենապայքարային ձեւերից, ձգտել ներքին կատարելության:

Այկիդոն լավ է այն բանով, որ ի տարբերություն այլ մարտարվեստերի չունի զարգացման կուլմինացիոն կետ, որից հետո անկում է լինում մարզիկի մոտ:

Դուք կարող եք մարզվել ամբողջ կյանքի ընթացքում, անընդմեջ առաջադիմելով եւ ուժեղանալով: Այկիդոն ստեղծում է ներքին ներդաշնակություն եւ տալիս է ոգու ուժ: Մենք օգտագործում ենք հակառակորդի ուժն իր դեմ: Մենք չենք ստեղծում կոնֆլիկտ, մենք խուսափում ենք դրանից: Մենամարտում լինում է երկու հաղթող, երկու պարտվող: Դա մարտարվեստի էությունն է: Մարտարվեստի նպատակը բռնություն ոչնչացնելն է:

Հայաստանում այկիդոն այդքան էլ տարածված չէ: Բայց կարծում եմ` ժամանակի ընթացքում մենք կստեղծենք հետաքրքրություն:

Զրուցեց Պարույր Սինյավսկին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում