13:39  ,  28 հոկտեմբերի, 2013

Էդրիան Նյուիի 6-րդ աշխարհի չեմպիոնը

Աշխարհի 2013-ի առաջնությանը դեռ երեք տուր կա, իսկ Սեբաստիան Ֆետելն աշխարհի քառակի չեմպիոն է: 26 տարեկանում: Ֆրանսահայ Ալեն Պրոստը քառակի չեմպիոն դարձավ 38 տարեկանում: Երկուսին էլ միավորում է մեկ բան: Նրանց քառակի չեմպիոն է դարձրել նույն մարդը՝ բրիտանացի Էդրիան Նյուին:

Նյուիի առաջին բոլիդը Williams-ն էր: 1992-ին նրա նախագծած բոլիդով աշխարհի չեմպիոն դարձավ Նայջել Մենսելը: 1993-ին նույն  Williams-ի ղեկին Նյուին չեմպիոնական չորրորդ բարձունքին հասցրեց Ալեն Պրոստին, որը մինչ այդ հաղթել էր Renualt-ով, McLaren Porshe-ով, McLaren Honda-ով եւ վերջապես Williams Renualt-ով: Նյուիի աշխարհի չեմպիոնների ցանկում լեգենդներից բացակայում է միայն Միխայել Շումախերը: Աերտոն Սենան երրորդ չեմպիոնական տիտղոսի համար նույնպես պարտական է Նյուիին: Այս բրիտանացու հաջողությունները ստվերվեցին 1994-95 եւ 2000-2006 թվականներին, երբ Ֆորմուլա-1 մտան բրիտանացի եւ իտալացի նախագծողներ Ռոս Բրաունն ու Ֆլավիո Բրիատորեն: Ռոս Բրաունն աշխարհին պարգեւեց անգերազանցելի Միխայել Շումախերին, իսկ Բրիատորեն, որը 1994-95 թվականներին Բրաունի հետ էր, 2005-06-ին Ֆորմուլա 1-ը «հարստացրեց» Ֆերնանդո Ալոնսոյով: Այսօր Բրաունը Mersedes-ում է, Բրիատորեին արգելված է մոտ գալ Ֆորմուլա 1-ին, իսկ Ալոնսոն Ferrari-ի ղեկին 4 տարի ապարդյուն փորձում է մրցակցել Սեբաստիան Ֆետելի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: 4 տարվա ընթացքում Ալոնսոն գրավել է միայն 2-րդ տեղը: Ֆետելն 26 տարեկանում արդեն հաղթել է 36 Գրան Պրիում, ինչը միայն 5 հաղթանակով է պակաս 38 տարեկանում Ֆորմուլա 1-ը թողած Ալեն Պրոստի ցուցանիշից:

Առայժմ անհաղթահարելի է թվում միայն Միխայել Շումախերի ցուցանիշը՝ 91 հաղթանակ 37 տարեկանում: Շումախերն այդ ցուցանիշին հասել է 14 տարում: Ֆետելը Ֆորմուլա 1-ում է 6 տարի: Նյուին Red Bull-ից հեռանալու ցանկություն դեռ չի հայտնել, Ֆետելը՝ նույնպես: Նրանց համագործակցությունը շարունակվում է, բավական է ասել, որ Նյուիի հանճարի զավակներն են նաեւ Միկա Հակինենը McLaren-ի եւ Ժակ Վիլնյովը Williams Renualt-ի ղեկին: William Hill բուքմեյքերական գրասենյակն արդեն նոր խաղադրույքներ է ընդունում 2014 թվականի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Բնականաբար առջեւում Սեբաստիան Ֆետելն է, քանի որ Red Bull-ում ոչինչ չի փոխվել:

Սակայն ինչ-որ բաներ փոխվել են 2014-ի կանոնակարգում: Նախ այսուհետեւ յուրաքանչյուր բոլիդ պարտավոր է փոխանցման տուփն օգտագործել ոչ թե 5 Գրան Պրիի անընդմեջ, այլ՝ 6 Գրան Պրիի համար: 4 մխոցանի տուրբոշարժիչները 2014-ին դառնալու են 6 մխոցանի: Ավելի ճիշտ, շարժիչները դառնալու են տուրբո, հետո նոր՝ 6 մխոցանի: Տուրբոշարժիչները անհամեմատ թանկ են լինելու, քանի որ դրանցում ավելի մեծ դեր է ունենալու էլեկտրոնիկան եւ քիչ դեր՝ վառելիքը: Հետեւաբար բոլորովին այլ է լինելու տուրբոշարժիչների ձայնը: Ձայնի թեման արդեն անհանգստացնում է արշավորդներին, քանի որ շարժիչների չափազանց բարձր ձայնը նրանք համարում են Ֆորմուլա 1-ի բրենդներից մեկը: Այստեղ, իհարկե, նրանք ոչինչ անել չեն կարող: Որոշումը կայացված է: Lotus-ի տեխնիկական տնօրեն Ջեյմս Էլիսոնն արդեն 2014-ի ռեգլամենտը համեմատել է ցունամիի հետ: Այնպես չէ, որ թիմերը պատրաստ չէին այս փոփոխություններին, պարզապես ծախսերի կրճատման դեռեւս 2010-ին ամրագրված պահանջին զուգահեռ ռիսկային է դառնում այդքան շատ փոփոխություններ անելը: Էլիսոնն ընդհանուր առմամբ այնքան էլ տագնապած չէ: Lotus-ը եւ եւս երեք թիմ, ներառյալ՝ Red Bull-ը, օգտագործում է Renualt-ի շարժիչները: Դա նշանակում է, որ կամ կշահեն միասին, քանի որ այս շարժիչը սպասարկող անձնակազմը Ֆորմուլա 1-ում ամենամեծն է, կամ «կքաշվեն» միասին, ինչն Էլիսոնը բացառում է: Թվում է, թե շարժիչների եւ տեխնիկական որոշ պարամետրերի նոր կանոնակարգը պետք է նպաստի, որպեսզի 2014-ին ունենանք նոր աշխարհի չեմպիոն: Սակայն պետք է հիշել, որ դրանք խաղից չեն հանում հանճարեղ Էդրիան Նյուիին:

Ի դեպ, հաջորդ տարի չափազանց կարեւոր նշանակություն է ունենալու նույնիսկ ավտոարշավորդների անձնական քաշը: Բանն այն է, որ 2014-ի տուրբոշարժիչները փոքր ինչ ծանր են լինելու 2013-ի տուրբոշարժիչներից, հետեւաբար արշավորդները պետք է հետեւեն իրենց ախորժակին:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում