13:12  ,  22 ապրիլի, 2012

Գաբրիել Սարգսյան. Երեխայի աչքերից չեմպիոնին զգում ես

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում կընթանա շախմատի համաշխարհային Օլիմպիադան: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը ներկայացնում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրել Սարգսյանն ու Տիրգրան Պետրոսյանը: Այս օրերին բոլոր առաջատարները մասնակցում են մրցաշարերի: Երեւանում է գտնվում միայն Գաբրիել Սրագսյանը: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց աշխարհի թիմային չեմպիոնի հետ:

Գաբրիել, դու մրցաշարերի չես մասնակցում: Հանգստի փո՞ւլում ես:

Ես անհատական մրցաշարերի քիչ եմ մասնակցում: Իմ հիմնական հաջողությունները եղել են հավաքականի հետ:

Ինչի՞  հետ է կապված:

Մեծ հաջողությունների հասնելու համար առօրյա կյանքից պետք է կտրվել: Միայն հավաքականի խաղերից առաջ եմ այդպես անում: Երբ խաղում ես քո երկրի համար, դա ուժ է տալիս, մեծանում է պատասխանատվությունը:

Քեզ աշխատասեր համարու՞մ ես:

Միջին: Եթե պետք է, աշխատում եմ, բայց շատ աշխատասեր չեմ:

Իսկ այս պահին ինչո՞վ ես զբաղվում:

Մենք Արոնյանի հետ դպրոց ենք հիմնել: Տարին երկու անգամ Հայաստանի մրցանակակիրների հետ հավաքներ ենք անցկացնելու, ապա հետեւելու ենք նրանց: Կաշխատենք մեր փորձը նրանց փոխանցել:

Իսկ լավ սերունդ ունե՞նք: Ապագա չեմպիոնների տեսնո՞ւմ ես:

Այո, իհարկե: Այսօր ես ներկա էի Հայաստանի առաջնությանը:Երեխաներ կան, ում աչքերից երեւում է, որ նրանք յուրահատուկ են` չեմպիոնի աչքեր ունեն: Պետք է պայմանները համապատասխան լինեն: Մեր դպրոցը, հուսամ, կնպաստի դրան:

Կմեկնաբանե՞ս այն մրցաշարերը, որոնց այս պահին մասնակցում են մեր հավաքականի տղաները:

Սերգեյ Մովսիսյանը շատ ուրախացրեց: Նա շատ հաջող հանդես եկավ Գերմանիայում եւ գրավեց առաջին տեղը: Շեյխի գավաթում Վլադիմիր  Հակոբյանը շատ լավ է հանդես գալիս: Նա շատ կարեւոր դեր է խաղում մեր հավաքականում: Տիգրան Պետրոսյանը նույնպես շատ լավ մարզավիճակում է: Արոնյանի մասին խոսք չկա: Այն, որ նա խաղում է մեր հավաքականի համար, դա արդեն մեծ բան է: Իսկ մենք` մյուսներս, պետք է օգնենք նրան: Այս մրցաշարերը շատ կարեւոր են մեր հավաքականի համար օգոստոսին կայանալիք Օլիմպիադայից առաջ:

Շախմատից  բացի ի՞ նչ հետաքրքրքություններ ունես:

Շատ եմ սիրում ֆուտբոլ` «Բարսելոնայի» սիրահար եմ: Հետեւում եմ նաեւ մեր հավաքականի խաղերին: Վերջին տարվա հաջողությունները շատ ուրախալի էին:

Եվ վերջում փոքրիկ բլից 

Բոլոր ժամանկների լավագույն շախմատիստը:

Խաղաոճով Կապաբլանկան, հետք թողնելու առումով ` Ֆիշերը: Ներկայիս գործող շախմատիստներից Լեւոն Արոնյանը:

Լավագույն ֆուտբոլիստը:

Մեսին:

Սիրած գիրքը:

Գիրքը չեմ կարող ասել: Բանաստեղծը Սեւակն է:

Ֆիլմը:

Այնքան շատ ֆիլմեր եմ դիտել, որ արդեն դա էլ չեմ կարող ասել, թե որն է լավագույնը:

Սիրած վայրը Երեւանում:

Շախմատի տան շրջակայքը:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով