18:33  ,  14 հոկտեմբերի, 2013

Ռուբեն Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հոկտեմբերի 16-27-ը կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից նախապես հայտավորված էին չորս ծանրորդներ` 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, +105 կգ քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանն ու Հայկ Հակոբյանը: Սակայն ծանրամարտի միջազգային ֆեդերցիայում տեղադրված վերջնական հայտացուցակում բացակայում է գերծանր քաշային ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանի անունը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ծանրորդի անվան բացակայության պատճառը հայտնեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանից:

«Մի քանի օր առաջ մարզման ժամանակ Ռուբեն Ալեքսանյանը ցավեցրեց ձեռքը եւ հին վնասվածքը զգալ տվեց: Մտավախություն կար, որ առաջնության ժամանակ վնասվածքը կարող էր ավելի բարդանալ, քանի որ նա մեդալների համար հաստատ լուրջ պայքարի մեջ կմտներ, այդ պատճառով նպատակահարմար ենք գտել նրան թողնել Հայաստանում, որպեսզ լիարժեք մասնակցի հաջորդ տարվա Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Նա մեր հավաքականի լավագույն ծանրորդներից է, ավելորդ զգուշությունը չի խանգարի: Ինչ վերաբերում է Վրոցլավ մեկնող մեր երեք ծանրորդներին, ապա նրանք լավ մարզավիճակում են եւ պատրաստ են մասնակցելու առաջնությանը»,-ասաց հավաքականի մարզիչը:

Այս տարվա աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշային չէ։ 

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով