13:52  ,  12 հոկտեմբերի, 2013

Անհրաժեշտ պայմաններ` չեմպիոն դառնալու համար

Կորեայի Մեծ խաղարկությունից հետո չեմպիոնության համար պայքարից դուրս մնացին Մարկ Վեբերն ու Նիկո Ռոսբերգը: Պայքարի մեջ մնացել են ընդամենը չորսը՝ Սեբաստիան Ֆետելը, Ֆերնանդո Ալոնսոն, Կիմի Ռայկոնենը եւ Լյուիս Հեմիլթոնը:

Աշխարհի առաջնության ավարտից 5 տուր առաջ Սեբաստիան Ֆետելն ըստ էության «5 պակաս» է աշխարհի չեմպիոնությունից: Երկրորդ տեղում ընթացող Ֆերնանդո Ալոնսոն նրանից ետ է ամբողջ 77 միավորով: Իսկ դա մաքուր երեք Գրան Պրի է, այսինքն, Ֆետելին գոնե հավասարվելու համար Ալոնսոն պետք է հաղթի հաջորդ երեք Գրան պրիներում՝ Ճապոնիայում, Հնդկաստանում եւ Աբու Դաբիում, պայմանով, որ Սեբաստիան Ֆետելը դրանցից ոչ մեկում 11-րդ տեղից բարձր տեղ չգրավի: Սա ըստ էության անհնար սցենար է Red Bull-ի, մասնավորապես Սեբաստիան Ֆետելի բոլիդի համար, քանի որ այն այս առաջնության ամենահուսալի բոլիդն է: Բավական է ասել, որ Ֆետելի RB9-ը եզրագիծը չի հատել միայն Մեծ Բրիտանիայում փոխանցումատուփի վթարման պատճառով: Եվ նույնիսկ այդ պայմաններում նա շարունակեց պահպանել առաջատարի տեղը:

Ֆերնանդո Ալոնսոն արդեն հայտարարել է, որ Ferrari-ն պայքարում է միայն Նախագծողների գավաթում երկրորդ տեղը գրավելու համար, քանի որ Red Bull-ին հասնելն արդեն անհնար է: Իսկ Սեբաստիան Ֆետելի հետ մրցությունն այս տարի շարունակելու մասին նա ընդհանրապես չի խոսում: «Այս պահին Ֆետելը եւ Red Bull-ը իդեալական համատեղություն են, նրանք շատ արագ են մեզ համար»,- Ճապոնիայում ասել է իսպանացի աշխարհի կրկնակի չեմպիոնը: Կիմի Ռայկոնենը շարունակում է. «Ֆետելն այլեւս հաղթանակների կարիք չունի, նա արդեն ամեն ինչ ապացուցել է»: Լյուիս Հեմիլթոնի հայտարարությունը շատ ավելի աղմկահարույց է ստացվել. «Ֆետելի անվրեպությունն ու առաջատարությունն արդեն ձանձրալի է դարձրել Ֆորմուլա 1-ը»: Ուղիղ մեկ օր հետո ստիպված եղավ ասել, որ ինքը նկատի ուներ գերմանացի եռակի չեմպիոնի անկրկնելի լինելը: Առջեւում Ճապոնիայի Գրան պրին է:

Ի՞նչ հնարավորություններ ունի Ալոնսոն՝ գոնե այստեղ հաղթելու գերմանացուն: Վիճակագրությունը սառը ցնցուղ է իսպանացու համար: Վերջին 4 տարում Սեբաստիանը 4 անգամ Սուզուկիում մեկնարկել է առաջին տեղից: Հաղթել է դրանցից երեքում: Մեկ անգամ էլ Ալոնսոն է հաղթել այստեղ: Ռայկոնենը Սուզուկիում հաղթել է հեռավոր 2005-ին: Իսկ Հեմիլթոնը՝ 2007-ին: Վերջին երկուսն այդ տարիներին պայքարում էին աշխարհի չեմպիոնի կոչման համար, երկուսն էլ ձախողեցին: Բավական է ասել, որ Ֆետելը անընդմեջ հաղթել է այս տարվա վերջին 4 Գրան պրիներում եւ ոչինչ չի խոսում այն բանի օգտին, որ նա կձախողի Սուզուկին: Սուզուկիից սկսած խոսքը տրվում է միայն հրաշքին, քանի որ ուրիշ ոչինչ չի կարող Ալոնսոյին, Ռայկոնենին եւ Հեմիլթոնին դարձնել պայքարի մասնակից:

Այսպիսով, ի՞նչ է անհրաժեշտ հիշյալ չորսին այս տարի աշխարհի չեմպիոն դառնալու համար: Հաջորդ 4 ավտոարշավում աշխարհի քառակի չեմպիոն դառնալու համար Ֆետելին անհրաժեշտ է եզրագիծը հատել 5-րդ տեղից ոչ ցածր: Եվս մեկում գերմանացին կարող է «տեղ հասնել» 6-րդը: Այս պայմանների դեպքում բնավ էական չէ, թե ինչպես հանդես կգա Ֆերնանդո Ալոնսոն այդ հինգ ավտոարշավում: Ժամկետից շուտ չեմպիոն դառնալու համար Ֆետելին անհրաժեշտ է հաղթել Ճապոնիայում, իսկ Հնդկաստանում գրավել երկրորդ տեղը: Ֆերնանդոյին անհրաժեշտ է հաղթել 5 Գրան պրիներում այն հույսով, որ Ֆետելը բոլոր հինգում էլ եզրագիծը կհատի 5-րդ կամ ավելի ցածր տեղում: Եթե մնացած հինգ Գրան պրիներում հաղթի «Lotus-ցի» Կիմի Ռայկոնենը, ապա առաջնությունում հաղթելու համար նրան անհրաժեշտ է, որ Ֆետելը դրանցից չորսում 8-րդից բարձր տեղ չզբաղեցնի, իսկ մեկում էլ՝ կարող է զբաղեցնել միայն 7-րդ տեղը: Ալոնսոյի ցուցանիշներն այս դեպքում բնավ էական չեն: Լյուիս Հեմիլթոնի չեմպիոն դառնալու հնարավորություններն առավել աղքատիկ են: Նրան անհրաժեշտ է հաղթել հաջորդ հինգ Գրան պրիները պայմանով, որ դրանցից միայն մեկում Ֆետելը կզբաղեցնի 8-րդ տեղը, մյուս չորսում՝ պարտադիր է 9-րդ տեղից ոչ բարձրը: Այս մաթեմատիկան մնում է աշխարհի երեք նախկին չեմպիոնների միակ մոտիվացիան: Ֆերնանդոյի դեպքում մաթեմատիկան միշտ եղել եւ մնում է վերջին մոտիվացիան գոնե առաջին անգամ Renualt-ից հեռանալուց եւ McLaren մտնելուց եւ այնուհետեւ Ferrari մտնելուց հետո: Ալոնսոն ասել է, որ Ճապոնիայում պայքարը լինելու է վճռական եւ սեթեւեթել հատուկ ճապոնացիների համար՝ պայքարը դեռ ավարտված չէ:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում