16:43  ,  2 հոկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Ցավալի է, որ չկարողացանք իրացնել մեր բազմաթիվ պահերը

Իհարկե, ինձ գոհացնում է խոշոր հաշվով հաղթանակը։ Շատ էինք ցանկանում հաղթել, մեզ պարզապես անհրաժեշտ էր այս երեք միավորը, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ ֆրանսիական «Մարսելի» հանդեպ տարած հաղթանակի մասին՝ 3։0։

«Չեմ կարծում, որ ավելի դանդաղ էինք խաղում, քան «Ֆրայբուրգի» հետ հանդիպման ժամանակ։ Մի մոռացեք, որ սա Չեմպիոնների լիգան է. ստիպված էինք սովորականից ավելի զգույշ գործել։ Խմբային մրցաշարում ընդամենը 6 հանդիպման ես մասնակցում, որից առաջինում պարտվել ենք «Նապոլիին»։

Գրոհելիս չէինք մոռանում թիկունքը պահելու մասին։ Հնարավոր է, որ այդ պատճառով մեր խաղն ավելի դանդաղ է թվացել։ «Բորուսիան» հիանալի էր գործում, ցավոք, չկարողացանք իրացնել մեր բազմաթիվ պահերը։ Իհարկե, երեք գոլը բավական է, սակայն կարող էինք ավելի շատ խփել։ Ցավալի է, որ չկարողացանք դա անել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sovsport.ru-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը գերմանական ակումբի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվել է հանդիպման 88-րդ րոպեին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում