Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հոկտեմբերի 16-27-ը կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը պատմեց Հայաստանի հավաքականի ընդհանուր մարզավիճակի եւ սպասելիքների մասին:
«Արդեն մեկնարկել է ուսումնամարզական վերջին հավաքը Աբովյանում: Նախորդ երկու հավաքներն անցկացրել ենք Ծաղկաձորում եւ կրկին Աբովյանում: Կազմն ասելու համար դեռ վաղ է:
Կան ծանրորդներ, ովքեր մասնակցել են Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը եւ նոր են վերադարձել, պետք է տեսնենք կկարողանան վերականգնվել, ինչ մարզավիճակում կլինեն, ըստ այդմ էլ հավաքի վերջում պարզ կդառնա աշխարհի առաջնությանը մեկնող կազմը:
Ընդհանուր մարզավիճակը համարում եմ նորմալ, բավական լավ վիճակում են: Մնում է, որ կարողանան հավաքվել եւ այնտեղ կարողանան բարձրացնել գոնե այն կիլոգրամները, որ այստեղ բարձրացրել են: Ամենակարեւորը առանց վնասվածքների մասնակցեն եւ հոգեբանորեն պատրաստ լինեն մրցել իրենց հակառակորդների հետ»,-ասաց Պողոս Պողոսյանը:
Աշխարհի առաջնության պաշտոնական կայքում Հայաստանի նախնական հայտացուցակում ընդգրկված են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյան, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյան, +105 կգ քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանն ու Հայկ Հակոբյանը:
Վերջնական հայտացուցակը պետք է ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 4-ը:
Շուշանիկ Հակոբյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում