22:20  ,  17 սեպտեմբերի, 2013

Արա Սարգսյանն՝ աթլետիկ ֆիթնեսի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

«Սա ամենադժվար մրցաշարն էր, որին ես մասնակցել եմ: Իսկապես մեծ պատիվ էր աշխարհի առաջնությունում ներկայացնել Շվեդիան»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց աթլետիկ ֆիթնեսի Շվեդիայի առաջնության ոսկե մեդալակիր Արա Սարգսյանը, ով օրերս բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում:

Արա, մեկ ամիս առաջ քեզ շնորհավորում էինք Շվեդիայի չեմպիոն դառնալու առթիվ, այժմ արդեն նվաճեցիր աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: Ինչպիսի՞ն էր այս մրցաշարը քեզ համար:  

Սա ամենադժվար մրցաշարն էր, որին ես մասնակցել եմ: Իսկապես մեծ պատիվ էր աշխարհի առաջնությունում ներկայացնել Շվեդիան: Այնքան շատ մարզիկներ էին ներկայացված տարբեր երկրներից: Որպես հայ հանդես գալ շվեդական դրոշի ներքո շատ յուրահատուկ փորձ էր: Փոքր հասակում, երբ տեսնում էի, թե ինչպես են տարբեր մարզիկներ ներկայացնում իրենց երկիրը, երազում էի հաջողություն հասնել աշխարհի առաջնությունում: Երազանքս իրականացավ: Դա մեծ պատիվ էր ինձ համար:

Ի՞նչ կասես ոսկե եւ արծաթե մեդալներ նվաճած մարզիկների մասին: Ի՞նչը խանգարեց քեզ նվաճել ոսկե մեդալ:

Արդյունքի վրա ազդեցին մի քանի մանրուքներ: Մրցավարների մեկ-երկու միավորները բաշխեցին մեր մեդալները: Ցավոք, ես չկարողացա նվաճել ոսկե մեդալ, բայց ուրախ եմ, որ արժանացա բրոնզի: Ես շարունակելու եմ նույն ոճով, որպեսզի ոսկին էլ նվաճեմ:

Ո՞ւմ նվիրեցիր հաղթանակդ:

Հաղթանակս նվիրեցի Շվեդիային: Հուսով եմ՝ երիտասարդ մարզիկները կտեսնեն, որ յուրաքանչյուր մարդ կարող է առաջ գնալ եւ հասնել իր երազանքներին, երբ քրտնաջան աշխատում եւ պահպանում է իր երազանքները: Ես այս հաղթանակը նվիրեցի նաեւ զարմիկիս, ով մրցաշարից մեկ շաբաթ առաջ մահացավ: Մենք շատ մոտ էինք, եւ նա միշտ հպարտանում էր իմ նվաճումներով:

Որո՞նք են քո առաջիկա ծրագրերը:

Այս պահին պետք է ամեն ինչ սկսենք զրոյից: Մարզիչիս հետ կմտածենք, թե ինչ կարող եմ անել, ինչը պետք է լավացնեմ եւ վերադառնամ մարզումներին: Իմ մասնակցությամբ հաջորդ մրցաշարը տեղի կունանա 2014-ին: Ես ժամանակ կունենամ հանգստանալու համար:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում