23:30  +04,  4 օգոստոսի, 2013

Հայ եղբայրների ոսկե եւ բրոնզե մեդալներն աթլետիկ ֆիթնեսի Շվեդիայի առաջնությունում (ֆոտո)

«Դեռ չեմ գիտակցում, որ հաղթել եմ այս մրցաշարում: Դրա համար կպահանջվի մի քանի օր: Ամենայն հավանականությամբ, այս հաղթանակի շնորհիվ հոկտեմբերին Մադրիդում անցկացվելիք աթլետիկ ֆիթնեսի աշխարհի առաջնությունում կներկայացնեմ Շվեդիան»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց աթլետիկ ֆիթնեսի Շվեդիայի առաջնության հաղթող Արա Սարգսյանը:

Օգոստոսի 3-ին Շվեդիայում անցկացվել է ամենամյա «Athletic Fitness SM-2013» մրցաշարը, որում Արա Սարգսյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ նրա եղբայր Նարբե Սարգսյանն արժանացել է բրոնզե մեդալի:

Արա, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Շատ հաճելի է լսել, որ հայ մարզիկները նման հաջողության են հասնում այլ երկրներում: Հայաստանում ձեր մասին գրեթե չգիտեն: Վաղո՞ւց եք զբաղվում այդ մարզաձեւով:

Մինչեւ 22 տարեկանը ես մասնակցում էի թենիսի մրցաշերերի: Այնուհետեւ սկսեցի զբաղվել ծանրամարտով եւ սիրահարվեցի սպորտային աթլետիկայի ֆիթնեսին, որն ավելի շատ աթլետիկայի մրցաշար է, այլ ոչ թե բոդիբիլդինգի մրցում: Շվեդիայի առաջնությունում 2011-ին գրավեցի չորրորդ տեղը, 2012-ին՝ երրորդ, իսկ այս տարի՝ առաջին: Բացի այդ, ունեմ Դանիայիեւ Նորվեգիայի մրցաշարերում նվաճած տարբեր մեդալներ: Այժմ, երբ հաղթեցի Շվեդիայի առաջնությունում, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին Մադրիդում անցկացվելիք աշխարհի առաջնությունում կներկայացնեմ Շվեդիան: Իսկ եղբորս առավելագույն արդյունքն այս տարվա երրորդ տեղն էր:

Երկու եղբայր հանդես եք գալիս նո՞ւյն խմբում:

Այո, այստեղ բաժանումը ոչ թե ըստ քաշի է, այլ՝ ըստ հասակի: Մենք երկուսս էլ հանդես ենք գալիս 180 սմ-ից բարձր խմբում:

Ինչպե՞ս եք պատրաստվում տոնել հաղթանակը:

Ես դեռ չեմ գիտակցում, որ հաղթել եմ այս մրցաշարում: Դրա համար կպահանջվի մի քանի օր: Այնուհետեւ մեծ խնջույք կկազմակերպեմ բոլոր այն մարդանց հետ, ովքեր ինձ օգնեցին նվաճել ոսկե մեդալ:

Իսկ ինչպե՞ս եք հայտնվել Շվեդիայում:

Ես ծնվել եմ հայկական ընտանիքում: Ծնունդով Իրանից ենք, բայց տանը միշտ խոսել ենք հայերեն: Երբ չորս տարեկան էի, մենք տեղափոխվեցինք Շվեդիա: Այս երկրում մեծանալն իսկական օրհնություն էր ինձ համար: Ես իսկապես շատ հպարտ եմ Շվեդիայի հայ լինելու համար: Ավագ եղբայրս 32 տարեկան է, քույրս` 25, իսկ ես՝ 30: Մենք բոլորս ունենք աթլետիկ կազմվածք եւ հետաքրքրված ենք այս մարզաձևով:

Երբեւիցե եղե՞լ եք Հայաստանում:

Ոչ, բայց առաջիկայում ամբողջ ընտանիքով պատրաստվում ենք գալ Հայաստան: Ամենայն հավանականությամբ, կգանք աշնանը: Սպասում ենք այդ օրվան:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ