13:54  ,  3 սեպտեմբերի, 2013

Ճապոնիայի թիմը օլիմպիական փոխչեմպիոն Ստեֆան Լամբյելի եւ Արի Զաքարյանի հետ Երեւանում է (ֆոտո)

Երբ առաջարկեցի ուսումնամարզական հավաքներ անցկացնել Հայաստանում, ճապոնացիները սկսեցին քրքրել համացանցը, որպեսզի հասկանան թե որտեղ է այն, ինչ է իրենից ներկայացնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչ, սպորտային գործակալ եւ պրոդյուսեր Արի Զաքարյանը, որը նաեւ օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի գործակալն է։

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փորձնական մարզումներ են անցկացնում Ճապոնիայից ժամանած չորս գեղասահորդներ: Նրանք Հայաստանում կանցկացնեն վեց օր, կծանոթանան պայմաններին, սառույցին: Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ Ճապոնիայի հավաքականը Հայաստան կգա ամբողջ կազմով:

«Երկար տարիներ աշխատում եմ Ճապոնիայի ֆեդերացիայի հետ: Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ նրանք պետք է այդ քաղաքին ավելի մոտ բնակլիմայական պայմաններ ունեցող վայրում մարզվեն, առաջարկեցի, որ իրենց մարզումային հավաքներն անցկացնեն Հայաստանում:

Երբ նրանք լսեցին առաջարկս, սկսեցին քրքրել համացանցը, որպեսզի հասկանան, թե որտեղ է Հայաստանը, ինչ է իրենից ներկայացնում: Սա իրենց երկրորդ այցն է Հայաստան: Այս անգամ այստեղ են եկել չորս մարզիկներով` փորձնական մարզումներ անցկացնելու, ծանոթանալու պայմաններին, հյուրանոցներին, սննդին:

Օլիմպիական խաղերից առաջ Հայաստան կգա ամբողջ կազմը` տասը մարզիկ, մոտավորապես 50 մարդուց բաղկացած պատվիրակություն, որը կաշխատի  մարզիկների հետ, լրագրողներ, երկրպագուներ:

Ինձ համար մեծ պատիվ է, որ նրանք հենց այստեղ են անցկացնելու իրենց հավաքները: Մեծ աշխատանք է տարել մարզահամերգային համալիրի աշխատակազմը, որպեսզի ստեղծի հնարավորինս բարձրակարգ պայմաններ: Շատ կարեւոր է, որ հայ գեղասահորդները, ովքեր ցավոք քիչ են, տեսնեն թե ինչպես են մարզվում Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկները: Կարծում եմ՝ այսպիսի նախաձեռնությունը կարող է ոգեւորություն առաջացնել գեղասահորդների շրջանում եւ խթանել այս մարզաձեվի զարգացումը նաեւ Հայաստանում»,- նշեց Արի Զաքարյանը:

Ընդհահանուր առմամբ թե մարզիկները, թե Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչները գոհ էին պայմաններից: Ճապոնիայի հավաքականի պարուսույցն այժմ Թուրինի Օլիմպիական խաղերի մենասահքի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, շվեյցարացի Ստեֆան Լամբյելն է։

Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Հիրոիդո Կիտոն կարեւորեց այն փաստը, որ Հայաստանը բնակլիմայական պայմաններով մոտ է Սոչիին եւ, որ այստեղ շատ անվտանգ է:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում