18:03  ,  26 օգոստոսի, 2013

Red Bull-ն արդեն խաղում է, ոչ թե՝ պայքարում

Ferrari-ն առաջադիմում է, սակայն Red Bull-ն արդեն մոտենում է անհասանելիության եզրագծին: Դեռ 8 Գրան Պրի կա առջեւում, Ferrari-ն կորցրեց եւս մեկ հնարավորություն: Red Bull-ն արդեն խաղում է մյուսների հետ, ինչպես կատուն ճանկն ընկած մկնիկի: Մինչդեռ Մարանելոյի բոլիդն ավանդաբար ուժեղ էր Բելգիայում, այս անգամ էլ այն ցույց տվեց, որ բելգիական Սպա-Ֆրանկոշամը «իտալական» մրցուղի է, բայց ոչ Միլթոն Կինսի թիմի գոյության դաշտում: Այն հարամում է անգամ ճակատագիրը, որն Սպան «շնորհել» էր Ferrari-ին: Red Bull-ն այստեղ միշտ էլ ուժեղ ելույթներ է ունեցել, 2011-ին հաղթել է,  դրանից առաջ եւ հետո գրավել Սպայի հաղթահարթակի տարբեր աստիճանները:  Սակայն վերջին Գրան Պրիից հետո Red Bull-ի տեխնիկական տնօրեն Կրիստիան Հորները զարմանալի հայտարարություն արեց. «Սպան եւ Մոնցան մենք համարում էինք մեր աքիլեսյան գարշապարը»: Սա ասում է մի մարդ, որի լավագույն մրցորդը՝ Սեբաստյան Ֆետելը, վերջին 6 Գրան Պրիներից 4-ն ավարտել է հաղթահարթակ բարձրանալով, եւս մեկը՝  2010-ին, «հնազանդվել» է Red Bull-ցի Մարկ Վեբերին:

Իրականում Սպան համարվում է Կիմի Ռայկոնենի մրցուղին: Ֆինն այստեղ Ferrari-ի կազմում հանդես գալու ժամանակ նույնիսկ կենաց-մահու պայքար է մղել 2008-ին Լյուիս Հեմիլթոնի հետ: Հեմիլթոնը մրցուղուց դուրս մղեց Ռայկոնեին, սակայն եզրագծից մի քանի շրջադարձ առաջ մրցուղին կարճելու համար զրկվեց հաղթանակից, որը շնորհվեց Ռայկոնենի թիմակից Ֆելիպե Մասային: Ռայկոնենն այստեղ հաղթեց անհույս 2009-ին, երբ որպես Ferrari-ի առաջին համար չէր էլ հավակնում աշխարհի չեմպիոնի երկրորդ տիտղոսին: 2010-ին եւ 2011-ին Ռայկոնենը հրաժարվեց Ֆորմուլա 1-ից եւ վերադարձավ 2012-ին: Նույն տարում ամեն Գրան Պրիին վերջին շնչում գտնվող Lotus-ից Սպայում Կիմին կորզեց 3-րդ տեղը: Այստեղ Կիմին հաղթել է 2007-ին, իսկ 2005-ին որպես McLaren-ի ավտոարշավորդ: 2004-ին Ֆորմուլա 1-ում անպարտելի «կարմիր բարոնի»՝ Միխայել Շումախերի քթի տակից նույնպես Ռայկոնենը վերցրեց Սպան: Այդ տարի Շումախերը 18 Գրան Պրիներից չհաղթեց միայն 5-ում, որից երկուսը արդեն աշխարհի նորընծա քառակի չեմպիոնի կարգավիճակով զիջեց թիմակից Ռուբենս Բարիկելոյին: 2003-ին նորաթուխ Ռայկոնենը Բելգիայում գրավեց 3-րդ տեղը: Եվ մի խոսքով, Սպան հնազանդ էր միայն Կիմի Ռայկոնենին:

Այս անգամ տեղի ունեցավ այսպիսի նվաճումների համար անհնարինը՝ Ռայկոնենը եզրագիծ չհասավ: Վերջին 27 Գրան Պրիներում առաջին անգամ ֆինը չավարտեց մրցելույթը: Եվ անհատական հաշվարկում 2-րդ տեղից միանգամից գլորվեց 4-րդ տեղ: Փոխարենն հավասարակշիռ էր Ֆերնանդո Ալոնսոն: Հաղթահարթակ բարձրանալիս տաքարյուն իսպանացու դեմքին ոչ մի էմոցիա չկար՝ գրեթե ռայկոնենական վարք: Դա առավելագույն «ուրախությունն» է, որ կարող է ապրել Ալոնսոն եւս մեկ Գրան Պրի Սեբաստյան Ֆետելին զիջելուց հետո: Իսպանացին գրավեց 2-րդ տեղը եւ նույն հորիզոնականում ամրապնդեց իր դիրքերն ընդհանուր հաշվարկով: «Եթե նույնիսկ ես մեկնարկեի առաջին տեղից, միեւնույն է, կգրավեի 2-րդ տեղը»,- պոդիումի վրա ասաց Ալոնսոն: Չնայած դրան Ferrari-ին կարծես վերագտնում է իր մարտական արագությունը: Մոնցա գնալուց առաջ այդպիսի արագությունը պետք էր Ferrarri-ին: Շումախերից հետո այս թիմը չի կարողանում խելքի գալ: Թեպետ անհաջողություններն սկսվեցին 2005-ին, երբ «կարմիր բարոնը» դեռ Մարանելոյի ներկայացուցիչն էր Արքայական մրցումներում: Այդ եւ հաջորդ տարի աշխարհի չեմպիոն դարձավ Renault թիմի առաջին համար, իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն: Միայն 2007-ին Ferrari-ն կրկին իր բարձրության վրա էր, թեպետ նրան «օգնեց» մրցաշարի հայտնություն, բրիտանացի «կատաղի» անփորձ Լյուիս Հեմիլթոնը: Ամբողջ 2007-ը նա ընթանում էր առաջին տեղում եւ միայն Չինաստանի եւ Բրազիլիայի Գրան Պրիներում ձախողվելուց հետո «5 պակաս» տիտղոսակրից դարձավ փոխչեմպիոն:

Առջեւում Մոնցան է՝ Ferrari-ի համար՝ հարազատ, տնային մրցուղի, Red Bull-ի համար՝ աքիլեսյան գարշապար: Մոնցան մրցարշավի ամենաարագընթաց մրցուղին է: Այստեղ արգելակներն ամբողջ մրցման ընթացքում աշխատում են 15 տոկոս լարվածությամբ, այսինքն, լարվածություն գրեթե չկա, մեկ շրջանի ընթացքում չորս անգամ բոլիդները զարգացնում են մինչեւ 320 կմ/ժ արագություն: Red Bull-ն այստեղ իրեն վատ չի զգա, օգտագործվելու են նույն տիպի անվադողերը՝ hard (կոշտ) եւ medium (կիսակոշտ), որոնք «քննություն» բռնեցին Սպայում: Իսկ Սպայում Ֆետելը երկրորդ տեղը գրաված Ալոնսոյին հաղթեց 17 վայրկյան առավելությամբ: Ֆետելինն էր նաեւ Սպայի լավագույն արագությունը: Ալոնսոն Մոնցայում կքրտնի: Գուցե՝ ապարդյուն:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում