16:43  ,  15 ապրիլի, 2012

Մրցավարական կողմնակալությունն աչք էր ծակում. հարցազրույց

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը Կիեւում եւ Տվերում մասնակցեց Եվրոպայի գավաթի խաղարկության երկու փուլային մրցաշարերին: Այդ մրցումներում հայ ձյուդոիստների ելույթները եւ պատանեկան ձյուդոյի խնդիրները NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է  պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, ի՞նչ գնահատական կտաք մեր մարզիկների ելույթներին:

Տվերում կիսաեզրափակիչ հասան 50 կգ քաշային Շահեն Աբաղյանն ու 66 կգ քաշային Գառնիկ Ղազարյանը: Նշեմ, որ կողմնակալությունը պարզապես աչք էր ծակում: Թե Կիեւում,  թե Տվերում նույն բանն էր: Ռուսաստանում անցկացված մրցումների մինչեւ 55կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովհաննես Դերմիշյանին պարզապես պարտություն տվեցին, որպեսզի պայքարը շարունակի ռուս ձյուդոիստը: Նույնը կրկնվեց մեր մարզիկի գոտեմարտում ռուս մեկ այլ ձյուդոիստի հետ արդեն երրորդ տեղի համար պայքարում:

Անկեղծ ասած` գոհ չեմ: Պատանի ձյուդոիստների տակտիկական ու ֆիզիկական պատրաստականությունը չգոհացրեց:  Այստեղ իրենց դերն են խաղում նաեւ հավաքները, որոնք պետք է անցկացնենք, որպեսզի հասնենք մեր ցանկալի վիճակին: Շատ կարեւոր է անհատական մարզիչների աշխատանքը, քանի որ հավաքականում տասը օրվա ընթացքում մենք ուղղակի չենք կարող ձյուդոիստին վերապատրաստել: Հետո չմոռանանք, որ այս տարիքային խմբում մենք նաեւ ձյուդոիստների ընտրության խնդիր ունենք: Ռուսաստանում կամ Թուրքիայում պատանի ձյուդոիստների թիվը այնքան մեծ է, որ համեմատել նույնիսկ հնարավոր չէ:

Ի՞նչ է հարկավոր մեր մարզկներին նման իրավիճակում ավելի բարձր արդյունքների հասնելու համար:

Առաջնային նշանակություն ունի մրցափորձը: Մեր պատանիները միջազգային մրցումների մեծ փորձ չունեն, ու այս գործոնն էլ հաճախ խանգարում է գոտեմարտը մինչեւ վերջ վստահ անցկացնելուն: Հայաստանում պատանիների առաջնությունից բացի կարող են անցկացվել մի քանի հուշամրցաշարեր, իսկ այլ երկրներում ձյուդոիստները հնարավորություն ունեն մասնակցելու պաշտոնական բազմաթիվ մրցաշարերի: Մեզ համար շատ կարեւոր էին միջազգային հավաքները, որոնք անցկացվեցին Կիեւի եւ Տվերի մրցաշարերի միջնամասում: Ձյուդոյում նման հավաքները ընդունված են: Բոլոր հավաքական թիմերը միասին մարզվում ու սպարինգներ են անում, ու ապագա մրցակիցներն էլ ծանոթանում են իրար հետ:

Իսկ միգուցե հոգեբանորե՞ն մեր մարզիկներին պետք է ավելի լավ պատրաստել:

Դե պարզ է,  որ հոգեբանությունն ու սպորտը իրար հետ անմիջական կապ ունեն: Իսկ պատանեկան սպորտում` առավելեւս: Հաճախ մարզիկին ճիշտ պատրաստելու համար հարկավոր է համոզել, ոմանց հետ զրույցն է օգուտ տալիս, երբեմն էլ զայրանում ես մարզիկի վրա, ու դա է օգուտ տալիս: Բացի այդ, մանկավարժական շատ մոտեցումներ կան, որոնք ուղղակի հարկավոր են պատանեկան սպորտում: Բայց այս ամենը օգտագործեոլւ համար էլ պետք է ծանոթ լինես մարզիկին, իսկ այդ ծանոթությունը կայանում է հավաքների ժամանակ: Ալբերտ Մկրտչյանը երկու մրցաշարերում լավ հանդես չեկավ, բայց Տվերում արդեն հասկացանք, թե ինչպես է պետք նրան ուղղորդել դեպի հաջողություն, ու նա դարձավ Եվրոպայի գավաթի երրորդ մրցանակակիր:

Պատանեկան հավաքականում կա՞ն մարզիկներ, որոնք ապագայում կարող են արդյունքների հասնել ավելի բարձր տարիքային խմբերում:

Անկասկած կան, բայց հարկավոր է տքնաջան աշխատել, քանի որ տարիքային յուրաքանչյուր խումբ ունի իր առանձնահատկությունները: Կարծում եմ` ֆինանսական ներհոսքը դեպի մարզաձեւ պետք է ավելանա, որպեսզի ուսումնամարզական հավաքների թիվը ավելանա, ինչն էլ անկասկած կնպաստի մեր ձյուդոիստների վարպետության ու փորձի բարձրացմանը, եւ հետեւաբար արդյունքներն էլ կլինեն ավելի բարձր:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում