21:11  ,  29 հուլիսի, 2013

Ո՞վ է Red Bull-ին խանգարելու նվաճել չորրորդ անընդմեջ տիտղոսը

Ֆերնանդո Ալոնսոն կարծես թե կորցնում է ինքնատիրապետումը։ Կիմի Ռայկոնենը մրցաշարի հասարակածին տեղափոխվեց երկրորդ տեղ՝ գահընկեց անելով Ալոնսոյին։ Ռոս Բրաունը վերջապես ստեղծեց իր երազած Mersedes-ը, որով Հունգարորինգում հաղթեց Լյուիս Հեմիլթոնը եւ այն անմիջապես նվիրեց իր նախկին ընկերուհուն՝ մոդել Նիկոլ Շերզինգերին, իսկ Սեբաստիան Ֆետելը կարծես անարգել մոտենում է աշխարհի չեմպիոնի չորրորդ տիտղոսին։  Փաստ է, որ Red Bull-ն ավելի վատ չի աշխատելու հաջորդ 10 Գրան Պրիներում, իսկ ահա Ferrari-ն պետք է հասկանա, թե ի՞նչ տեղի ունեցավ Հունգարորինգում, որ Ալոնսոյի ցույց տված լավագույն ցուցանիշը դարձավ 5-րդ տեղը։

Ստեֆանո Դոմենիկալին ենթադրում է, որ պատճառը Pirelli-ի անվադողերն են։ «Դժվարությունները, հնարավոր է, կապված են անվադողերի կառուցվածքի հետ, բայց մենք դրանցով պետք է աշխատենք մինչեւ աշխարհի առաջնության ավարտը»,- ասել է նա։ Ferrari-ի խնդիրները սրվում են նաեւ այն պատճառով, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում թիմը ոչինչ չի կարող անել բոլիդի հետ։ Ըստ կանոնակարգի, աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերի կենտրոնակայաններն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է փակվեն եւ ոչ մի աշխատանք չպետք է տարվի բոլիդների հետ։ Հունգարիայի Գրան Պրիից հետո Ալոնսոն Ֆետելից հետ է 39 միավոր։ Սպա Ֆրանկորշամում Ferrari-ի հնարավորությունները լավագույնը չեն. վերջին անգամ Մարանելոյի թիմն այստեղ հաղթել է 2008-ին։

Ալոնսոն դեռ հույսը չի կորցնում, սակայն կուլիսներում խոսում են այն մասին, որ նրա գործակալն արդեն հանդիպել է Red Bull-ի ղեկավարության հետ։ Բացառված չէ, որ հենց Ֆերնանդոն զբաղեցնի ավստրալացի Մարկ Վեբերի տեղը, որն այս առաջնությունից հետո լքելու է Ֆորմուլա 1-ը՝ հանդես գալով Porsche-ի թիմում Լե Մանի նախատիպային առաջնությունում։ Մեկնաբանները ենթադրում են, որ Ֆերնանդոն արդեն հոգնել է աշխարհի չեմպիոնի երրորդ տիտղոսին սպասելուց, նրան նոր մարտահրավեր է անհրաժեշտ՝ հանձին Red Bull-ի, որը անպարտելի էր նախորդ երեք առաջնություններում եւ առայժմ առաջինն է այս տարվա առաջնության եւ անհատական, եւ թիմային հաշվարկներում։ Հունիսի 28-ին Ալոնսոյի մենեջեր Լուիս Գարսիա Աբադան Հունգարորինգում այցելել է Red Bull-ի շարժիչակայան։ Red Bull Racing-ի տնօրեն Կրիստիան Հորները չի հերքել, որ որոշ հետաքրքրություն կա Ալոնսոյի նկատմամբ. «Շատերն են մեր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերում»։ Կրակի վրա յուղ է լցրել նաեւ Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ, BBC-ի մարզական մեկնաբան Դեյվիդ Կուլտհարդը, որն Ալոնսոյին կոչ է արել տեղափոխվել Red Bull։ «Red Bull-ի ղեկին յուրաքնաչյուր ավտոարշավորդ դառնում է ուժեղ»,- իտալական TG1 հեռուստաընկերությանը մի քանի օր առաջ ասել է Ferrari-ի առաջին համարը՝ չմեկնաբանելով Red Bull տեղափոխվելու մասին խոսակցությունները։ Փոխարենը նա փորձել է «կծել» աշխարհի չեմպիոնի 4-րդ տիտղոսին «շտապող» Սեբաստիան Ֆետելին. «Մրցակցության տեսակետից հետաքրքիր կլիներ, եթե Ֆետելը տեղափոխվեր Ferrari, ինքն ինձ համար հետաքրքիր կողմնորոշիչ կլիներ»։ Գերմանական Auto Bild Motorsport թերթին տված հարցազրույցում Ալոնսոն ավելի հեռու է գնացել Ֆետելին մրցուղուց դուրս «ոչնչացնելու» հարցում։ Նա ասել է, որ իր հիմնական մրցակիցը ոչ թե գերմանացի մրցարշավորդն է, այլ՝ Red Bull-ի տեխնիկական դեպարտամենտի տնօրեն Էդրիան Նյուին, «այնքան արագ են նրա ստեղծած բոլիդները»։

Ի դեպ, հենց Դեյվիդ Կուլտհարդն էր հուլիսի սկզբին կանխատեսել, որ շուտով Lotus-ը կստվերի Ferrari-ին։ Հունգարորինգում Ferrari-ն ոչնչով չկարողացավ մրցակցել ոչ Lotus-ի, ոչ Red Bull-ի եւ ոչ էլ Mersedes-ի հետ։ Ֆերնանդոն առայժմ դիմադրում է միայնակ, թիմը հենց նրա վրա է արել ամբողջ խաղադրույքը։ Սակայն Red Bull-ին անհրաժեշտ է մեկը, որը հաջորդ տարիներին կխթանի Ֆետելին մնալ նույն բարձրության վրա։ Կուլիսներում խոսում են նաեւ, որ Մարկին կարող է փոխարինել աշխարհի մեկ այլ չեմպիոն՝ Կիմի Ռայկոնենը։ Վերջինս իր տեղափոխության մասին հրաժարվում է խոսել՝ առանց դրա հնարավորությունը հերքելու։ Սակայն Ռայկոնենն արդեն հաստատել է, որ Red Bull-ն իսկապես ցանկանում է իր հետ  պայմանագիր կնքել հաջորդ տարվա համար։ Նա ակնարկել է, որ Red Bull-ի հետ լեզու գտնելու համար էնսթոնյան թիմը պետք է համաձայնվի չսահմանափակել իր ազատությունը։ Իսկ Կիմին ֆինն է եւ որոշ թուլություն ունի թունդ խմիչքների հանդեպ։ Աշխարհի առաջնության պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա փոքր-ինչ հեգնանք է մտցրել Red Bull տեղափոխվելու նախապայմանների մեջ. «Ինձ համար կարեւոր են դետալները»։ Դետալներ ասելով նա, անկասկած, նկատի ունի իր ազատության անձեռնմխելիությունը։

Աշխարհի առաջնությունը հատեց հասարակածը։ Ո՞վ է Red Bull-ին խանգարելու անհատական կամ թիմային հաշվարկում վերցնել 4-րդ անընդմեջ տիտղոսը։ Նրանք միայն ուրվագծվում են, պարզ տեսանելի չեն։ Ալոնսոն հուսահատ է, Ռայկոնենն անկանխատեսելի։ Հեմիլթոնը դեռ պետք է մարսի իր կյանքի լավագույն ընկերուհու՝ Նիկոլի հետ բաժանման ծանրությունը, որի մասին նա հաճախ է խոսում եւ որով էլ բացատրում է երկար ժամանակ հաղթանակ չտանելու փաստը։ Մնաց Red Bull-ցի Մարկ Վեբերը։ Նա չի էլ երազում հաղթելու մասին։ Նրա տրամադրությունները ճամպրուկային են, որոշ իմաստով պատրաստ է դուռը շրխկացնել հենց թիմի երեսին՝ այդպես էլ խնդիրներից զերծ բոլիդ չտրամադրելու համար։ Օգոստոսի 25-ին արագընթաց Սպա Ֆրանկորշամն ինչ-որ իմաստով կտա սրա պատասխանը։

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով