16:50  ,  13 ապրիլի, 2012

Վարդան Մինասյան. Նորայր Մամեդովը շատ լավ տպավորություն թողեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կշարունակի հետեւել հոլանդական «Ցվոլե» ակումբում հանդես եկող Նորայր Մամեդովի խաղին։ Այդ մասին ՀՖՖ մամուլի ծառայությունը տված հարցազրույցում հայտարարել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Օրեր առաջ Վարդան Մինասյանը մեկնել էր Բելգիա, որտեղ մասնակցել է ՈւԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը: Հանդիպման նպատակն էր քննարկել եւ մշակել մարզչական որոկավորումը ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ:
Այնուհետեւ Վարդան Մինասյանը մեկնել էր Հոլանդիա` հետեւելու Հայաստանի ազգային հավաքականի թեքնածու Նորայր Մամեդովի խաղային եւ մարզումային ընթացքին, հանդիպելու եւ զրուցելու Նորայր Մամեդովի հետ: Վերադարձից հետո Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:

Պարոն Մինասյան նախ ՈՒԵՖԱ-ի սեմինարի մասին: Ո՞րն էր նպատակը:

Դա ՈւԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումն էր, որը նպատակ ուներ քննարկել, թե ինչպես պետք է աշխատել մարզիչների որակավորման բարձրացման վրա: Անշուշտ, դրանք օգտակար հանդիպումներ են, քանի որ միշտ սովորելու ինչ որ բան կա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմա շատ լուրջ աշխատում է մեր մարզիչների որակավորման բարձրացման ուղղությամբ: Ինչպես գիտեք ՀՖՖ-ն նաեւ տրամադրում է մարզչական որակավորման լիցենզիաներ, այդ թվում եւ առաջին անգամ pro լիցենզիան, որի դասընթացը կմեկնարկի մայիսի 5-ից, եւ այդ սեմինար-հանդիպումները շատ արդյունավետ են:

Պարոն Մինասյան Դուք հանդիպեցիք նաեւ Հայաստանի ազգային հավաքականի թեքնածու Նորայր Մամեդովի հետ: Գիտեք, որ ֆուտբոլասերները սպասում են նրա խաղին մեր հավաքականում: Ի՞նչ տպավորություններ ստացաք:

Նախ ասեմ, որ ես ցանկանում էի հետեւել Նորայրի խաղային եւ մարզումային ընթացքին եւ հենց այդ նպատակով էի մեկնել Հոլանդիա, բայց, ցավոք Նորայրը չխաղաց եւ ես չկարողացա նրան այդ առումով ուսումնասիրել, բայց ես դիտել եմ Նորայրի մի քանի խաղերի տեսագրությունը եւ կարող եմ ասել, որ Նորայրը լավ ֆուտբոլիստ է: Մենք կշարունակենք հետեւել նրա ելույթներին: Նորայրը կարող է շատ օգտակար լինել ոչ միայն ազգային այլ նաեւ երիտասարդական հավաքականի համար: Ինձ համար առավել կարեւոր էր այն տպավորությունը, որ ստացա Նորայրից որպես մարդ, Հայաստանի համար խաղալու առումով: Գիտեք, ես միշտ ասել եմ, որ հայրենասիրությունը եւ մարդկային որակները շատ կարեւոր են այն մթնոլորտի համար, որ մենք ունենք մեր ազգային հավաքականում եւ ինձ համար հաճելի էր, որ Նորայրը իր մտածողությամբ, իր պատկերացումներով համապատասխանում էր մեր մոտեցումներին:

Պարոն Մինասյան Նորայրը ե՞րբ կկարողանա հանդես գալ Հայաստանի դրոշի տակ:

Գիտեք, բազմիցս նշել ենք, որ Նորայրը խնդիր ունի ազգանվան հետ կապված եւ ինքը դիմել է Հոլանդիայի համապատասխան մարմիններին այդ խնդրով: Այդ փոփոխման գործընթացը սկսվել է, բայց հոլանդական օրենքներով դա տեւում է մոտ 20 շաբաթ: Դրանից հետո միայն կարող ենք Նորայրի Հայաստան գալու մասին խոսել: Մենք պիտի ընդառաջենք նրա ցանկությանը եւ սպասենք, որից հետո Նորայրը հնարավորություն կստանա հանդես գալ Հայաստանի ազգային կամ երիտասարդական հավաքականներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում