08:13  ,  13 ապրիլի, 2012

Դավիթ Խիթարյան. Անպայման հաղթելու խնդիր չէր դրվել

Ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի կազմում մինչեւ 60 կգ քաշային կարգում Արսեն Թովմասյանը զբաղեցրերց երկրորդ տեղը, նույն արդյունքին հասավ  55 կգ քաշային կարգում Գարիկ Հարությունյանը, իսկ 66կգ քաշային կարգում` Դավիթ Ղազարյանը: Աղջիկների մրցումներում Երջանիկ Կարապետյանը 48 կգ քաշային կարգում հինգերորդն էր:

Երիտասարդական հավաքականի արդյունքները NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Պարոն Խիթարյան, Հայաստանի երիտասարդական հավաքականը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցեց Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Ի՞նչ կասեք մեր մարզիկների ելույթների մասին:

Արդյունքները մեր մարզաձեւում  պետք է գնահատել տվյալ պահի դրությամբ, քանի որ յուրաքանչյուր մրցաշար ունի իր նշանակությունը: Միջազգային մրցումները առաջին հերթին փորձ ձեռք բերելու հնարավորություն են տալիս մարզիկներին, միեւնույն ժամանակ  գործի մեջ տեսնում ենք բացթողումները ու հետագայում աշխատում շտկելու վրա: Այս պահի դրությամբ մեր երիտասարդների ելույթները բավարար էին: Մեր թիմի առաջին մեկնարկն էր այս մրցաշրջանում: Ուսումնամարզական հավաքների միջոցով արվել էր ամեն ինչ արդյունքների հասնելու համար, եւ  քանի որ առաջին մրցաշարն էր, մենք հասկացանք, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսված պլանի: Ճիշտն ասած մտածում էինք, որ ավելի լավ արդյունքների էինք հասնելու: Մասնավորապես 60 կգ քաշային կարգում Արսեն Թովմասյանը եզրափակիչում հաղթում էր մրցակցին վազարի եւ յուկո միավորների առավելությամբ, բայց գոտեմարտի ավարտից 30  վայրկյան առաջ պարտվեց: Գարիկ Հարությունյանը անցյալ տարի նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, բայց այս անգամ զբաղեցրեց երրորդ տեղը: Երջանիկ Կարապետյանը անցյալ տարվա այս մրցումներում չեմպիոնն էր, այս անգամ հինգերորդ տեղում հայտնվեց:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ մեր մարզիկների արդյունքներում որոշակի նահանջ է նկատվել:

Այս տարի մեր առաջին մրցաշարն էր եւ բնականաբար դեռեւս լավ մարզավիճակի մասին չենք կարող խոսել: Մրցաշարի մեկնարկից առաջ մեր թիմը ուսումնամարզական  ծանրաբեռնված հավաք էր անցկացրել ֆիզիկական պատրաստականությունը բարելավելու համար, եւ մենք խնդիր էլ չէինք դրել մարզիկների առջեւ անպայման հաղթել: Մյուս կողմից էլ այս անգամ մրցաշարը բավականին ուժեղ կազմ էր հավաքել ու մեր հիմնական մրցակիցները յուրաքանչյուր քաշային կարգերում ներկայացված էին 4-5 մարզիկներով:

Այսինքն, Եվրոպայի գավաթի խաղարկությունում յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր քաշային կարգում կարող է հայտավորել մի քանի մարզիկների:

Այո, այս կարգի մրցումներում թույլատրվում է հանդես գալ, ինչ-որ տեղ կարելի է ասել, մինի հավաքականով: Բայց անկախ արդյունքներից մեզ համար շատ կարեւոր մրցաշար էր եւ մեր բոլոր մարզիկներն էլ գոտեմարտեցին, զգացին մրցումային տրամադրությունը: Առջեւում մենք նման եւս մեկ մրցաշարի ենք մասնակցելու Սանկտ Պետերբուրգում, իսկ մինչ այդ ուսումնամարզական հավաք կանցկացնենք: Հուսով ենք, որ մեր մարզիկները սեպտեմբերին Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը արդեն կմոտենան լավ մարզավիճակում:

Պարոն Խիթարյան, Սալոնիկում դուք էլ եք մասնակցել մրցումներին` սպասարկելով գոտեմարտերը որպես մրցավար: Իսկ Օլիմպիական խաղեր ե՞րբ եք սպասարկելու:

Մրցավարների համար էլ վարկանիշ է հարկավոր: Ես դեռեւս նոր եմ ստացել մրցավարական բարձր կարգը եւ մրցաշարեր սպասարկելով վարկանիշ արդեն կունենամ: Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ սպասարկելուց հետո նոր արդեն կկարողանամ սպասարկել Օլիմպիական խաղերը:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս