10:04  ,  12 ապրիլի, 2012

Դավիթ Զաքարյանը` 130 տարվա մեջ Օքսֆորդի համալսարանի առաջին հայ լավագույն շախմատիստ. հարցազրույց

Դարեր շարունակ Անգլիայում Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանները մրցակցում են տարբեր ոլորտերում: Բացառություն չէ նաեւ սպորտը: Ամեն տարի անցկացվում են տարբեր մարզաձեւերի մրցումներ երկու համալսարանների ներկայացուցիչների միջեւ:  

130-րդ շախմատային մրցախաղը կայացել է լոնդոնյան Pall Mall փողոցում գտնվող Թագավորական ավտոակումբում (Royal Automobile Club): Արդեն յոթ տարի շախմատային մրցաշարի հովանավորը գործարար Հենրի Մուտկինն է:

Դավիթ Զաքարյանն առաջին հայ շախմատիստն է, որն այս ավելի քան հարյուրամյա դիմակայության ընթացքում Օքսֆորդի համալսարանի թիմի կազմում մասնակցել է մրցախաղին: NEWS. am Sport-ի թղթակիցը զրուցել է Դավիթ Զաքարյանի հետ:

Դավիթ ի՞նչ մրցակարգով է անցկացվում մրցախաղը:

Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է ութ մասնակից` համալսարանների ուսանող կամ դասախոս: Նրանք հիմնականում պրոֆեսիոնալ շախմատիստներ չեն: Դասական պարտիան տեւում է յոթ ժամ: Յուրաքանչյուր շախմատիստ մեկ պարտիա է խաղում:

Մրցաշարը չափազանց հայտնի է: Անգլիայի բազմաթիվ հռչակավոր գրոսմայստերներ են գալիս հետեւելու ընթացքին: Դիմակայության պատմության մեջ 53 անգամ հաղթել է Օքսֆորդի թիմը, 57 անգամ` Քեմբրիջինը, 20 հանդիպում ավարտվել է ոչ ոքի:

Դուք ինչպե՞ս հայտնվեցիք մրցաշարի մասնակիցների մեջ:

Ես Հայաստանից հեռացել եմ 2000 թվականին, ապրել եմ Հունաստանում, այդ երկրի քաղաքացի եմ: Մասնակցել եմ բազմաթիվ շախմատային մրցաշարերի եւ ներկայացնում եմ Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Օքսֆորդի համալսարանի հրավերով երկու տարի առաջ ընտանիքով տեղափոխվել եմ Անգլիա: Աշխատում եմ «Կանայք միջնադարյան Հայաստանում» դոկտորական դիսերտացիայի վրա:

Միաժամանակ «Օքսֆորդ» պրոֆեսիոնալ շախմատային թիմի անդամ եմ: Թիմը եւս 15 ակումբների հետ հանդես է գալիս Անլիայի առաջնության Բարձրագույն խմբում:

Ի՞նչ հաջողություններ ունեք համալսարանների շախմատային դիմակայություններում:

Արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում այս մրցաշարին: Երկու տարի է հաղթում է մեր թիմը: Իմ երկու պարտիաներն էլ ես ավարտել եմ հաղթանակով: Երկու տարի անընդմեջ արժանանում եմ լավագույն պարտիայի համար նախատեսված «Ադամանդե գաղափար» (Brilliant idea cup) մրցանակին եւ լավագույն շախմատիստի մրցանակին:

Այս մրցաշարում եւս ներկայացնում եմ Հայաստանն ու Հայաստանի շախմատային ֆեդերացիան եւ հպարտ եմ, որ հայկական հետք եմ թողնում «Օքսֆորդի» պատմության մեջ:

Զրուցեց Պարույր Սինյավսկին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով