14:52  ,  1 հուլիսի, 2013

Սիլվերսթոունում՝ ջունգլիների օրենքով

Մեծ Բրիտանիայի Գրան Պրին Ֆորմուլա 1-ի սիրահարների համար իսկական թրիլեր էր: Pirelli-ի անվադողերն արեցին առավելագույնը դրա համար: Այս տարվա մեջ առաջին անգամ հնարավոր էր շունչը պահած հետեւել, թե ի վերջո որ բոլիդի հետ ինչ է տեղի ունենում:  Pirelli-ն Սիլվերսթոուն էր բերել Medium (կիսակոշտ) եւ Hard (կոշտ) տիպի անվադողերը, որոնք բաղադրությամբ տարբերվում էին անցած տարվա Medium-ից եւ Hard-ից: Նախ՝ ընթացքից պայթեց 1-ին տեղից Medium-ով մեկնարկած Mersedes-ցի Լյուիս Հեմիլթոնի բոլիդի հետնամասի աջ անվադողը: Պիտ կանգառից վերադառնալուց հետո բրիտանացի աշխարհի նախկին չեմպիոնը հայտնվեց վերջին տեղում: Բնականաբար Medium-ը փոխարինեց Hard-ով: Հետո 10-րդ շրջանին պայթեց Ferrari-ի երկրորդ համարի՝ Ֆելիպե Մասայի բոլիդի հետնամասի աջ անվադողը: Նա նույնպես երեք անիվով գնաց չորրորդի ետեւից: Կրկին վերադարձավ Hard-ով: Բոլոր այդ անվադողերը պայթում էին մրցուղու հինգերորդ շրջադարձից դուրս եկող ուղղահայացի վրա: Toro Rosso-ի ներկայացուցիչ Ժան Էրիկ Վեռնի բոլիդի հետնամասի աջ անվադողը պայթեց 15-րդ շրջադարձին: Մրցարշավից հետո երկրորդ տեղը գրաված Red Bull-ցի Մարկ Վեբերը, որը հայտարարել է այս մրցաշրջանի վերջին Ֆորմուլա 1-ում կարիերան ավարտելու մասին, ասաց, որ անվադողերի այս պայթյունները նման էին ռուսական ռուլետկայի, «չգիտեիր, թե հաջորդն ում հերթն է»: Red Bull-ի մարզական տնօրեն Կրիստիան Հորները լրագրողներին ասաց, որ 8-րդ շրջանին անվադողերի պայթյունից հետո հատկապես Հեմիլթոնի ետ մղվելուց հետո առաջատար դարձած Սեբաստիան Ֆետելին ինքը խնդրեց զգույշ լինել հատկապես մրցուղու հինգերորդ շրջադարձից դուրս եկող ուղղահայացի նկատմամբ, «անվադողերն այնտեղ պայթում են ինչ-որ հրաշքով»:

Սակայն այս պայթյունները ծաղիկներն էին այն իրադարձությունների համեմատ, որոնք տեղի էին ունենալու հետո: 41-րդ շրջանին մեկնարկային գծի մոտ հանկարծ կանգ առավ աշխարհի եռակի եւ գործող չեմպիոն, այս մրցաշրջանի եւ Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակի խաղարկության գործող առաջատար, Red Bull-ի փառք ու պարծանք Սեբաստիան Ֆետելի RB9-ը: Եվ հանկարծ Սիլվերսթոունի մրցուղին նմանվեց մի իսկական ջունգլիի: Ֆետելը դարձավ մի զոհ, որի մսի վրա հավաքվեցին բոլոր «գիշատիչները», որոնք փորձում էին ինչ-որ կտոր փախցնել նրա «մսից»: Միանգամից առաջ մղվեցին աշխարհի չեմպիոնի կոչման բոլոր հավակնորդները՝ Նիկո Ռոսբերգը, Կիմի Ռայկոնենը, Ֆերնանդո Ալոնսոն, Մարկ Վեբերը եւ Լյուիս Հեմիլթոնը: Բոլորն իրենց հասանելիք միավորները փախցրին շնորհիվ RB9-ի փոխանցատուփի խափանման: Սա չլսված բան էր Red Bull-ի համար: Ժամանակակից Ֆորմուլա 1-ում Էդրիան Նյուին ստեղծել է ամենահուսալի բոլիդը: Անցյալ մրցաշրջանում RB8-ը լավագույնը չէր Red Bull-ի պատմության մեջ, բայց նախանձելի հուսալի էր: Այն երկու անգամ խափանվեց 2012-ի աշխարհի առաջնության ընթացքում՝ Վալենսիայում եւ Մոնցայում: Ընդ որում Վալենսայում նա մեկնարկել էր 1-ին տեղից, իսկ Մոնցայում՝ 6-րդ: Ի դեպ, միայն Մալազիայում Սեբը եզրագիծը հատելով՝ ոչ մի միավոր չվաստակեց: Այս տարվա 8 մրցերթից հետո գերմանացին միայն Սիլվերսթոունը ձախողեց, ընդ որում բոլոր առումներով Սեբի գործերն այս տարի ավելի լավ են ընթանում, քան անցյալ տարի: 2012-ին Սիլվերսթոունից հետո Ֆետելը ընդհանուր հաշվարկով միայն 3-րդ տեղում էր՝ առաջատար Ֆերնանդո Ալոնսոյին զիջելով 29 միավոր, այս տարի չնայած որ անգլիական մրցուղում Սեբն այդպես էլ եզրային դրոշակը չտեսավ, նա մրցաշարի առաջատարն է՝ երկրորդ տեղում ընթացող Ալոնսոյին գերազանցելով 21 միավորով:

Ընդամենը մեկ շաբաթից տեղի կունենա Գերմանիայի Մեծ խաղարկությունը: Ֆետելն անհամբեր է սպասում սեփական «խաղադաշտի» պայքարին: Ալոնսոյին Նյուրբուրգռինգն անհրաժեշտ է հասկանալու համար, թե իսկապե՞ս F138-ին չի հերիքում արագությունը, ինչն այնքան զգացվեց Սիլվերսթոունում: Ի դեպ, գործող արշավորդներից Ալոնսոն միակն է, որ Նյուրբուրգռինգում հաղթել է երկու անգամ: Կիմի Ռայկոնենն այստեղ փայլել է հատկապես որակավորման մրցումներում, նա երկու անգամ մրցերթն սկսել է առաջին տեղից: Վերջին երեք Գրան պրիներում Կիմին շատ միավորներ կորցրեց, այժմ նա աղոթում է միայն հաջողության Աստծուն: Վերջին երեք դեպքերում էլ նա ձախողվեց հատկապես մարտավարական պայքարում, ավելի շատ թիմային սխալների պատճառով, հիմա նա կլինի ավելի ագրեսիվ ու կամակոր, պակաս վերահսկելի թիմի համար: Չնայած դրան Lotus-ը հազիվ թե ճնշում գործադրի Ռայկոնենի վրա, նրան իր մոտ է ուզում տեսնել Red Bull-ը Մարկ Վեբերի հեռանալուց հետո: Հորներն արդեն հայտարարել է, որ շատ կուզենար Կիմիին տեսնել իր թիմում: Բրիտանական William Hill բուքմեյքերական ընկերությունը մյուս տարի Ռայկոնենի Red Bull տեղափոխվելու գործակիցը գնահատել է 1,44 գործակցով: Եվս երկուսի՝ Toro Rosso-ի մրցարշավորդներ  Դանիել Ռիկարդոյի եւ Ժան Էրիկ Վեռնի գործակիցները հավասարապես գնահատվում են 5,50 գործակցով:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում