19:53  ,  10 ապրիլի, 2012

Չեմպիոնական տիտղոսի հույսով

Ապրիլի 26-ին Չելյաբինսկում մեկնարկելիք ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը Արմեն Նազարյանն է։

2005թ. Եվրոպայի առաջնությունում հայ ձյուդոիստը նվաճեց չեմպիոնական տիտղոսը, 2006 թվականին դարձավ փոխչեմպիոն, եւս եկու անգամ նվաճեց բրոնզե մեդալ: 66 կգ քաշային Արմեն Նազարյանը պաշտոնապես դեռ օլիմպիական ուղեգիր չի ստացել, սակայն օլիմպիական վարկանիշային աղյուսակում նա գործնականում ապահովել է տեղը Լոնդոնի Խաղերի մասնակիցների թվում։ Եվրոպայի առաջնությունը գործանակում դառնում է վերջին լուրջ փորձամրցումը Օլիմպիական խաղերից առաջ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 66 կգ քաշային կարգում Հայաստանի առաջատար ձյուդոիստը նշեց, որ Եվրոպայի առաջնությունում դժվար է լինելու բոլորի համար, սակայն իր քաշային կարգում կանի հնարավորը, որպեսզի ամենադժվարը լինի իր մրցակիցների համար։

«Մրցաշարային լարվածությամբ Օլիմպիական խաղերը տարբերվում են մյուսներից, բայց երբ դուրս ես գալիս տատամի, արդեն տարբերությույն չկա, թե ինչ մրցումների ես մասնակցում, կարեւորը հաղթելն է: Եվրոպայի առաջնությունը հեղինակավոր մրցումների շարքին է դասվում եւ այստեղ հաղթելը հեշտ չէ, սակայն վստահ եղեք, որ ոչ միայն ես, այլ նաեւ մեր հավաքականի մյուս մարզիկները հաջողության հասնելու համար ուժ ու եռանդ չենք խնայելու: Նման կարգի մրցումներում թույլ կամ հարմար մրցակիցներ չկան: Բոլորն էլ պատրաստված դուրս են գալիս տատամի իրենց հաջողությունն ապահովելու համար: Դժվար է լինելու բոլորի համար, ես կաշխատեմ, որ իմ քաշային կարգում ամենադժվարը լինի իմ մրցակիցների համար: Կարեւորը` խուսափենք վնասվածքներից, որպեսզի լավ մազավիճակում մոտենանք նաեւ Օլիմպիական խաղերին»,- նշեց Արմեն Նազարյանը:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում