23:31  ,  27 մայիսի, 2013

Mersedes AMG-ն հաղթում է որակազրկման սպառնալիքի տակ

Նիկո Ռոսբերգը Մոնակոյի նոր «արքան» է: Դա սակայն նրան թույլ չի տա պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար մի քանի պատճառներով:

Նախ Ֆորմուլա 1-ում հասունանում է սկանդալ, որը սպառնում է «Մերսեդես AMG»-ին եւ անվադողերի միակ մատակարար Pirelli-ին: Բանն այն է, որ մայիսի սկզբին Pirelli-ն դիմել էր Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիային (ԱՄՖ) եւ խնդրել, որպեսզի առաջիկա մրցուղիների եւ հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված նոր անվադողերի փորձարկման համար տրամադրվի Ֆորմուլա 1-ի բոլիդներից ու ավտոարշավորդներից մեկը:  Pirelli-ի հետ ԱՄՖ-ի պայմանագիրը ենթադրում է այդպիսի թեստեր, բայց դրանց պետք է մասնակցեն բոլոր բոլիդները տարբեր փուլերում: Մայիսի 13-ին հայտնի է դառնում, որ Իսպանիայի Մեծ Մրցանակի խաղարկությունից անմիջապես հետո «Մերսեդես AMG»-ն մասնակցել է Pirelli-ի անվադողերի փորձարկման մասնավոր թեստերին, որոնց իր վերջնական համաձայնությունը չի տվել ԱՄՖ-ը: Red Bull-ը եւ Ferrari-ին արդեն դիմել են ԱՄՖ-ին խնդրելով հետաքննել «Մերսեդես AMG»-ի մասնակցությամբ Pirelli-ի անվադողերի փորձարկման օրինականությունը: Red Bull-ը եւ Ferrari-ն ենթադրել են, որ այդ մասնավոր թեստերը «Մերսեդես AMG»-ին տեխնիկական առավելություն են տվել մյուս բոլիդների հետ պայքարում:

Չմոռանանք, որ բոլոր թիմերի ղեկավարները հատկապես շեշտում են, որ այս մրցաշրջանը նախ եւ առաջ անվադողերի հետ ճիշտ աշխատանքի մրցաշրջան է: ԱՄՖ-ն արդեն հետաքննում է «Մերսեդես AMG»-ի եւ Pirelli-ի գործը եւ լավագույն դեպքում երկուսն էլ կտուգանվեն հարյուր միլիոն դոլարով, վատագույն դեպքում Pirelli-ն կզրկվի բոլիդներին անվադողերով սպասարկելուց, որն արդեն երեք տարի նրա մենաշնորհն է, իսկ «Մերսեդես AMG»-ն կզրկվի 2013-ի մրցաշրջանը շարունակելուց, ներառյալ ձեռք բերած թիմային եւ անհատական բոլոր միավորների չեղյալ համարումը: ԱՄՖ-ն արդեն ակնարկել է, որ դժգոհ է «Մերսեդես AMG»-ի եւ Pirelli-ի իր հետ չմանրամասնած «համագործակցությունից», ինչից հետեւում է, որ պատժամիջոցներն անխուսափելի են: Հարցն այն է, թե հատկապես ինչ պատժամիջոցներ կկիրառվեն: Սակայն հնարավոր չէ նաեւ չխոստովանել, որ վերջին չորս Գրան Պրիների որակավորման փուլերը դեռ այս անվադողային սկանդալից առաջ էլ հաղթել է հենց «Մերսեդես AMG»-ն, այնպես որ ըստ էության պարզ չէ, թե հատկապես ինչից են Red Bull-ը եւ Ferrari-ն ենթադրել, որ այդ թիմը տեխնիկական առավելություն է ձեռք բերել՝ թեստերին մասնակցելով: Հնարավոր է, որ նրանք փորձում են կանխել «Մերսեդես AMG»-ի հետագա առավելությունը գոնե շաբաթօրյա որակավորման մրցումներում:

Հնարավոր չէ չասել նաեւ, որ այս գերմանական բոլիդը, որը ղեկավարում է Ferrari-իի պատմության ոսկե էջերի «համահեղինակ» Ռոս Բրաունը, Մոնակոյից բացի (սա առանձին թեմա է եւ կրկին կապ չունի Pirelli-ի եւ թիմի համագործակցության հետ) երբեք էլ չի կարողացել օգտվել շաբաթօրյա «իշխանությունից»: Չինաստանում շաբաթ օրվա որակավորման մրցումների հաղթողը «մերսեդեսցի» Լյուիս Հեմիլթոնն էր, կիրակի օրը նա գրավեց երրորդ տեղը եւ հայտարարեց, որ մրցուղում անվադողերը մի կերպ «հերիքեցին», որպեսզի դիմադրի թիկունքից եկող «Red Bull-ցի» Սեբաստիան Ֆետելին: Թիմակից Նիկո Ռոսբերգը Չինաստանում ընդհանրապես չտեսավ վանդակավոր դրոշը: Բահրեյնում Նիկո Ռոսբերգը մեկնարկեց առաջին տեղից: Եվ եզրագիծը հատեց 9-րդը: «Անվադողերն արագ էին մաշվում»,- եզրագիծը հատելուց հետո դժգոհեց նա: Բարսելոնայում Ռոսբերգը կրկին մեկնարկեց առաջին տեղից: 13-րդ շրջանին առաջին պիտ կանգառից հետո Ռոսբերգն առաջատարի դիրքերը զիջեց Ալոնսոյին, եւ մրցումն ավարտեց 6-րդ տեղում: Որոշ ժամանակ հետո հայտարարեց, թե իմաստ չուներ առաջատարի դիրքերը պահպանել՝ անվադողերն անխնա օգտագործելով:

Մոնակոյում Ռոսբերգը հաղթեց, որովհետեւ այստեղ վազանցը 90 տոկոսով անհնար բան է, Մոնակոյում դա հաջողվեց մեքսիկացի «մաքլարենիստ» Սերխիո Պերեսին, որի գլխին հենց իր ոչ կոռեկտ վազանցների պատճառով սեւ ամպեր են կուտակվել մրցակիցների մասով (Ռայկոնենը Մոնակոյից հետո ասաց, որ Պերեսին ինչ-որ բան բացատրելն անիմաստ է, կարելի է դա անել միայն բռունցքներով) եւ Force India-ն ամբողջ կազմով: Մոնակոյում անկրկնելի էին Ադրիան Սուտիլը եւ Պոլ Դի Ռեստան: Առաջինը թանկարժեք միավորներ խլեց աշխարհի չեմպիոններ Ջենսոն Բատոնից եւ Ֆերնանդո Ալոնսոյից, իսկ երկրորդը, 12-րդ տեղից մեկնարկելով, հաջողացրեց եզրագիծը հատել 9-րդը՝ հետ թողնելով աշխարհի չեմպիոն Կիմի Ռայկոնենին:

Ընդամենը երկու շաբաթից սպասվում է Կանադայի Գրան Պրին: Ժիլ Վիլնյովի անվան մրցուղին պահանջկոտ է անվադողերի համար, այն ինչ-որ իմաստով հիշեցնում է իտալական Մոնցան բոլիդների համար ցածր սեղմման ուժի պատճառով, սակայն այստեղ շատ են շրջադարձերը եւ չափազանց կարճ է DRS-ի գոտին: 

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս