11:22  ,  27 մայիսի, 2013

Լուչեսկու. Վստահ եմ՝ Մխիթարյանի դիրքում յուրաքանչյուրն էլ փոխանցում կկատարեր

Գլխավորն այն է, որ թիմն աճում է եւ դառնում է ավելի ուժեղ, ամփոփել է մրցաշրջանը Ուկրաինայի  նորընծա չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, հաղորդում է ակումբի կայքը:

Ուկրաինայի առաջնության վերջին տուրում «Շախտյորը» 4:0 հաշվով առավելության հասավ Դոնեցկի «Մետալուրգի» նկատմամբ:

«Երկար ենք մենք եկել այս նվաճմանը: Այս տարիների ընթացքում շատ խաղացողներ են փոխվել: Ոմանք գնացին, մյուսներն աճեցին եւ սկսեցին խաղալ հիմնական կազմում: Բոլորն էլ մասնակից են չեմպիոնությանն ու գավաթի նվաճմանը: Որեւէ ֆուտբոլիստի բացակայություն չի զգացվում խաղադաշտում: Մենք կառուցել ենք լավ թիմ, որի խաղացողները ոչ միայն ընկերներ են, այլ նաեւ եղբայրներ են: Դա շատ կարեւոր է ֆուտբոլում: Դուք տեսաք, թե ինչպես իրեն դրսեւորեց Հենրիխ Մխիթարյանը, որը կարող էր մեկ մրցաշրջանի ընթացքում գոլերի քանակով հավասարվել Ստարուխինին, սակայն նա փոխանցում կատարեց Էդուարդոյին, որը գրավեց դատարկ դարպասը: Վստահ եմ, որ Մխիթարյանի դիրքում յուրաքանչյուրն էլ փոխանցում կկատարեր եւ չէր փորձի հարվածել դարպասին: Ամենագլխավորը ընդհանուր թիմային տրամադրվածությունն է եւ ֆուտբոլիստների հարգանքը միմյանց նկատմամբ: Հենց դա է մեզ տանում նոր նվաճումների, գումարած մեր տղաների տաղանդը, վերաբերմունքը մասնագիտությանը, հաղթելու ձգտումը եւ տիտղոս նվաճելու ցանկությունը»,- ասել է Միրչա Լուչեսկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում