16:19  ,  19 մայիսի, 2013

«Մետալուրգ» - «Շախտյոր»՝ 3:3

Ուկրաինական Պրեմյեր լիգայի նախավերջին՝ 29-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի խաղադաշտում 3:3 հաշվով ավարտեց խաղը հետնապահ Զապորոժյեի «Մետալուրգի» հետ, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Առաջին դիվիզիոնում:

Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց դաշտի տերերի սերբ կիսապաշտպան Միլոշ Յոկիչը: 33-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Իսմաիլին հավասարեցրեց հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը «Շախտյորի» կազմում:

Ընդմիջումից հետո Միրչա Լուչեսկուի թիմը բացահայտ առավելություն ուներ եւ երկրորդ խաղակեսի սկզբնամասում մի քանի իրական գոլային պահեր բաց թողեց, ինչի համար պատժվեց 62-րդ րոպեին: Բրազիլացի հարձկավող Ժունիորը դարձյալ առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 7 րոպե անց ուկրաինացի կիսապաշտպան Եվգենի Պսիոցկին խփեց «Մետալուրգի» երրորդ գնդակը: Հյուրերը շարունակում էին գրոհել, իսկ Զապորոժյեի թիմը պաշտպանվում էր ամբողջ կազմով: Թվում էր, թե «Շախտյորը» երկրորդ պարտությունը կկրի Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում, սակայն չեմպիոնը խուսափեց պարտությունից: 75-րդ րոպեին «Շախտյորի» հարձակվող Էդուարդոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկած Թայսոնը խփեց հյուրերի երրորդ գնդակը:

Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանած Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը խփել է 24 գոլ եւ վերջին տուրում աչքի ընկնելու դեպքում կթարմացնի սեփական ռեկորդը:

Հետաքրքրիր է, որ Պրեմյեր լիգայի 28 խաղերում Զապորոժյեի «Մետալուրգը» խփել էր ընդամենը 9 գոլ: 

Ուկրաինայի առաջնություն. 29-րդ տուր 

«Մետալուրգ Զ.» - «Շախտյոր»՝ 3:3

Միլոշ Յոկիչ, 14, Ժուիոր Գոդոյ, 62, Եվգենի Պսիոցկի, 69 – Իսմաիլի դես Սանթոս, 33, Էդուարդո, 75, Թայսոն, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ