11:02  ,  13 մայիսի, 2013

Ալոնսոյի «հայրենական արտադրության» հաղթանակը

«Սկսվել է մրցաշարի վճռական փուլը»,- Իսպանիայի Գրան Պրին հաղթելուց հետո հայտարարեց «Ֆերրարիի» մարզական ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին: Ալոնսոն Իսպանիայում ոչ միայն հյուրընկալ էր, այլեւ՝ անխնա: Նա մեկնարկեց 5-րդ տեղից եւ week end-ն ավարտեց առաջին տեղում: Սա Ֆերնանդոյի 3-րդ հաղթանակն էր իսպանական մրցուղում:

Այնուամենայնիվ, հարց է ծագում՝ ինչպե՞ս 5-րդ տեղից մեկնարկած Ալոնսոն կարողացավ շրջանցել իրենից առաջ մենկարկած «լոտուսցի» Կիմի Ռայկոնենին, որը վերջին երկու Գրան Պրիներում գրավել է երկրորդ տեղը, «ռեդբուլցի» աշխարհի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելին, որն արդեն երկու անգամ հաղթել է այս տարի, եւ առաջին երկու տեղերից մեկնարկած «մերսեդեսցիներ» Նիկո Ռոսբերգին եւ Լյուիս Հեմիլտոնին: Տանը պատե՞րն են օգնում: Ըստ իս, տունն այստեղ կապ չունի: Կամ գրեթե կապ չունի: Դոմենիկալեն դեռ շաբաթ օրը ակնարկել էր, որ 5-րդ տեղը «Ֆերրարիի» ամբողջ պոտենցիալը չէ: Այդ պոտենցիալը միայն աէրոդինամիկան չէ, այլ նաեւ կապված է անվադողերի հետ Ալոնսոյի անհատական աշխատանքի հետ: Իսկ անվադողերը վաղուց գործոն են: Ընդհանրապես, Pirelli-ի անվադողերը բավականաչափ հետաքրքիր են դարձրել ժամանակակից Ֆորմուլա 1-ը: Թեպետ դրանցից դժգոհ են գրեթե բոլոր պիլոտները: «Ֆերրարին» իդեալական աշխատեց Pirelli-ի անվադողերի հետ: «Գայլերն» ավելի հաճախ են դժգոհում, որովհետեւ անվադողերը զսպում են գրոհողի նրանց ախորժակը: Կատալոնյան մրցուղին հատկապես 30 աստիճան ու բարձր տաքության պայմաններում գրեթե «պատերազմական» դրություն է հայտարարում Pirelli-ի անվադողերին: Շաբաթ օրն արդեն կանխատեսվում էր, որ յուրաքանչյուր բոլիդ ամենաքիչը 3 անգամ կմտնի պիտ կանգառ անվադողերը փոխելու համար: 

Pirelli-ին Կատալոնիա էր բերել միջին կոշտ՝ medium, եւ կոշտ՝ hard, տիպի անվադողեր: Ընդ որում hard-ը բարեփոխված էր, որովհետեւ արշավորդները հաճախ էին բողոքում նրանից: Pirelli-ի ղեկավար Պոլ Հեմբրին զգուշացրել էր, որ դժվար է լինելու մրցման ժամանակ՝ անվադողերը շատ արագ են մաշվում հիմնականում մրցուղու կողային հարթակների եւ ոչ հարթ ասֆալտի պատճառով: Կատալոնական մրցուղու ասֆալտն առանձին թեմա է, այն նման է ստվարաթղթի, այսինքն, ասֆալտը պարզապես քերում, հղկում է անվադողը: Ասֆալտն այստեղ դավադրություն է, այսինքն, ոչ ոք չգիտի, թե որ պահին այդ «շուշաթուղթն» ինչ կբերի իր անվադողերի գլխին: Մրցուղու զուտ կողային հարթակների ակտիվ միջամտության հետ, որոնք մրցուղու նեղության պատճառով դառնում են ճանապարհի մաս, ասֆալտն «ուտում» է ռետինե անվադողերը: Ամբողջ մրցավազքի ընթացքում այս կամ այն թիմի տեխնիկական անձնակազմն իր արշավորդին խնդրում էր ուշադիր լինել հատկապես բոլիդի հետեւի ձախ անվադողի կամ առջեւի աջ անվադողի նկատմամբ: Ասֆալտն այդ անվադողերի հետ ավելի «ախորժակով» է աշխատում: Ի վերջո, բոլորը չէ, որ մտածում էին վազանցների մասին, քանի որ վազանցներն առանձին ծանրաբեռնվածություն են անվադողերի համար:

Կատալոնիայում գլխավորը լավ մեկնարկն է: Այսինքն, գլխավորը մեկնարկից քո «դիրքը դնելն է»: Այս գործը պատվով կատարեցին երեքը՝ Ալոնսոն, Ֆետելը եւ Ռայկոնենը: Հենց մեկնարկից Ֆետելը «վերցրեց» 2-րդ տեղը, իսկ Ալոնսոն՝ 3-րդ միանգամից վազանցելով Ռայկոնենին եւ Հեմիլթոնին: Այնուհետեւ Ֆետելի անվադողերը շարքից դուրս եկան: Ալոնսոն իր «տան» ասֆալտը լավ գիտեր: Նա միաժամանակ հետեւում էր անվադողերին եւ գրոհում: Մյուս կողմից շաբաթ օրվա որակավորման հերոսները՝ «մերսեդեսցիներ» Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնն ընդհանրապես պատրաստ չէին այսօրվա անվադողերին:

Փոխարենը անվադողերն իրենց ցանկացած «դեմքով» միեւնույն են նյարդերից «զուրկ» Կիմի Ռայկոնենի համար: Երրորդ անգամ անընդմեջ «սառցե» Կիմին գրավեց երկրորդ տեղը: Նա սովորաբար չի քննարկում այն խնդիրները, որոնցից դժգոհում են մնացածը: Նա մեքենա է մեքենայի մեջ: Այս անգամ նույնպես Կիմին, ինչպես Ավստրալիայում մեկ պիտ կանգառ պակաս կատարեց, սակայն դա հերիքեց միայն երկրորդ տեղը գրավելու համար: Ֆետելն իր համար «բացառիկ» արդյունքի հասավ: Մեկնարկելով 3-րդ տեղից, նա գրավեց 4-րդ տեղը: Նման «ծիծաղելի» արդյունքի գերմանացի «ռեակտիվն» այս տարի հասել էր մեկ էլ Ավստրալիայում, որտեղ մեկնարկել էր առաջին տեղից, բայց գրավել 3-րդ տեղը: Եվ, ինչպես Չինաստանում, այստեղ էլ Ֆետելը պոդիում չհասավ: Չնայած կատալոնյան անհաջողությանը, Ֆետելն իր հաշվին գրանցեն թանկարժեք 12 միավոր եւ 89 միավորով շարունակում է մնալ առաջինը: Երկրորդ տեղում 85 միավորով Կիմի Ռայկոնենն է: Բահրեյնի անհաջողությունից հետո, որտեղ Ալոնսոն գրավեց միայն 8-րդ տեղը ընդհանուր սանդղակում նահանջելով 4-րդ հորիզոնական, Ֆերնանդոն վերջապես կարգավորեց իր դիրքերը: Այսօր նա 3-րդ տեղում է անհատական հաշվարկով եւ Ֆետելին զիջում է 17 միավոր: Այսինքն, մեկ Գրան Պրին էլ բավական է, որ նա հասնի եւ անցնի աշխարհի եռակի չեմպիոնին:

Հաջորդը Մոնակոն է՝ ամենագլամուրային Գրան Պրին՝ այստեղ, ինչպես ընդունված է կատակել, գլխավորը մասնակցությունն է, ոչ թե՝ հաղթանակը: Բայց դա արդեն Ֆերնանդո Ալոնսոյի մասին չէ:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում