10:19  ,  15 ապրիլի, 2013

Ալոնսոն միանում է աշխարհի չեմպիոնի համար պայքարին

Չինաստանում Ֆերնանդո Ալոնսոն անհասանելի էր: Շանհայի Գրան Պրիում նա Ֆորմուլա 1-ի իր հաղթանակների թիվը հասցրեց 31-ի: «Ես արագության մեծ ռեզերվ ունեի»,- եզրագիծն առաջինը հատելուց հետո հենց պոդիումի վրա ասաց Ֆերնանդո Ալոնսոն: Նա մեկնարկեց երրորդ տեղից: Առաջինը մեկնարկեց «Մերսեդես» տեղափոխված բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Սակայն նա երկար չկարողացավ պահել առաջատարի դիրքերը: Սկզբից երկրորդ տեղի համար պայքարում Կիմի Ռայկոնենին, այնուհետեւ առաջին տեղի համար պայքարում Հեմիլթոնին վազանցեց «Ֆերարիի» կրակոտ հույսը՝ իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն: Եզրագիծը երրորդը հատած բրիտանացին արդեն մրցանակային հարթակի վրա ասաց, որ իր բախտը բերեց, որ մրցանակային տեղ գրավեց: «Մեզ չէր հերիքում արագությունը»,- ասաց Լյուիս Հեմիլթոնը: Նրա թիմային ղեկավար Ռոս Բրաունը հետագայում լրացրեց. «Մենք ձգտում էինք ամեն շրջան ընթանալ հավասար արագությամբ, որպեսզի չմաշենք անվադողերը»:

Pirelli-ն Շանհայ էր բերել soft (փափուկ) եւ medium (միջին կոշտ) տիպի անվադողեր: Ինչպես պարզվեց արդեն ուրբաթ օրը, երբ արշավորդները ծանոթանում էին տվյալ մրցուղում բոլիդի հնարավորություններին, soft-ը Շանհայի ասֆալտի համար չափազանց փափուկ է, 6-8 շրջան հետո քայքայվում են: Իսկ Շանհայի մրցուղին 56 շրջան է: Անվադողերի հետ մարտավարական իմաստով ճիշտ աշխատեց աշխարհի եռակի չեմպիոն Սեբաստյան Ֆետելը: Նա չօգտագործված medium-ով մեկնարկեց 9-րդ տեղից եւ ի տարբերություն առաջատարների՝ Ալոնսոյի, Ռայկոնենի եւ Հեմիլթոնի, որոնք որակավորման մրցումներում օգտագործված soft-ով էին դուրս եկել մրցուղի, եւ արդեն 5-6-րդ շրջաններին ստիպված եղան մտնել պիտ-կանգառ soft-երից վերջնականապես ազատվելու համար, Ֆետելը 14 շրջան ընթացավ հրաշալի տեմպով: Առաջին պիտ-կանգառի ժամանակ նա կրկին մրցուղի վերադարձավ կոշտ, թեպետ արդեն ոչ այնքան «յուղը վրան» անվադողերով: Հաջորդ պիտ-կանգառին նա կոշտ անվադողերը փոխեց կրկին օգտագործված կոշտերով: 51-րդ շրջանից հետո Ֆետտելը «հագավ» soft-երն ու շրջան շրջանի հետեւից սկսեց մրցուղու ռեկորդներ գրանցել: Նա մրցուղի վերադարձավ՝ 11 վայրկյան զիջելով երրորդ տեղում ընթացող Հեմիլթոնին: Եզրագծում, թեպետ Հեմիլթոնին զիջեց ընդամենը 0,3 վայրկյան, սակայն զարդարեց Շանհայը՝ հաղթողից ամբողջ 2,6 վայրկյան արագ ընթանալով: Ինչպես ասում են, տեսախցիկները չէին հասցնում որսալ նրան:

Այնուամենայնիվ, ինչո՞վ առանձնացավ Շանհայը: Նախ Մարկ Վեբերի դեմ «Ռեդ Բուլի» դավադրությամբ: «Ռեդ Բուլը» ամբողջությամբ ծառայեցվում է Սեբաստիան Ֆետելին աշխարհի քառակի չեմպիոն դարձնելուն: Ավստրալացի Մարկը սպիտակ ագռավ է «Ռեդ Բուլլում»: Ամեն ինչ սկսվել էր դեռ որակավորման մրցումներում, շաբաթ օրը: Թիմը սխալմամբ, թե դիտավորությամբ քիչ քանակությամբ վառելիքով էր լիցքավորել Մարկ Վեբերի բոլիդը, ինչի պատճառով որակավորման մրցումներում ստյուարդներն ընդհանրապես չեղյալ համարեցին Q1-ում ցույց տված նրա արդյունքը, եւ նա մեկնարկեց պիտ-լայնից: Շնորհիվ դրա, մեքենան դուրս եկավ «փակ պարկի ռեժիմից»: Դա նշանակում է, որ մեխանիկների անձնակազմը մեքենայի հետ կարող էր աշխատել եւ այն առավել մրցունակ եւ «ընկալելի» դարձնել հատկապես Շանհայի համար: Սակայն Վեբերի ձախորդությունը շաբաթ օրով չավարտվեց: Արդեն գլխավոր մրցման օրը, երկրորդ պիտ կանգառից հետո ավարտվում է Վեբերի ելույթը՝ մեխանիկները լավ չէին ամրացրել նրա բոլիդի հետեի աջ անվադողը: Իսկ երեք անվադողով ընդունված չէ մրցել, առավելեւս հաղթել Ֆորմուլա 1-ում: Կանոնակարգն էլ դա թույլ չի տալիս: Ինչեւէ: Դա, այնուամենայնիվ, դժվար թե «Ռեդ Բուլի» հետ Մարկ Վեբերի նոր հակասությունների պատճառ դառնա, ինչպիսիք եղան Սեպանգում, երբ Ֆետելի անձնական որոշումը՝ չլսել թիմային կամուրջից իջեցված ակնարկը առ այն, որ եզրագծից երկու շրջան առաջ թիմակիցը չպետք է գրոհի թիմակցին: Ֆետելը գրոհեց եւ հաղթեց: Հետագայում Ֆետելը ներողություն խնդրեց թիմից հրահանգն արհամարհելու համար, բայց ամբողջ ընթացքում Վեբերի կողմն էլ չնայեց: Այժմ թիմային օղակը սեղմվում է Վեբերի շուրջ, նա կամ կլքի «Ռեդ Բուլը» մրցաշրջանը չավարտած, կամ «Ռեդ Բուլը» կզսպի Սեբաստիան Ֆետելին:

Շանհայի երկրորդ իրադարձությունը Ալոնսոյի հաղթանակն էր: Դա տեղի չէր ունեցել անցյալ տարվա Գերմանիայի Գրան Պրիից հետո: Երրորդ իրադարձությունը Pirelli-ի անվադողերն են: Այս տարին ամբողջությամբ հենց նրանք էլ կթելադրեն թիմերի մարտավարությունն ու ռազմավարությունը: Քիչ է «լինել» «Ֆերարի», պետք է կարողանալ լեզու գտնել Pirelli-ի հետ: Անվադողերի այս տարվա մրցարշավային փիլիսոփայությունը հետեւյալն է՝ որքան էլ հզոր են շարժիչները, որքան էլ հանճարեղ է Էդրիան Նյուին, որքան էլ արագ է «Ֆերարին», նրանց մրցարշավային տեմպը թելադրում է Pirelli-ն: Այս տարվա ամվադողերը նախ վերադարձրեցին պիտ կանգառների աշխուժությունը ամեն մրցուղու համար, ինչին գրեթե ետ էինք վարժվել վերջին երկու տարիներին, մասնավորապես լիցքավորումների չեղյալ համարվելուց հետո:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով