18:50  ,  13 ապրիլի, 2013

«Շախտյորը» հաղթեց, Հենրիխ Մխիթարյանը կրկնեց Ռեբրովի եւ Շացկիխի ռեկորդը

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով առավելության հասավ Լուգանսկի «Զարյայի» նկատմամբ:

Միրչա Լուչեսկուի թիմը բազմաթիվ գոլային պահեր ունեցավ, սակայն միայն խաղի 78-րդ րոպեին բացեց հաշիվը: Դաշտի տերեին առաջ մղեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Կրիվցովը:

89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց «Շախտյորի» առավելությունը՝ դառնալով ռեկորդի հեղինակ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 22-ի՝ կրկնելով մրցաշարի ռմբարկուական ռեկորդը:

Հիշեցնենք, որ ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը պատկանում էր ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ: Առաջնության ավարտին դեռ 6 տուր կա եւ Հենրիխը կարող է նոր ռեկորդ սահմանել:

Այս հաղթանակից հետո «Շախտյորը» հավաքեց 69 միավոր՝ 20 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Խարկովի «Մետալիստին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ուկրաինայի առաջնություն. 24-րդ տուր 

«Շախտյոր» - «Զարյա»՝ 3:0 

Սերգեյ Կրիվցով, 78, Հենրիխ Մխիթարյան, 89, Լուիս Ադրիանո, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով