01:33  ,  8 ապրիլի, 2013

Մխիթարյանի հաշվին դուբլ է գրանցվել. Հենրիխին մեկ գոլ է բաժանում ռեկորդից

Ուկրաինական Պրեմյեր լիգան փոխել է ապրիլի 7-ին կայացած «Դինամոն» Կիեւ - «Շախտյոր» (1:2) խաղի արձանագրությունը եւ դուբլ է գրանցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հաշվին:

Հիշեցնենք, որ Դոնեցկի թիմի առաջին գոլում Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպչել էր «Դինամոյի» բրազիլացի պաշտպան Դանիլո Սիլվայի ոտքին եւ փոխելով ուղղությունը՝ հայտնվել էր կիեւցիների դարպասում: Սիլվայի անվան դիմաց ինքնագոլ էր գրանցվել, սակայն ավելի ուշ որպես այդ գոլի հեղինակ նշվել է Հենրիխ Մխիթարյանի անունը:

Այսպիսով, Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանի խփած գոլերի քանակը հասավ 21-ի, ինչը նշանակում է, որ Հենրիխին ընդամենը մեկ գոլ է բաժանում ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդից: Առաջնության ավարտին մնում է 7 տուր:

Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը պատկանում է ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով