22:24  ,  7 ապրիլի, 2013

Հենրիխ Մխիթարյանը հաղթանակ պարգեւեց «Շախտյորին» Կիեւի «Դինամոյի» հետ խաղում

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի վերջին խաղը կայացավ Կիեւում, որտեղ «Դինամոն» ընդունել էր առաջատար «Շախտյորին»: Հաղթանակի դեպքում կիեւցիները կշրջանցեին Խարկովի «Մետալիստին» եւ կբարձրանային երկրորդ տեղ, սակայն Օլեգ Բլոխինի թիմը միավորներ կորցրեց՝ պարտվելով 1:2 հաշվով:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Դինամոյի» ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն, բայց մինչեւ ընդմիջման գնալը հյուրերը հավասարեցրին հաշիվը: 44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ կիեւցիների բրազիլացի պաշտպան Դանիլո Սիլվայի ոտքին եւ, փոխելով ուղղությունը, հայտնվեց դաշտի տերերի դարպասում: Այս գոլը չգրանցվեց Հենրիխի հաշվին, սակայն նա դեռ չէր ասել իր վերջին խոսքը: 75-րդ րոպեին Մխիթարյանը երկրորդ գնդակն ուղարկեց «Դինամոյի» դարպասը՝ հաղթանակ պարգեւելով «Շախտյորին»:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանն իր գոլերի քանակը հասցրեց 20-ի եւ վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Հենրիխին 2 գոլ է բաժանում ուկրաինական Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների ռմբարկուական ռեկորդից:

«Շախտյորը» 66 միավորով վստահորեն գլխավորում  մրցաշարային աղյուսակը, իսկ «Դինամոն» 47 միավորով երրորդն է:

Ուկրաինայի առաջնություն. 22-րդ տուր 

«Դինամո» – «Շախտյոր»՝ 1:2

Անդրեյ Յարմոլենկո, 10 – Դանիլո Սիլվա, 44 (ինքնագոլ), Հենրիխ Մխիթարյան, 75

Հեռացում՝ Յարոսլավ Ռակիցկի, 90 («Շախտյոր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս