15:37  ,  25 մարտի, 2013

Հայաստանը արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Մոսկվայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի փուլային՝ Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող արցախցի 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը նվաճել է արծաթե մեդալ:

Սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով եւ գլխավոր հաղթողը որոշվում է տարեկան հանրագումարում: Մարտի 23-ին Մոսկվայում կայացավ նաեւ 2012թ. մրցաշրջանի գավաթի փուլերի ամփոփումը, որով Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի Արցախի մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը գրավեց երկրորդ տեղը եւ արժանացավ համապատասխան կարգի մեդալի, դիպլոմի ու դրամական պարգեւի:

Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարում ոսկե մեդալներ նվաճեցին Ռուսաստանը ներկայացնող Արամ Խամայանը, Արսեն Խանջյանը,  Շողիկ Ծատուրյանը, Սուսաննա Միրզոյանը, երկրորդ տեղն զբաղեցրեցին Գայանե Հարությունյանը (Ռուսաստան) եւ Վահե Թութխալյանը (Բելaռուս), իսկ ռուսաստանցի Գալինա Համբարձումյանն արժանացավ բրոնզե պարգեւի:

Մոսկվայում կայացած Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAS-ի, գործկոմի նիստը հաստատել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի՝ գործկոմի անդամի թեկնածությունը, որի ամրագրման հարցը կդրվի այս տարվա մայիսին Իտալիայում կայանալիք FIAS կոնգրեսի օրակարգում, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով