08:40  ,  2 ապրիլի, 2012

Հայաստանում նժույգների խնդիր չկա, միակ խնդիրը մարդկայինն է

Երեւանում եւ մարզերում գործում է ձիասպորտի 10 ակումբներ: NEWS.am Sport-ը կներկայացնի հայկական ձիասպորտի բոլոր ակումբների գործունեությունը:

Երեւանում գործող Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի նժույգներին,  նրանց առօրյային եւ կեցության պայմաններին մեզ ծանոթացրեց Ձիասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Հակոբյանը:

Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարանն ունի տարբեր ցեղատեսակի 35 ձիեր, որոնց մեծ մասը զտարյուն անգլիական ցեղախմբի են: Ձիարշավարանում աչքի են ընկնում մասնավորապես տարիներ առաջ Հայաստան տեղափոխված չորս արաբական ձիերը` Ալ Բադին, Բինտ Էլ Հելուան, Ֆարիդան ու Սուրհանը: Եգիպտական եւ իսպանական ցեղախմբերի այս նժույգները Հայաստանին է նվիրել Շարժայի էմիրության շեյխ, Սուլթան բեն Մուհամմադ ալ Կասիմը:

«Սրանք սովորական ձիեր չեն: Շեյխը այս նվերն արել է իր 60 ձիանոց ախոռից: Նժույգները Երեւան են բերվել օդանավով, ապա բեռնատարներով տեղափոխվել իրենց նոր կացարան` այս ձիարշավարան: Երբ նրանք տեղափոխվեցին Հայաստան, 1-4 տարեկան էին: Նրանց մեջ կան չեմպիոններ: Օրինակ` Ալ Բադին,  2004 թվականի աշխարհի կրկնակի չեմպիոն է, իսկ Ֆարիդան արժանացել է 2003 թվականի եգիպտական մրցաշարի հաղթողի կոչման: Նժույգներից յուրաքանչյուրը մի քանի հարյուր հազար եվրո արժե: Սկզբում փոքրիկ երամակ էր, հիմա մեծացել են, քանի որ նրանցից  երկուսը հղի էին: Նրանց քուռակներին այլեւս արաբ չենք համարում, քանի որ ծնվեցին Հայաստանում: Օրինակ` նրանցից մեկը` Ձյունիկը, (մենք ենք նրան այդպես կոչել իր սպիտակության համար) արդեն Հայաստանի քաղաքացի է, մնում է անձնագրով հաստատվի նրա քաղաքացիությունը»,- նշեց Կարեն Հակոբյանը:

Ձիարշավարանում բոլոր պայմաններն ապահոված են  նժույգների համար, ինչպես նաեւ այս մարզաձեւի սիրահարների եւ ընդհանրապես ձիու սիրահար մարդու համար: Այստեղ նժույգները քեզ «բարեւում» են ձիարշավարանի սրճարանի պատշգամբից: Մրցադաշտը, որտեղ պարբերաբար անցկացվում են մրցաշարեր, Հայաստանի առաջնություններ, տեսանելի է սրճարանում  նստող մարդուն: Այստեղ յուրաքանչյուր օր ինքնուս վարժանքով են զբաղվում ձիարշավարանի նժույգները: Օրինակ` մեր այցելության օրը մրցադաշտում առանց նժույգավարի վարժվում էր Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն վերջերս տեղափոխված նոր` 8-ամյա նժույգը:

Կարեն Հակոբյանի խոսքով, ձիասպորտը սիրված է, զարգանալու համար պայմաններ կան: Օրինակ` բոլոր 35 նժույգներն էլ նախատեսված են մրցաշարերի եւ առաջնությունների համար:

«Ամեն մրցաձեւ ունի իր նժույգը: Ամեն ձի նախատեսված է մի մրցաձեւի համար: Օրինակ արաբական ձին շատ տաքարյուն է, քմահաճ, կապրիզներ ունի, չես կարող «կոնկուրում»`արգելքների հաղթահարման մեջ մրցել: Նրա կառուցվածքն էլ դա թույլ չի տալիս` կարճ վզով, կարճ մեջքով, կարճ ոտքերով: Իսկ «կոնկուրի» համար աշխարհում օգտագործում են հոլանդական ցեղախմբի ձիերի: Անգլիական ցեղատեսակի ձիերը արագավազքի համար են նախատեսված: Այս ձիերը մեծ բարձրության արգելքներ չեն կարողանում հաղթահարել։ Այժմ աշխատում ենք եռամարտի զարգացման ուղղությամբ: Եռամարտում արգելքներն ունեն 1 մ 20 սմ բարձրություն, որի հաղթահարումն այդ նժույգների համար բարդ չի լինի։ Հայաստանում, բացի մեր կենտրոնից, մյուս ակումբներում էլ  ձիերի մեծ մասը անգլիական ցեղատեսակի են: Ունեցել ենք  ղարաբաղյան ցեղախմբի ձիեր, բայց հիմա շատ քիչ են մնացել: Գուցե գյուղերում կան, բայց ոչ ակումբներում»,- ասաց Կարեն Հակոբյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ նժույգների արժեքների մասին. «Ամեն մրցաձեւի ձի իր գինն ունի: Օրինակ` «կոնկուրը» օլիմպիական մրցաձեւ է եւ դրա համար նախատեսված ձիերը օլիմպիական լինելով արդեն իսկ թանկ արժեն: Եթե պատրաստի, առողջ, վարժված ձի գնես օլիմպիադա մտցնելու համար, ձին պետք է լինի որոշ տարիքի` 8,5-9 տարեկան: Իսկ այս տարիքում արդեն ձիերը միլիոններ արժեն: Իհարկե կան 50, 100, 150 հազար եվրոանոց ձիեր: Գինը պայմանավորված է իր հնարավորություններով: Մեր ձիերն էլ են թանկարժեք, ամենաթանկ կամ ամենաէժան ձի չունենք: Բոլոն էլ սպորտսմեններ են եւ բոլորն էլ թանկարժեք»:

Կարեն Հակոբյանը վստահեցրեց, որ Հայաստանում, մասնավորապես, Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում վատ նժույգ չկա. «Նժույգների խնդիր չունենք, միակ խնդիրը մարդկայինն է: Մարդիկ դեռ պետք է սովորեն ձիու հետ ճիշտ վարվել, ճիշտ մոտեցում ցույց տալ: Թող մարդկային վերաբերմունքը փոխվի ձիերի հանդեպ, հետո նոր  կխոսենք մեր ձիերի լավ կամ վատ լինելուց, հնարավորություններից եւ այլնից»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում