08:40 2 ապրիլի, 2012Երեւանում եւ մարզերում գործում է ձիասպորտի 10 ակումբներ: NEWS.am Sport-ը կներկայացնի հայկական ձիասպորտի բոլոր ակումբների գործունեությունը:
Երեւանում գործող Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի նժույգներին, նրանց առօրյային եւ կեցության պայմաններին մեզ ծանոթացրեց Ձիասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Հակոբյանը:
Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարանն ունի տարբեր ցեղատեսակի 35 ձիեր, որոնց մեծ մասը զտարյուն անգլիական ցեղախմբի են: Ձիարշավարանում աչքի են ընկնում մասնավորապես տարիներ առաջ Հայաստան տեղափոխված չորս արաբական ձիերը` Ալ Բադին, Բինտ Էլ Հելուան, Ֆարիդան ու Սուրհանը: Եգիպտական եւ իսպանական ցեղախմբերի այս նժույգները Հայաստանին է նվիրել Շարժայի էմիրության շեյխ, Սուլթան բեն Մուհամմադ ալ Կասիմը:
«Սրանք սովորական ձիեր չեն: Շեյխը այս նվերն արել է իր 60 ձիանոց ախոռից: Նժույգները Երեւան են բերվել օդանավով, ապա բեռնատարներով տեղափոխվել իրենց նոր կացարան` այս ձիարշավարան: Երբ նրանք տեղափոխվեցին Հայաստան, 1-4 տարեկան էին: Նրանց մեջ կան չեմպիոններ: Օրինակ` Ալ Բադին, 2004 թվականի աշխարհի կրկնակի չեմպիոն է, իսկ Ֆարիդան արժանացել է 2003 թվականի եգիպտական մրցաշարի հաղթողի կոչման: Նժույգներից յուրաքանչյուրը մի քանի հարյուր հազար եվրո արժե: Սկզբում փոքրիկ երամակ էր, հիմա մեծացել են, քանի որ նրանցից երկուսը հղի էին: Նրանց քուռակներին այլեւս արաբ չենք համարում, քանի որ ծնվեցին Հայաստանում: Օրինակ` նրանցից մեկը` Ձյունիկը, (մենք ենք նրան այդպես կոչել իր սպիտակության համար) արդեն Հայաստանի քաղաքացի է, մնում է անձնագրով հաստատվի նրա քաղաքացիությունը»,- նշեց Կարեն Հակոբյանը:
Ձիարշավարանում բոլոր պայմաններն ապահոված են նժույգների համար, ինչպես նաեւ այս մարզաձեւի սիրահարների եւ ընդհանրապես ձիու սիրահար մարդու համար: Այստեղ նժույգները քեզ «բարեւում» են ձիարշավարանի սրճարանի պատշգամբից: Մրցադաշտը, որտեղ պարբերաբար անցկացվում են մրցաշարեր, Հայաստանի առաջնություններ, տեսանելի է սրճարանում նստող մարդուն: Այստեղ յուրաքանչյուր օր ինքնուս վարժանքով են զբաղվում ձիարշավարանի նժույգները: Օրինակ` մեր այցելության օրը մրցադաշտում առանց նժույգավարի վարժվում էր Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն վերջերս տեղափոխված նոր` 8-ամյա նժույգը:
Կարեն Հակոբյանի խոսքով, ձիասպորտը սիրված է, զարգանալու համար պայմաններ կան: Օրինակ` բոլոր 35 նժույգներն էլ նախատեսված են մրցաշարերի եւ առաջնությունների համար:
«Ամեն մրցաձեւ ունի իր նժույգը: Ամեն ձի նախատեսված է մի մրցաձեւի համար: Օրինակ արաբական ձին շատ տաքարյուն է, քմահաճ, կապրիզներ ունի, չես կարող «կոնկուրում»`արգելքների հաղթահարման մեջ մրցել: Նրա կառուցվածքն էլ դա թույլ չի տալիս` կարճ վզով, կարճ մեջքով, կարճ ոտքերով: Իսկ «կոնկուրի» համար աշխարհում օգտագործում են հոլանդական ցեղախմբի ձիերի: Անգլիական ցեղատեսակի ձիերը արագավազքի համար են նախատեսված: Այս ձիերը մեծ բարձրության արգելքներ չեն կարողանում հաղթահարել։ Այժմ աշխատում ենք եռամարտի զարգացման ուղղությամբ: Եռամարտում արգելքներն ունեն 1 մ 20 սմ բարձրություն, որի հաղթահարումն այդ նժույգների համար բարդ չի լինի։ Հայաստանում, բացի մեր կենտրոնից, մյուս ակումբներում էլ ձիերի մեծ մասը անգլիական ցեղատեսակի են: Ունեցել ենք ղարաբաղյան ցեղախմբի ձիեր, բայց հիմա շատ քիչ են մնացել: Գուցե գյուղերում կան, բայց ոչ ակումբներում»,- ասաց Կարեն Հակոբյանը:
Հետաքրքրվեցինք նաեւ նժույգների արժեքների մասին. «Ամեն մրցաձեւի ձի իր գինն ունի: Օրինակ` «կոնկուրը» օլիմպիական մրցաձեւ է եւ դրա համար նախատեսված ձիերը օլիմպիական լինելով արդեն իսկ թանկ արժեն: Եթե պատրաստի, առողջ, վարժված ձի գնես օլիմպիադա մտցնելու համար, ձին պետք է լինի որոշ տարիքի` 8,5-9 տարեկան: Իսկ այս տարիքում արդեն ձիերը միլիոններ արժեն: Իհարկե կան 50, 100, 150 հազար եվրոանոց ձիեր: Գինը պայմանավորված է իր հնարավորություններով: Մեր ձիերն էլ են թանկարժեք, ամենաթանկ կամ ամենաէժան ձի չունենք: Բոլոն էլ սպորտսմեններ են եւ բոլորն էլ թանկարժեք»:
Կարեն Հակոբյանը վստահեցրեց, որ Հայաստանում, մասնավորապես, Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում վատ նժույգ չկա. «Նժույգների խնդիր չունենք, միակ խնդիրը մարդկայինն է: Մարդիկ դեռ պետք է սովորեն ձիու հետ ճիշտ վարվել, ճիշտ մոտեցում ցույց տալ: Թող մարդկային վերաբերմունքը փոխվի ձիերի հանդեպ, հետո նոր կխոսենք մեր ձիերի լավ կամ վատ լինելուց, հնարավորություններից եւ այլնից»:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.