19:53  ,  30 մարտի, 2012

Սամվել Խաչատրյան. Սլավիկն անհաջող ելույթ չի ունեցել, թողեք մենք գնահատենք մեր մարզիկի ելույթը

Ֆրանսիայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած  16-ամյա Սլավիկ Հայրապետյանը մենասահքի որակավորման փուլում 27 մասնակիցների պայքարում գրավեց 18-րդ տեղը: Պատանի հայ գեղասահորդին այդպես էլ չհաջողվեց հայտնվել առաջինից 12-րդ հորիզոնականներում, որպեսզի շարունակեր պայքարը որակավորման փուլից հետո:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Սլավիկ Հայրապետյանի ելույթը` գնահատելով այն բավարար:

«Սլավիկ Հայրապետյանը մեր այսօրվա լավագույն գեղասահորդն է, ով իր լավագույն լինելը ապացուցեց փետրվարի 19-ին աշխարհի առաջնության հայաստանյան ստուգամրցումներում` գրավելով առաջին տեղը: Հենց այդ ստուգամրցումների ժամանակ էլ որոշվեց նրան ուղարկել Նիցա, քանի որ չէինք կարող մեր լավագույն մարզիկին թողնել, ուրիշին ուղարկել: Ամեն ինչ ճիշտ է եղել, որ ուղարկել ենք Սլավիկին: Նրանից լավ ոչ ոք չէր կարող ներկայացնել Հայաստանը: Նա իր վաստակած ցուցանիշով մեր հանրապետությունում առաջինն է: Այսինքն` այսպիսի ցուցանիշ գեղասահքի պատմության մեջ մենք դեռեւս չենք ունեցել: Հայ գեղասահորդներից ոչ ոք աշխարհի առաջնության տասը մրցակցից առաջ չէր անցել: Սլավիկը հաղթել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Բելառուսի ներկայացուցիչներին,  Ուկրաինայի երկրորդ մարզիկին, ԱՄՆ-ի երրորդ մարզիկին, Հունգարիայի մարզիկին: Վերջինին հաղթելը մեզ համար շատ կարեւոր եւ սկզբունքային էր, քանի որ մեր մարզիչներից մեկը Հունգարիայում է աշխատում եւ նրա տղան ամեն տարի մասնակցում էր եւ միշտ Հայաստանից առաջ ընկնում: Այս տարի մեզ հաջողվեց Հունգարիային հետ գցել մեզանից»,-ասաց Սամվել Խաչատրյանը:

Ս. Խաչատրյանին զայրացնում է այն փաստը, որ հայկական մամուլը պատանի գեղասահորդի ելույթը ներկայացրել է որպես անհաջող ելույթ:

«Սլավիկն անհաջող ելույթ չի ունեցել, թողեք մենք գնահատենք մեր գեղասահորդի ելույթը: Սլավիկը միջազգային կարգի նորման կրկնակի է կատարել: Եթե 45 միավորը համարվում է նորմա, որ պետք է անպայման ունենա աշխարհի առաջնության մասնակիցը, նա հավաքել է 92, 88 միավոր: Այս տարվա առաջնությունում մրցումներն այնքան ուժեղ եւ բարձր կարգի են եղել, որ բոլոր մարզիկները կատարել են ամենաբարդ էլեմենտները` քառակի պտույտներ, եռակի ակսել, իսկ Սլավիկը, ցավոք սրտի, այս երկու էլեմենտներն դեռեւս չի կատարում: Դա փորձից է, ուժից: Նա եղել է ամենակրտսեր մասնակիցը: Իսկ այնտեղ մասնակցել են 20, 21, 24, 25 տարեկան գեղասահորդներ: Այնպես որ, նրա պարագայում, իր այդ ցուցանիշը բավական բարձր է»,- նշեց Սամվել Խաչատրյանը:

Սամվել Խաչատրյանի խոսքով, միջազգային հանդիսատեսին գրավել է Սլավիկ Հայրապետյանի ելույթը:

«Նրան շատ հավանել են այնտեղ` բոլոր մրցավարները, մասնակիցները: Սլավիկը կատարել է իր մինիմումը: Եթե նույնիսկ կատարեր իր մաքսիմումը եւ 92, 88-ի փոխարեն հավաքեր 108, նա միեւնույն է, չէր հայտնվի եզրափակչում, որովհետեւ անգամ 109 միավորը չի մտել եզրափակիչ: Թե ֆեդերացիայի ղեկավարությունը եւ թե մարզիկները նրա ելույթը գնահատում ենք բավարար, որովհետեւ դրանից այն կողմ երեխան չէր կարող անել: Նա դեռ ընդամենը 16 տարեկան է եւ նորմալ է, որ չի կարողանում անել քառակի պտույտով ցատկ եւ եռակի ակսել էլեմենտները, որովհետեւ նրա ոտքերի եւ մեջքի մկանները դեռեւս զարգացած չեն: Իսկ քառակի պտույտի դեպքում մեջքի վնասվածքի հավանականությունը մեծ է: Դա մենք թույլ չենք տալիս, որ անի: Ամեն ինչ նորմալ է: Մեր սցենարով գնում է»,- ամփոփեց Սամվել Խաչատրյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Տեսանյութում Սլավիկ Հայրապետյանի ելույթն է հունվարին Մեծ Բրիտանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս