19:53 30 մարտի, 2012Ֆրանսիայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած 16-ամյա Սլավիկ Հայրապետյանը մենասահքի որակավորման փուլում 27 մասնակիցների պայքարում գրավեց 18-րդ տեղը: Պատանի հայ գեղասահորդին այդպես էլ չհաջողվեց հայտնվել առաջինից 12-րդ հորիզոնականներում, որպեսզի շարունակեր պայքարը որակավորման փուլից հետո:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Սլավիկ Հայրապետյանի ելույթը` գնահատելով այն բավարար:
«Սլավիկ Հայրապետյանը մեր այսօրվա լավագույն գեղասահորդն է, ով իր լավագույն լինելը ապացուցեց փետրվարի 19-ին աշխարհի առաջնության հայաստանյան ստուգամրցումներում` գրավելով առաջին տեղը: Հենց այդ ստուգամրցումների ժամանակ էլ որոշվեց նրան ուղարկել Նիցա, քանի որ չէինք կարող մեր լավագույն մարզիկին թողնել, ուրիշին ուղարկել: Ամեն ինչ ճիշտ է եղել, որ ուղարկել ենք Սլավիկին: Նրանից լավ ոչ ոք չէր կարող ներկայացնել Հայաստանը: Նա իր վաստակած ցուցանիշով մեր հանրապետությունում առաջինն է: Այսինքն` այսպիսի ցուցանիշ գեղասահքի պատմության մեջ մենք դեռեւս չենք ունեցել: Հայ գեղասահորդներից ոչ ոք աշխարհի առաջնության տասը մրցակցից առաջ չէր անցել: Սլավիկը հաղթել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Բելառուսի ներկայացուցիչներին, Ուկրաինայի երկրորդ մարզիկին, ԱՄՆ-ի երրորդ մարզիկին, Հունգարիայի մարզիկին: Վերջինին հաղթելը մեզ համար շատ կարեւոր եւ սկզբունքային էր, քանի որ մեր մարզիչներից մեկը Հունգարիայում է աշխատում եւ նրա տղան ամեն տարի մասնակցում էր եւ միշտ Հայաստանից առաջ ընկնում: Այս տարի մեզ հաջողվեց Հունգարիային հետ գցել մեզանից»,-ասաց Սամվել Խաչատրյանը:
Ս. Խաչատրյանին զայրացնում է այն փաստը, որ հայկական մամուլը պատանի գեղասահորդի ելույթը ներկայացրել է որպես անհաջող ելույթ:
«Սլավիկն անհաջող ելույթ չի ունեցել, թողեք մենք գնահատենք մեր գեղասահորդի ելույթը: Սլավիկը միջազգային կարգի նորման կրկնակի է կատարել: Եթե 45 միավորը համարվում է նորմա, որ պետք է անպայման ունենա աշխարհի առաջնության մասնակիցը, նա հավաքել է 92, 88 միավոր: Այս տարվա առաջնությունում մրցումներն այնքան ուժեղ եւ բարձր կարգի են եղել, որ բոլոր մարզիկները կատարել են ամենաբարդ էլեմենտները` քառակի պտույտներ, եռակի ակսել, իսկ Սլավիկը, ցավոք սրտի, այս երկու էլեմենտներն դեռեւս չի կատարում: Դա փորձից է, ուժից: Նա եղել է ամենակրտսեր մասնակիցը: Իսկ այնտեղ մասնակցել են 20, 21, 24, 25 տարեկան գեղասահորդներ: Այնպես որ, նրա պարագայում, իր այդ ցուցանիշը բավական բարձր է»,- նշեց Սամվել Խաչատրյանը:
Սամվել Խաչատրյանի խոսքով, միջազգային հանդիսատեսին գրավել է Սլավիկ Հայրապետյանի ելույթը:
«Նրան շատ հավանել են այնտեղ` բոլոր մրցավարները, մասնակիցները: Սլավիկը կատարել է իր մինիմումը: Եթե նույնիսկ կատարեր իր մաքսիմումը եւ 92, 88-ի փոխարեն հավաքեր 108, նա միեւնույն է, չէր հայտնվի եզրափակչում, որովհետեւ անգամ 109 միավորը չի մտել եզրափակիչ: Թե ֆեդերացիայի ղեկավարությունը եւ թե մարզիկները նրա ելույթը գնահատում ենք բավարար, որովհետեւ դրանից այն կողմ երեխան չէր կարող անել: Նա դեռ ընդամենը 16 տարեկան է եւ նորմալ է, որ չի կարողանում անել քառակի պտույտով ցատկ եւ եռակի ակսել էլեմենտները, որովհետեւ նրա ոտքերի եւ մեջքի մկանները դեռեւս զարգացած չեն: Իսկ քառակի պտույտի դեպքում մեջքի վնասվածքի հավանականությունը մեծ է: Դա մենք թույլ չենք տալիս, որ անի: Ամեն ինչ նորմալ է: Մեր սցենարով գնում է»,- ամփոփեց Սամվել Խաչատրյանը:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
Տեսանյութում Սլավիկ Հայրապետյանի ելույթն է հունվարին Մեծ Բրիտանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.