18:10  ,  29 մարտի, 2012

ՀԲՖ նախագահ. Հայաստանի հավաքականի ձեւավորման պատասխանատվությունը լոսանջելեսահայ համայնքի ուսերին է

Ես չեմ ուզում առանձնացնել Սփյուռքը եւ Հայաստանը: Մեր ուժն միասնության եւ համերաշխության մեջ է: Արդեն սկսել են՝ ինչո՞ւ Լոս Անջելեսում, ինչո՞ւ այստեղ, այնտեղ… Ի՞նչ տարբերություն:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսպես հիմնավորեց այն փաստը, որ բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը ձեւավորվել է ոչ թե Հայաստանում, այլ՝ Լոս Անջելեսում:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հրաչյա Ռոստոմյանի հետ:

Պարոն Ռոստոմյան, բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը որոշ ժամանակ գոյություն չուներ: Այժմ էլ Լոս Անջելեսում է ձեւավորվել Հայաստանի հավաքական: Հարց է ծագում, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ում ստեղծվում Հայաստանի հավաքական:

Նախ նշեմ, որ բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների Հայաստանի հավաքականը ոչ երկար ժամանակով է դադար ունեցել, այսինքն՝ միշտ էլ եղել է՝ մինչեւ 2005 թվականը: Դրանից հետո կազմալուծվեց:  Պատճառները բոլորին էլ հայտնի էին. ոչ մի միջազգային մրցաշարերի չէինք մասնակցում: Այնուհետեւ ֆեդերացիայում որոշ փոփոխություններ եղան, 2006 թվականին ես դարձա նախագահ: Փորձ արվեց երեխաներից սկսել, բայց շուտով հասկացանք, որ մեծահասակների կարիք կա: Այդ միտումով ստեղծվեց կանանց հավաքականը, «Հատիսը»: Սակայն միշտ, յուրաքանչյուր ֆեդերացիայի, մասնավորապես, խաղային մարզաձեւերի ֆեդերացիաների վերջնական նպատակը տղամարդկանց ազգային հավաքական ձեւավորելն է: Հիմա մենք հասել ենք դրան:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Լոս Անջելեսում: Հայաստանում այդ ներուժը չունեի՞նք:

Իսկ ի՞նչ տարբերություն… Ես չեմ ուզում առանձնացնել Սփյուռքը եւ Հայաստանը: Հայն ամեն տեղ է մնում հայ: Սփյուռքահայ, հայրենադարձ… Եթե այս հոգեբանությամբ շարունակենք ապրել, ինչպես միշտ միասնական չենք եղել, այդպես էլ կմնանք: Մեր ուժն իրականում միասնության եւ համերաշխության մեջ է: Արդեն սկսել են՝ ինչո՞ւ Լոս Անջելեսում, ինչո՞ւ այստեղ, այնտեղ… ի՞նչ տարբերություն: Նույն հայերն են, չէ՞: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչն է այդքան բորբոքում հայաստանաբնակ հայերին: Բասկետբոլի ազգային հավաքականի կազմը ձեւավորելու պատասխանատվությունն ընկած է լոսանջելեսահայ համայնքի ուսերին, քանի որ հենց այս համայնքում ձեւավորված են մարզական լավ ավանդույթներ, գործում են բազմաթիվ մարզական ակումբներ, վերջիններիս բասկետբոլիստները մեկ անգամ չէ, որ հաջողություններ են գրանցել տարբեր մրցասպարեզներում: Լոս Անջելեսի բասկետբոլիստները աչքի ընկան Համահայկական խաղերում: Այդ արդյունքները լիարժեք մեզ թույլ են տալիս ազգային հավաքականի ձեւավորումը վստահել Լոս Անջելեսին:

Իսկ ինչպե՞ս է ընտրվել հավաքականի գլխավոր մարզիչը:

Գլխավոր մարզիչը Կարլ Բարդակյանն է: Նրան ճանաչում եմ 1999 թվականից, երբ իրար դեմ խաղում էինք: Նա առանձնանում է եւ իր մարդկային տեսակով, եւ հայրենասիրությամբ: Նա յուրահատուկ մարդ է եւ մարզիկ: Իր հետ ով շփվի, կհամոզվի, որ նրա պես հայրենասեր չկա: Բայց բացի ազգասեր լինելուց, նա իսկապես ուժեղ մասնագետ է: Լոս Անջելեսում թիմ ունի, որի կազմում բոլորը հայ են: Նրանց մեծ մասը կազմում եմ ազգային հավաքականը:

Ազգային հավաքականը կհամալրեն միայն ամերիկահայե՞րը:

Մեր նպատակը հայությանը մեկտեղելն է: Հավաքականում մեծամասնությունը կկազմեն ամերիկահայերը: Սակայն սա դեռ առաջին տարվա ծրագրերն են:

Փաստորեն հայաստանաբնակ բասկետբոլիսները հնարավորություն չե՞ն ունենա երբեւէ ընդգրկվել բասկետբոլի ազգային հավաքականում:

Իհարկե, կունենան: Այստեղ մենք շատ լավ խաղացողներ ունենք: Եթե համալրման կարիք լինի, մենք այստեղից մարզիկներ կուղարկենք ԱՄՆ: Մեր երեխաները այժմ բավական լավ են խաղում:

Նորաստեղծ թիմը պատրաստվում է հունիսին Իտալիայում կայանալիք FIBA-ի մրցաշարին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք հավաքականից:

Իմ խառնվածքի համաձայն՝ ես միշտ լավատես եմ: Լավատեսությունս ոչ թե անիմաստ է, այլ՝ հիմնավորված: Առաջին եւ կարեւոր քայլն արել ենք. ստեղծել ենք թիմը: Առաջնահերթը ուժեղ մարզիկների ընդգրկումն է, եւ ամենակարեւորը, որ նրանք իրենց ցանկությամբ են ընդգրկվել հավաքական եւ ուզում են խաղալ Հայաստանի դրոշի ներքո: Ակնկալիքները մեծ են, բայց չեմ կարող վստահ ասել, որ նրանք կգնան ու չեմպիոն կդառնան: Եթե հիմա ասեմ, թե չեմպիոն կդառնան՝ անլուրջ խոսակցության կվերածվի: Քայլ առ քայլ կձգտենք բարձրունքների: Ես պատրաստ եմ, եթե հավաքականը վատ մասնակցի, կամ շատ վատ մասնակցի:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը 

Լուսանկարը՝ ՀԲՖ կայքի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով