18:10 29 մարտի, 2012Ես չեմ ուզում առանձնացնել Սփյուռքը եւ Հայաստանը: Մեր ուժն միասնության եւ համերաշխության մեջ է: Արդեն սկսել են՝ ինչո՞ւ Լոս Անջելեսում, ինչո՞ւ այստեղ, այնտեղ… Ի՞նչ տարբերություն:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսպես հիմնավորեց այն փաստը, որ բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը ձեւավորվել է ոչ թե Հայաստանում, այլ՝ Լոս Անջելեսում:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հրաչյա Ռոստոմյանի հետ:
Պարոն Ռոստոմյան, բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը որոշ ժամանակ գոյություն չուներ: Այժմ էլ Լոս Անջելեսում է ձեւավորվել Հայաստանի հավաքական: Հարց է ծագում, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ում ստեղծվում Հայաստանի հավաքական:
Նախ նշեմ, որ բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների Հայաստանի հավաքականը ոչ երկար ժամանակով է դադար ունեցել, այսինքն՝ միշտ էլ եղել է՝ մինչեւ 2005 թվականը: Դրանից հետո կազմալուծվեց: Պատճառները բոլորին էլ հայտնի էին. ոչ մի միջազգային մրցաշարերի չէինք մասնակցում: Այնուհետեւ ֆեդերացիայում որոշ փոփոխություններ եղան, 2006 թվականին ես դարձա նախագահ: Փորձ արվեց երեխաներից սկսել, բայց շուտով հասկացանք, որ մեծահասակների կարիք կա: Այդ միտումով ստեղծվեց կանանց հավաքականը, «Հատիսը»: Սակայն միշտ, յուրաքանչյուր ֆեդերացիայի, մասնավորապես, խաղային մարզաձեւերի ֆեդերացիաների վերջնական նպատակը տղամարդկանց ազգային հավաքական ձեւավորելն է: Հիմա մենք հասել ենք դրան:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ Լոս Անջելեսում: Հայաստանում այդ ներուժը չունեի՞նք:
Իսկ ի՞նչ տարբերություն… Ես չեմ ուզում առանձնացնել Սփյուռքը եւ Հայաստանը: Հայն ամեն տեղ է մնում հայ: Սփյուռքահայ, հայրենադարձ… Եթե այս հոգեբանությամբ շարունակենք ապրել, ինչպես միշտ միասնական չենք եղել, այդպես էլ կմնանք: Մեր ուժն իրականում միասնության եւ համերաշխության մեջ է: Արդեն սկսել են՝ ինչո՞ւ Լոս Անջելեսում, ինչո՞ւ այստեղ, այնտեղ… ի՞նչ տարբերություն: Նույն հայերն են, չէ՞: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչն է այդքան բորբոքում հայաստանաբնակ հայերին: Բասկետբոլի ազգային հավաքականի կազմը ձեւավորելու պատասխանատվությունն ընկած է լոսանջելեսահայ համայնքի ուսերին, քանի որ հենց այս համայնքում ձեւավորված են մարզական լավ ավանդույթներ, գործում են բազմաթիվ մարզական ակումբներ, վերջիններիս բասկետբոլիստները մեկ անգամ չէ, որ հաջողություններ են գրանցել տարբեր մրցասպարեզներում: Լոս Անջելեսի բասկետբոլիստները աչքի ընկան Համահայկական խաղերում: Այդ արդյունքները լիարժեք մեզ թույլ են տալիս ազգային հավաքականի ձեւավորումը վստահել Լոս Անջելեսին:
Իսկ ինչպե՞ս է ընտրվել հավաքականի գլխավոր մարզիչը:
Գլխավոր մարզիչը Կարլ Բարդակյանն է: Նրան ճանաչում եմ 1999 թվականից, երբ իրար դեմ խաղում էինք: Նա առանձնանում է եւ իր մարդկային տեսակով, եւ հայրենասիրությամբ: Նա յուրահատուկ մարդ է եւ մարզիկ: Իր հետ ով շփվի, կհամոզվի, որ նրա պես հայրենասեր չկա: Բայց բացի ազգասեր լինելուց, նա իսկապես ուժեղ մասնագետ է: Լոս Անջելեսում թիմ ունի, որի կազմում բոլորը հայ են: Նրանց մեծ մասը կազմում եմ ազգային հավաքականը:
Ազգային հավաքականը կհամալրեն միայն ամերիկահայե՞րը:
Մեր նպատակը հայությանը մեկտեղելն է: Հավաքականում մեծամասնությունը կկազմեն ամերիկահայերը: Սակայն սա դեռ առաջին տարվա ծրագրերն են:
Փաստորեն հայաստանաբնակ բասկետբոլիսները հնարավորություն չե՞ն ունենա երբեւէ ընդգրկվել բասկետբոլի ազգային հավաքականում:
Իհարկե, կունենան: Այստեղ մենք շատ լավ խաղացողներ ունենք: Եթե համալրման կարիք լինի, մենք այստեղից մարզիկներ կուղարկենք ԱՄՆ: Մեր երեխաները այժմ բավական լավ են խաղում:
Նորաստեղծ թիմը պատրաստվում է հունիսին Իտալիայում կայանալիք FIBA-ի մրցաշարին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք հավաքականից:
Իմ խառնվածքի համաձայն՝ ես միշտ լավատես եմ: Լավատեսությունս ոչ թե անիմաստ է, այլ՝ հիմնավորված: Առաջին եւ կարեւոր քայլն արել ենք. ստեղծել ենք թիմը: Առաջնահերթը ուժեղ մարզիկների ընդգրկումն է, եւ ամենակարեւորը, որ նրանք իրենց ցանկությամբ են ընդգրկվել հավաքական եւ ուզում են խաղալ Հայաստանի դրոշի ներքո: Ակնկալիքները մեծ են, բայց չեմ կարող վստահ ասել, որ նրանք կգնան ու չեմպիոն կդառնան: Եթե հիմա ասեմ, թե չեմպիոն կդառնան՝ անլուրջ խոսակցության կվերածվի: Քայլ առ քայլ կձգտենք բարձրունքների: Ես պատրաստ եմ, եթե հավաքականը վատ մասնակցի, կամ շատ վատ մասնակցի:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
Լուսանկարը՝ ՀԲՖ կայքի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.