00:50  ,  29 մարտի, 2012

Մարադոնան վերադառնում է Նեապոլ

Դուբայի «Ալ Վասլ» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պատրաստվում է վերադառնալ Նեապոլ քաղաք եւ վերջ դնել իր եւ իտալական իշխանությունների միջեւ եղած կոնֆլիկտին, գրում է Goal.com-ը:

Մարադոնան մեղադրվում է 1984-1991 թվականների ընթացքում 38 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Հիշեցնենք, որ այդ տարիներին լեգենդար արգենտինացին հանդես է եկել «Նապոլի» ակումբում:

Երկար ժամանակ Դիեգոն խուսափում էր մեկնել Իտալիա, սակայն հիմա պատրաստվում է վերադառնալ Նեապոլ եւ վերականգնել իր բարի համբավը:

Հաղորդվում է, որ Մարադոնան նման որոշում է ընդունել «Նապոլիի»՝ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալուց հետո: Արգենտինացին ցանկանում է ներկա լինել եզրափակիչ հանդիպմանը եւ աջակցել իր նախկին ակումբին:

Մարադոնայի օգնությամբ «Նապոլին» երկու անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր եւ ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով