16:22  ,  28 հունվարի, 2013

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա. Զարմանում, զայրանում, առաջարկում ենք

Ամեն տարեվերջին ու տարեսկզբին, կարծես ավանդույթ է դարձել, ի շարս այլ խնդիրների, քննարկել նաեւ մրցաշրջանի լավագույն տասը մարզիկներին որոշելու կարգն ու քվեարկության արդյունքները:

Բացառություն չէր նաեւ Մրցաշրջան 2012-ը:

Ողջունելով, հունվարի 25-ին՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անդամների ու մարզական մի շարք լրագրողների մասնակցությամբ՝ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով ընտրության եւ լավագույններին որոշելու նոր, առավել անխոցելի կարգ սահմանելու շուրջ տեղի ունեցած քննարկումը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակում է իր դիտարկումները.

1/ Առաջարկում ենք, քվեարկությունների փոխարեն, սահմանել հստակ գործող կարգ, որով Օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում Հայաստանը ներկայացնող մարզիկները, ըստ նախապես հաստատված աղյուսակի, կհավաքեն համապատասխան բալեր եւ տարվա ավարտի հանրագումարով կզբաղեցնեն համապատասխան հորիզոնականներ՝ լավագույն մարզիկների ցուցակում:

Արդեն մի քանի տարի այս սկզբունքով է առաջնորդվում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ տարվա լավագույն մարզիկներին ու մարզիչներին ընտրելիս եւ դրա մանրամասներին մամուլի հաղորդագրություններով տեղեկացրել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, բոլոր լրատվամիջոցներին: /Ցուցակները՝ կից փաստաթղթերով, հաշվարկային աղյուսակներով,  մեր պաշտոնական կայքում. http://www.sambo.am/full_news.php?id=174

2/ Ցավալի է, որ վերը նշված՝ հունվարի 25-ի հանդիպում-քննարկումը լուսաբանող որոշ լրատվամիջոցների հրապարակումներում, սամբո մարզաձեւի հետ կապված կոպիտ անճշտություն է տեղի ունեցել: Մասնավորապես, «Արմնյուզ» հեռուստաալիքի եթեր հեռարձակած, ապա կայքում տեղադրած տեղեկատվության մեջ կա հետեւյալ միտքը.

«Քննարկման ընթացքում խնդրահարույց դարձավ նաեւ ուշուիստների ու սամբիստների խնդիրը: 10 լավագույնների ցուցակում կար սամբիստ, իսկ ուշուիստ ընդանրապես չկար: Սա այն դեպքում, երբ սամբոյի առաջնությանը մասնակցել էր 14 երկիր, իսկ ուշույի առաջնությանը 64-ը: Ստացվում է 14-ից հաղթող դուրս գալը ավելի բարդ է, քան 64-ից:»

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամբողջությամբ հերքում է նման տեղեկատվությունը եւ հայտարարում.

ա/ Տեղեկատվությունից որեւէ կերպ չի հասկացվում, թե սամբոյի ո՞ր առաջնության մասին է խոսքը. Եվրոպայի՞, աշխարհի՞, թե՞...: Այդ ի՞նչ առաջնություն է, որին մասնակցել է ընդամենը 14 պետություն:

Այնուամենայնիվ, ենթադրելով, որ տեղեկատվության հեղինակն ի նկատի է ունեցել Սամբոյի աշխարհի 2012թ. առաջնությունը, քանի որ Հայաստանի 10 լավագույններում ընդգրկված, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ մրցանակակիր Վաչիկ Վարդանյանն այդ առաջնությունում էր արժանացել արծաթե մեդալի, պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ առաջնությանը մասնակցել է 55 պետություն: Եթե մարզական լրագրողը մի փոքր ճիգ գործադրեր, կարող էր համոզվել, որ գոնե վերջին 20 տարիներին, երբ ՀՀ-ն առանձին հավաքականով սկսել է մասնակցել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, չի եղել մի դեպք, որին մասնակցեր ընդամենը 14 երկիր:

Որպես օգնություն, առաջարկում ենք ուսումնասիրել հետեւյալ կայքերը.

sambo-fias.org, sambo.ru, sambo.am, sambo.spb.ru եւ այլն:

բ/ Հարգանք տածելով ուշու մարզաձեւի բոլոր երկրպագուների, մարզիկների եւ մրցանակակիրների հանդեպ, գտնում ենք, որ տեղին չէ համեմատել այս երկու մարզաձեւերը, որովհետեւ, ի տարբերություն ուշուի եւ շատ այլ մարզաձեւերի՝ սամբոն հենակետային մարզաձեւ է, ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ճանաչված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, Հայաստանի տարածքում գործում են սամբոյի բազմաթիվ մարզադպրոցներ, որոնք նույնպես ֆինանսավորվում են պետության կողմից:

գ/ Մեր որոշ լրագրողների տեղեկատվական բացը լրացնելու համար նաեւ հավելենք, որ հայ ուշուիստները 2012թ. աշխարհի առաջնությանը չեն մասնակցել, այլ միայն՝ Եվրոպայի: 

դ/ Թեեւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրություններով լրատվամիջոցներին ու հանրությանը պարբերաբար տեղեկացնում է միջազգային մրցասպարեզներում հայ սամբիստների հաջողությունների մասին, հարկ ենք համարում եւս մեկ անգամ հայտնել, որ մեր մարզիկները Մրցաշրջան 2012-ի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում նվաճել են 38 մեդալ, երկու թիմային գավաթ` պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում երրորդ տեղը գրավելու, եւս մեկը` մեծահասակների թիմային առաջնությունում 5-րդ պատվավոր տեղը զբաղեցնելու համար:  ԵՎ զարմանալի է, որ կան լրագրողներ, ովքեր՝ լավագույնների շարքում սամբիստի անուն-ազգանուն տեսնելիս, զարմանում են:

դ/ Հուսով ենք «Արմնյուզ» հեղինակավոր հեռուստաալիքը կշտկի բացթողումը եւ հանդես կգա համապատասխան հերքումով:

ե/ Պահանջում ենք, որպեսզի այս լրատվությունը հրապարակի նաեւ armsport.am կայքը, որովհետեւ, ըստ քննարկմանը մասնակից լրագրողների, հնչած ապատեղեկատվության հեղինակը այդ լրատվամիջոցի լրագրող Արթուր Նազարյանն է եղել:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով