23:22  ,  28 մարտի, 2012

«Հատիսի» հայ բասկետբոլիստուհիներից հիմա մարզվում են երեքը. հարցազրույց

Կարծես երեկ էր, որ մարզասերները շտապում էին դիտելու վերաստեղծված «Հատիսի» հանդիպումները: Մասնակցելով Եվրոպայի գավաթի խաղարկությանը` «Հատիսը» երկու անգամ հասավ մինչեւ 1/16 եզրափակիչ, տպավորիչ շատ հաղթանակներ տարավ, ցավալի պարտություններ կրեց ու հագեցրեց մարզասերի կյանքը սպորտային նոր հույզերով: Սակայն դա երկար չտեւեց: «Հատիս» բասկետբոլային ակումբը հիմա էլ կա, սակայն միջազգային հանդիպումների մասին չեն կարող մտածել, որովհետեւ տեղի կադրերով անկասկած անզոր են եվրոպական մրցասպարեզ դուրս գալ: «Հատիսի» այն կազմում շատ էին արտասահմանցի բասկետբոլիստուհիները, իսկ «մերոնցից» ոչ բոլորն էին դուրս գալիս խաղահրապարակ: «Հատիսի» կազմում ընդգրկված բասկետբոլիստուհիներից մեկն էլ Հասմիկ Միքայելյանն էր, ում հետ զրուցել է NEWS.am Sport-ի  թղթակիցը:

«Հատիսի» վերաստեղծվելուց հետո Հայաստանում բասկետբոլային բում էր: Ինչպես պարզվեց` այս մարզաձեւը մեծ սեր է վայելում Հայաստանում: Միջազգային հանդիպումներին մասնակցելուց հետո դու ու քո թիմկացիներդ ինչո՞վ եք զբաղված:

Թիմի ցրվելուց հետո բնական է, որ բոլորի առջեւ խնդիր առաջացավ մարզավիճակ պահելն ու խաղային պրակտիկա ապահովելը: Հայաստանի առաջնությանը մասնկացելով, հետո էլ Համահայկական խաղերում հանդես գալով` փորձեցինք լուծել այդ խնդիրները: Խաղերից հետ կոնկրետ ես առաջարկություն ստացա Իրանում հանդես գալ ու մեկնեցի: Մոտ երկու ամիս հանդես եկա Իրանի առաջնությունում: Մյուս բասկտեբոլիստուհիներից  Իրանում ինձ հետ հանդես էր գալիս Անի Պետրոսյանը, իսկ հայ մյուս մարզուհիներից ներկայումս միայն Սաթիկ Մարտիրոսյանն է մարզվում: Դե «դրսի» բասկետբոլիստուհիներն էլ հանդես են գալիս այլ ակումբներում: Այսինքն` «Հատիսի» հայ բասկետբոլիստուհիներից հիմա մարզվում են երեքը:

«Հատիսը» կարո՞ղ է նորից հառնել:

«Հատիս» ակումբը կա, մենք հաճախ հանդիպում ենք բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչ Ռոստոմյանի հետ: Հիմա մենք «Էրեբունի» թիմում ենք հանդես գալիս: Մոտ մեկ ամիս առաջ Հրաչ Ռոստոմյանը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին ու նշել, որ ուզում են վերականգնել «Հատիս» թիմը ու նպատակներ կան սեպտեմբերից  Եվրոլիգայի 2012 թվականի խաղարկությանը թիմին մասնակից դարձնել: Ընդ որում ավելի նորացված ու ուժեղացած կազմով:

Պարզ է, որ ուժեղացվելու է «Հատիսը» արտասահմանցի բասկետբոլիստուհիներով: Իսկ Հայաստանում ըստ քեզ կա՞ն մարզուհիներ, ովքեր կարող են համալրել «Հատիսի» կազմը:

Հայաստանում խաղային ձեւերը  մենապայքարային մարզաձեւերից համեմատաբար թույլ են, թերեւս ֆուտբոլն է առանձնանում այդ առումով: Ուժեղ թիմ ու հեռանկարային բասկետբոլիստուհիներ ունենալու համար հարկավոր են ուժեղ ակումբներ ու ուժեղ առաջնություն: Իսկ մեզ մոտ ակումբները քիչ են: Ֆեդերացիան ինչքան էլ մրցումներ կազմակերպի, միեւնույնն է, ակումբները շատ քիչ են, հետեւաբար մրցակցությունն էլ բարձր աստիճանի վրա չի կարող լինել: Տեսեք, Իրանը որպես այդպիսին բասկետբոլային հզոր երկիր չի համարվում, բայց այս երկրի  կանանց առաջին լիգայում հանդես են գալիս 20-ից ավելի թիմեր, սուպերլիգայում էլ` 18 թիմ: Իհարկե Հայաստանում կան բասկետբոլիստուհիներ, ովքեր կարող են վարպետության աճ ունենալ ու լավ հանդես գալ: Սակայն խաղային մարզաձեւրում իմ կարծիքով ֆինանսական մեծ ներդրումներ են հարկավոր, բացի այդ չմոռանանք, որ մենք խոսում ենք կանանց մասին: Արտասահմանում բասկետբոլիստուհիները իրենց թիմերում վարձատրվում են, իսկ մեզ մոտ դրա բացակայության պատճառով մարզաձեւը մղվում է երկրորդ պլան, ու կանայք այլ աշխատանքի են անցնում իրենց կարիքները հոգալու համար:

Իսկ ի՞նչ տարբերություն դու զգացիր` հանդես գալով «Հատիսի» կազմում Եվրագավաթում:

Հայ բասկետբոլիստուհիների համար իսկական փորձություն էր դա: Մենք շատ բան սովորեցինք այդ հանդիպումների ընթացքում եւ այդ խաղերին մասնակցելիս: Համեմատելու ուղղակի եզրեր չկան: Գիա Ղազանչյանի հետ մարզվելը մեր համար սկզբում լրիվ նորություն էր: Այստեղ պետք է ֆիզիկապես էլ շատ լավ պատրաստ լինես, միտքդ էլ պետք է շատ արաք աշխատի, տակտիկան լրիվ այլ է: Կարծում եմ, որ մեր մարզիչներն էլ միջազգային հանդիպումերի պակաս ունեն հենց փորձի առումով: Ինչքան շատ ես մասնակցում բարձրակարգ խաղերի, այդքան փորձ ու վարպետություն ես ձեռք բերում:  Ես երբ գնացի Իրան, ինձ «Հատիսում» հադես գալու փորձը շատ օգնեց: Ավելացնեմ նաեւ այն, որ աղջիկների մոտ գալիս է մի տարիք, որամուսնանում են ու թողնում սպորտը, երբեմն սոցիալական այլ պատճառներով այլեւս չեն հաճախում մարզումների: Հայաստանում կան շատ աղջիկներ, ովքեր կարող են մեծ հաջողությունների հասնել, եթե երկար զբաղվեն բասկետբոլով, բայց վերը նշված պատճառները անկասկած խոչընդոտ են հանդիսանում:  Ինչեւէ խնդիրներ շատ կան, բայց ես հուսով եմ, որ ապագայում բասկետբոլը վերելք կապրի Հայաստանում:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով