17:52  ,  22 հունվարի, 2013

Հայաստանի նորընծա չեմպիոն Աննա Հայրապետյան. Պետք է արդարացնեմ հավաքականի սպասելիքները

«Շախմատի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար լինելը եւ շախմատի կանանց Հայաստանի հավաքականում ընդգրկվելը պարտավորեցնող է: Պետք է ավելի ուժեղանամ, որպեսզի կարողանամ արդարացնել հավաքականի անդամների սպասելիքները»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի  առաջնության նորընծա չեմպիոն, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:  Աննա Հայրապետյանը 9 հնարավորից վաստակեց  7 միավոր եւ առաջին անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Նա իրավունք է ստացել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

Աննա, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ առաջին անգամ շախմատի կանանց Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Ի՞նչ տպավորություններ ունես առաջնությունից։

Շնորհակալություն։ Տպավորություններս դրական են։ Լավ ավարտից հետո բացասական ոչինչ չի կարող լինել։ Մրցաշարը շատ լարված էր, բոլոր 9-ը պարտիաներն էլ շատ լարված պայքարում են անցել։ 6-րդ պարտիայում ես պարտություն կրեցի, ինչը շատ կոտրեց ինձ։ 6-րդ պարտիայում մրցակիցս՝ Սիրանուշ Անդրեասյանը, բավական ուժեղ էր։ Բայց չհուսալքվեցի, պետք է շարունակեի մյուս պարտիաներն էլ խաղալ։

Մրցակիցներդ ուժե՞ղ էին։

Բոլորն էլ պատրաստված էին, թույլ մրցակիցներ չկային։ Բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցում են  ընտրված շախմատիստներ՝ մի մասն անցյալ տարվա առաջնության արդյունքների, մի մասն էլ իրենց կոչումների շնորհիվ։

Ես անցյալ տարի երկրորդ տեղն էի գրավել։ Իսկ առաջին երեք տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցել հաջորդ տարվա առաջնությանը։

Ուժեղ մրցակից եմ համարել Սիրանուշ Անդրեասյանին։ Բայց միայն Սիրանուշին չեմ ցանկանում առանձնացնել, բոլորն էլ վտանգավոր մրցակիցներ էին։

Սպասելի՞ էր քեզ համար այս հաղթանակը։

Ոչ, սպասելի չէր։ Սկզբնական տուրերում չէի սպասում, որ առաջատարը ես եմ լինելու, ուղղակի ցանկությունը շատ մեծ էր։ Բարձրագույն խմբի առաջնության բոլոր մրցանակային տեղերում հայտնվել էի, բացի առաջին տեղից. 2009-ին զբաղեցրել եմ երրորդ տեղը, անցյալ տարի՝ երկրորդ մրցանակակիր էի։ Ստացվում էր՝ բոլոր տեղերն ունեի, մնում էր միայն առաջին տեղը։ Աննպատակ չէի մասնակցում առաջնությունը։ Եթե նպատակ չլինի, արդյունք չի լինի։ Բայց գերնպատակ չէի դարձրել ինձ համար այս առաջնությում հաղթելը։ Խաղատախտակի առջեւ նստելիս իմ առջեւ նպատակ էի դնում լավ, գրագետ պարտիա խաղալ։

Մինչեւ 5-րդ պարտիան եղան խաղեր, որ իմ միավորներով առաջատարն էի, սակայն 6-րդ պարտիայում պարտվեցի, Նարինե Գասպարյանը դարձավ առաջատար։ Հետո մինչեւ 9-րդ պարտիան ես անընդհատ զիջում էի առաջատարի իմ դիրքերը Նարինեին։ Միայն վերջին պարտիայի սկզբում զգացի, որ հաղթանակին մոտ եմ։ Բայց մտավախությունս ավելի մեծ էր, քանի որ վրիպելու իրավունք չունեի։

Չեմպիոնի տիտղոսը նվաճելով՝ դու հնարավորություն ստացար հանդես գալ հավաքականում ։

Այո, ես ստացա այդ հնարավորությունը, ինչը շատ պարտավորեցնող է։ Կարելի է ասել՝ Հայաստանի չեմպիոն դառնալով, ես մեծ պարտականություն եմ վերցրել ինձ վրա։ Ինքս էլ հասկանում եմ, որ պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ հավաքականի անդամների սպասելիքները։ Անելիքներ շատ ունեմ։ Անցած տարվա համեմատ առաջխաղացում ինքս իմ մեջ տեսնում եմ, բայց դրանով սահմանափակվելու իրավունք չունեմ։ Միշտ սովորելու տեղ կա շախմատում։

Առաջին մրցաշարդ ո՞րն է լինելու հավաքականի հետ։

Առաջին մրցաշարս հավաքականի հետ լինելու է աշխարհի թիմային առաջնությունը՝ մարտին Ղազախստանում։ Կհանգստանամ այս առաջնությունից հետո եւ կնախապատրաստվեմ աշխարհի թիմային առաջնությանը։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով