11:27 28 մարտի, 20122011թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ընթացքում եւ ավարտից հետո մեր հավաքականի շատ ֆուտբոլիստներ տեղափոխվեցին արտասահմանյան ակումբներ: Տեղափոխություններից մեկն էլ գրանցվեց «Իմպուլսի» կազմում: Թիմի առաջատար խաղացողներից մեկը` Զավեն Բադոյանը, հրավեր ստացավ Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ թիմից ու շուտով պայմանագիր կնքեց այդ թիմի հետ: Խաղային առաջնթաց ապահովելու համար 22-ամյա ֆուտբոլիստի համար շատ կարեւոր տեղափություն էր, եւ 2012 թվականի հունվարից հայ կիսապաշտպանը չորս տարվա պայմանագիր կնքեց ԲԱՏԷ-ի հետ: Բելառուսում արդեն մեկնարկել է երկրի առաջնությունը, եւ ԲԱՏԷ-ն առաջին տուրում 0:1 հաշվով պարտություն է կրել «Մինսկից»: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ:
Զավեն, ինչպե՞ս հաստատվեցիր ԲԱՏԷ-ում, հարմարվելու համար խանգարող հանագամանքներ եղա՞ն:
Ամեն ինչ շատ լավ ընթացավ: Փորձաշրջանից սկսած ես արագորեն մերվեցի թիմին, մարզիչներն էլ իրենց լավ վերաբերմունքով ինձ շանս տվեցին դրսեւորվելու համար: Մնում է, որ ես մարզումներին լավ աշխատեմ ու կարողանամ արդեն հանդիպումների ժամանակ օգտակար լինեմ թիմին:
ԲԱՏԷ-ի կազմում դու արդեն մասնակցել ես մի քանի խաղերի: Ի՞նչ տարբերություն կա քեզ համար, եթե համեմատենք «Իմպուլսի» խաղաոճի հետ: Չէ որ «Իմպուլսում» խաղը հիմնականում կառուցվում էր քո գործողությունների վրա:
Տակտիկայի առումով որոշակի փոփոխություններ, իհարկե, կան: Եվ բացի այդ, ինչպես նշեցիք, այստեղ հիմա խաղը ինձ վրա դեռեւս չի կառուցվում, եւ ես որոշակի ազատություն ունեմ այդ առումով: Իսկ նմանությունը կայանում է նրանում, որ երկու թիմերն էլ երկար փոխանցումների շատ չեն դիմում` գնդակը խաղընկերոջը հասցեագրելով «ներքեւից» եւ միաժամանակ օգտագործում են հարձակման եզրերը:
Զավեն, փաստորեն քո մարզական կարիերան սրընթաց զարգացում ունեցավ, ու դու արդեն հայտնվել ես մի թիմում, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում: Ինչո՞վ կբացատրես նման առաջընթացը:
Ես որպես ֆուտբոլիստ ձեւավորվեցի ու իմ առաջին լուրջ քայլերը կատարեցի «Կիլիկիայում», որտեղ ինձ շատ օգնեց Աշոտ Բարսեղյանը: Հետո, երբ ես ծառայում էի բանակում, ամեն ինչ անում էի, որպեսզի մարզավիճակս կարողանամ պահպանել: Փառք Աստծո, կարողացա հաղթահարել այդ դժվարությունները: Իսկ «Իմպուլսում» իմ խաղը նոր երանգներ ստացավ, իհարկե, շնորհիվ Արմեն Գյուլբուդաղյանցի: Կարող եմ ասել, որ հենց Իշխանիչը ինձ համոզեց, որ ես կարող են խաղալ «դրսում»: Պատկերացրեք, որ մարզումներից ավելի շատ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ զրույցներն են ինձ օգնել: Անընդհատ ոգեւորում էր, ու նրա յուրաքանչյուր բառը ինձ շատ օգնել է: Ընդ որում նշեմ, որ այս պահին էլ Գյուլբուդաղյանցը ինձ օգնում է իր խորհուրդներով: Ես երբեմն ընկճվում եմ, երբ ինչ-որ բան չի ստացվում, ու այդ արգելքը հաղթահարում եմ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ:
Պաշտոնական մրցաշրջանը Բելառուսում հաջող չմեկնարկեց ԲԱՏԷ-ի համար: Առաջին խաղում դուք պարտվեցիք:
Դե ֆուտբոլ է, ամեն ինչ էլ լինում է: «Մինսկի» հետ խաղում մենք, եթե օգտագործեինք մեր գոլային պահերը, իհարկե չէինք պարտվի: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ խաղին, ապա ես յուրաքանչյուր խաղում նվիրվելու եմ հարյուր տոկոսով ու ամեն ինչ կանեմ, որպեսզի ԲԱՏԷ-ն հաղթանակ տանի: Ես պետք է կարողանամ թիմի մեկնարկային կազմում իմ տեղը վաստակել, քանի որ շատ բարձր մրցակցություն է թիմի յուրաքանչյուր խաղային օղակում:
Չես կարծո՞ւմ, որ քեզ պետք է շատ լավ հանդես գալ ԲԱՏԷ-ում, եւ դա հնարավորություն կտա մտածել նաեւ ավելի ուժեղ առաջնությունների մասին:
Միանշանակ այդպես է: ԲԱՏԷ-ն շատ ուժեղ թիմ է, եւ իրոք որ այս թիմում լավ հանդես գալու դեպքում արդեն կարող են բացվել շատ լավ հեռանկարներ, ավելի բարձրակարգ առաջնություններում ու ավելի ուժեղ թիմերում:
Զավեն, ազատ ժամանակ ունենո՞ւմ ես, քաղաքում զբոսնո՞ւմ ես: Բորիսովոյում ինչպիսի՞ն է վերաբերմունքը կովկասցիների նկատմամբ:
Ճիշտն ասած, ազատ ժամանակ այնքան էլ շատ չեմ ունենում, եթե ունենում էլ եմ, ապա հանգստանում եմ: Շատ կարեւոր է արագ վերականգնել ուժերս: Քաղաք դուրս գալիս եմ խանութ հաճախելու համար, եւ ասեմ , որ Բելառուսում չկա կովկասցի կամ սլավոնացի տարբերակումը: Այդ առումով այս երկիրը Ռուսաստանից ու մասնավորապես Մոսկվայից շատ է տարբերվում: Ոչ մի խնդիր չկա:
Իսկ հայերի հանդիպե՞լ ես:
Առայժմ մեկ հայի եմ հանդիպել: Բորիսովոյից է, ԲԱՏԷ-ի երկրպագու է, անունն էլ Սամվել է: Ինքն էլ շատ ազատ ժամանակ չունի, բայց ես ինչպես հասկացա, գալիս է մեր թիմի բոլոր խաղերին ու ուզում էր ինձ հրավիրել իրենց տուն:
Քեզ բնակարան եւ մեքենա հատկացրե՞լ են:
Բնակարան ակումբը հատկացրել է, եւ ես հիմա բնակվում եմ տատիկիս հետ: Տատիկս է ժամանել Բելառուս եւ օգնում է ինձ պատրաստվել խաղերին: Ինչ վերաբերում է ավտոմեքենային, ապա ակումբի նախագահը ինձ հետ զրուցելիս նշեց, որ ես պետք է մեծ հաջողությունների հասնեմ ու դրանով ապացուցեմ, որ արժանի եմ նաեւ ավտոմեքենայի: Մի խոսքով` ամեն ինչ պետք է քրտինքով վաստակել:
Իսկ ամուսնության մասին մտածո՞ւմ ես:
Եթե անկեղծ լինեմ` մտածում եմ: Վստահ կարող եմ ասել, որ հարսնացուս Բելառուսից չի լինի: Կամ Կապանից է լինելու, քանի որ երկու տարի ծառայել եմ բանակում այնտեղ, կամ էլ Երեւանից (ծիծաղում է): Ամեն ինչ իր ժամանակն ունի, տեսնենք:
Ո՞ւմ հետ ես ավելի մտերիմ ԲԱՏԷ-ի խաղացողներից:
Բոլորի հետ ել շփվում եմ, բայց ամենամտերիմը հիմա երեւի բրազիլացի Ռենան Բրեսանի հետ եմ: Լեզվի խնդիր չկա, քանի որ Բրեսանը արդեն հինգ տարի է, ինչ Բելառուսում է եւ խաղում է ազգային հավաքականում ու մաքուր խոսում է ռուսերեն: Ես էլ աստիճանաբար ուսումնասիրում եմ իսպաներենը, միգուցե ինձ էլ պետք կգա այդ լեզուն, եթե իրականանա իմ երազանքը եւ հանդես գամ իսպանական ակումբում:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.