12:03  ,  4 նոյեմբերի, 2026

ՀՖՖ արտահերթ ժողովը` ուղիղ

Սկսվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ ակումբներից 30-ի նախաձեռնած ՀՖՖ արտահերթ ժողովը։

 ՀՖՖ-ի յութուբյան ալիքը ներկայացնում է ուղիղ հեռարձակում։

Օրակարգում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է։

ՀՖՖ-ն հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել.

  • ⁠ ⁠ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրելու պահանջ ներկայացրել են ՀՖՖ անդամ 29 ակումբներ
  • ⁠ ⁠Գործադիր կոմիտեն հրավիրել է ՀՖՖ արտահերթ ժողով ըստ ակումբների պահանջի՝ համաձայն ՀՖՖ կանոնադրության 34-րդ հոդվածի 2-րդ կետի։
  • ⁠ ⁠ՀՖՖ ղեկավար կազմը իրավասու չէ ՀՖՖ կանոնադրության որևէ փոփոխություն կամ լրացում կատարել։

ՀՖՖ Կանոնադրության փոփոխությունների և լրացումների կատարումը ՀՖՖ անդամ ակումբների բացառիկ իրավունքն է, ինչպես դա մշտապես եղել է։

Առաջարկվում է կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար, ի թիվս այլ պայմանների, պահանջվում է վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։

Նախագծով առաջարկվում է հանել նշված 2 պահանջը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։

Առաջարկվում է նաև կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ նախատեսվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում պաշտոնավարել է այդ պաշտոնի համար սահմանված քառամյա ժամկետից պակաս, ապա այդ ժամանակահատվածը, անկախ դրա փաստացի տևողությունից, հաշվարկվում է որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։

Գործող կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ է համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել է քառամյա ժամկետի աննշան մասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News