Ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները պատրաստ են աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Աշխարհի առաջնությունը ծանրորդների համար առաջին վարկանիշային մրցաշարն է լինելու Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի թիմերը վերջին մարզումային փուլն անցնում են Գյումիրում, որտեղ հոկտեմբերի 23-ին համատեղ բաց մարզում անցկացրին:
NEWS.am Sport-ը Գյումրիում հետեւեց մարզմանը, որին ներկա էր նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Մարզմանը մասնակցում էին հավաքականների բոլոր անդամները: Տղամարդկանց հավաքականի հետ չէր մարզվում կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որն այս առաջնությանը չի ընդգրկվել կազմ եւ չի մասնակցելու:
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը հայտնեց, որ Սիմոն Մարտիրոսյանը պատրաստ չէ աշխարհի առաջնությանը, այդ պատճառով է բաց թողնելու առաջնությունը. հավաքականից չի հեռացվել, բայց մարզումներին էլ չի մասնակցում:
Կանանց հավաքականից բացակայում է միայն Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը: Ալբանիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում նա վնասվածք էր ստացել, որի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Բաց մարզումը Գյումրիում անցավ բարձր տրամադրությամբ, ծանրաբեռնված, ըստ քաշային կարգերի կիլոգրամների հստակ առաջադրանքներով եւ մարզիչների անհատական աշխատանքով: Ծանրորդներից յուրաքանչյուրի աշխատանքին հետեւեց եւ մարզիկների հետ զրուցեց նաեւ Արայիկ Հարությունյանը, որը ներկա գտնվեց ամբողջ մարզումային գործընթացին:
Գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը մեդալային ակնկալիքներով է մեկնում աշխարհի առաջնության, կարեւորությունը, սակայն, օլիմպիական վարկանիշային միավորներն են:
«Վերջին մարզական հավաքն ենք անցկացնում: Նախապատրաստական շրջանը բարեհաջող ավարտել ենք: Այս փուլում վերջին մարզումներն ենք անում մեկնելուց առաջ:
Մի քանի օրից կմեկնենք աշխարհի առաջնության, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Շատ կարեւոր է մեզ համար: Տղաներ կան, որ պետք է պայքարեն մեդալների համար, մյուսները պետք է իրենց արդյունքները բարելավեն եւ փորձեն վարկանիշային միավորներ վաստակել:
Ծանրորդնեը լավ մարզավիճակում են: Հուսով ենք, որ ավելի լավ արդյունքներ կունենանք այս առաջնությունում:
Մեդալային ակնկալիքներ ունենք բոլոր քաշային կարգերից: Քաշային կարգերում խնդիրներ չունենք: Մասնակիցներ կան, որոնք մասնակցելու են B կամ C ենթախմբերում, ինչը նորմալ է ծանրամարտում: Կարեւոր է լավ կիլոգրամներ բարձրացնելն ու արդյունքները բարելավելը: Մեդալների ակնկալիքներ ունենք Վարազդատ Լալայանից, Գարիկ Կարապետյանից, մյուսներից եւս: Այս պահին լուրջ վնասվածքներ չունենք, փոքր վնասվածքներ են, որոնք չեն խանգարի»,- ասաց Հակոբ Փիլոսյանը:
Հարցին, թե ինչու աշխարհի առաջնությանը չի մասնակցում Սիմոն Մարտիրոսյանը, գլխավոր մարզիչի խոսքով քաշային կարգը փոխելուց հետո մարզավիճակում չգտնվելու պատճառն է:
«Սիմոն Մարտիրոսյանը միշտ եղել է մեր հավաքականի ամենասիրված եւ տաղանդավոր ծանրորդներից մեկը: Երբ նա ունենա լավ մարզավիճակ, անմիջապես կարող է հայտնվել հավաքականում: Նա հավաքականից ոչ հեռացված է, ոչ էլ որեւէ խնդիր կա»,- նշեց Հակոբ Փիլոսյանը:
NEWS.am Sport-ի հարցին, մասնակցում է մարզումներին, թե ոչ, գլխավոր մարզիչն ասաց.
«Ոչ, մարզումներին չի մասնակցում: Սիմոն Մարտիրոսյանի հետ պայմանավորվել ենք, որ ավելի լավ է գերծանր քաշային կարգում մասնակցի, քան 110 կգ քաշային կարգում, որովհետեւ քաշ իջեցնելու դեպքում վնասվածքները գլուխ են բարձրացնում եւ ավելի վտանգավոր է: Քանի որ այս պահին նա մարզավիճակում չի, հիմնական պատճառը դա է, որ չի մասնակցում»,- ամփոփեց Հակոբ Փիլոսյանը:
Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքական կազմում Աստանայում մեդալների եւ օլիմպիական վարկանիշային միավորների համար կպայքարեն Գառնիկ Չոլաքյանը (65 կգ), Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան (75 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյանը (85 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի Աստանայի մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը, Ալինա Սուքիասյան (77 կգ) Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան (86 կգ):
Տղամարդկանց պայքարում գերծանր քաշայինների պայքարում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:
Մարզական կարիերայում դադարից հետո աշխարհի առաջնությանը կմասնակցի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 23 հոկտեմբերի 
18:03 , 23 հոկտեմբերի 
17:35 , 23 հոկտեմբերի
17:01 , 23 հոկտեմբերի
16:14 , 23 հոկտեմբերի
15:35 , 23 հոկտեմբերի
15:04 , 23 հոկտեմբերի
14:33 , 23 հոկտեմբերի
14:09 , 23 հոկտեմբերի 
13:38 , 23 հոկտեմբերի