11:09  ,  26 դեկտեմբերի, 2012

ՀՁՖ փոխնախագահ. Ֆինանսների բաշխումը շատ սխալ է կատարվում հայկական սպորտում

«Այս տարի մշակված ծրագրով աշխատեցինք դրսից հրավիրված ձյուդոյի մարզիչի հետ, բայց նրա եւ հավաքականի գլխավոր մարզիչի աշխատանքները արդյունք չտվեցին եւ օլիմպիական մեդալի բոլորիս հույսերը հօդս ցնդեցին»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, ձյուդոյի մարզիչ եւ մրցավար Դավիթ Խիթարյանը:

Պարոն Խիթարյան, ինչպիսի՞ն էր 2012-ը թվականը հայկական ձյուդոյի համար:

Այս տարին բուռն էր մարզական իրադարձություններով: Բոլորիս ուշադրության կենտրոնում Օլիմպիական խաղերն էին: Ողջ տարին անցավ օլիմպիական տրամադրությամբ: Այս տարի նոր թիմ ձեւավորվեց ձյուդոյի ֆեդերացիայում, որը պետք է աշխատեր Օլիմպիական խաղերի վրա: Մեր նոր թիմ ձեւավորելու հիմնական նպատակը Օլիմպիական խաղերին պատշաճ կերպով ներկայանալն էր եւ պատրաստվելը: Այդ ընթացքում ՀԱՕԿ-ի հետ համագործակցության արդյունքում դրսից հրավիրվեց մարզիչ` ռումինացի Ադրիան Կրիոտուրուն, որը աշխատում էր օլիմպիական թիմի հետ: Այս տարվա մեր ամբողջ  աշխատանքներն ու ֆինանսները դրված էին Օլիմպիական խաղերին լավագույն ձեւով նախապատրաստվելու համար: Մենք չունեցանք ոչ ուսումնամարզական հավաքների բացեր, ոչ միջազգային մրցումների պակաս: Ռումինացի մարզիչն աշխատեց ըստ մեր ծրագրի, բայց… փաստորեն արդյունքը չտեսանք: Նա թիմի հետ աշխատեց 1,5  տարի: Սկզբից խնդիր կար դրված, որ գոնե գոնե երկուսից ավելի մարզիկներ օլիմպիական վարկանիշ հավաքեին, բայց չկարողացանք: Եվս մի քանի խնդիրներ առաջ քաշվեցին տեղի մարզիչների, ֆեդերացիայի նախագահի կողմից, բայց դրանք եւս չկատարվեցին: Ստացվեց այն, որ մենք ամեն ինչ արեցինք, դրսից հրավիրեցինք մարզիչ, ֆինանս ներդրեցինք, խնդիրներ առաջ քաշեցինք, բայց  արդյունք չստացանք:

Ինչո՞ւ որոշեցիք դրսից մարզիչ հրավիրել: Մարզիչների  այդ պոտենցիալը չունեի՞նք Հայաստանում:

Ըստ իս, մեր մարզիչները համապատասխանում են դրսի պահանջներին, ուղղակի դա միջազգային ֆեդերացիայի նախագահի եւ ՀԱՕԿ-ի նախագահի համատեղ պայմանավորվածության արդյունք էր: Ամեն ինչ սկսվեց ֆեդերացիայի նախագահի փոփոխությունից: Նախկին նախագահը սկանդալներով հրաժարվեց իր պաշտոնից: Իսկ միջազգային ֆեդերացիայի նախագահն ասել էր՝ եթե ուզում եք Հայաստանում ձյուդոն առաջ գնա, պետք է դրսից մասնագետ հրավիրեք: ՀԱՕԿ-ի նախագահն էլ իր համաձայնությունը եւ աջակցությունը տվել էր: Սակայն մենք գոհ չմնացինք նրա արդյունքից: Իսկ նրան մեզ խորհուրդ էր տվել միջազգային ֆեդերացիայի նախագահը: Եթե մենք չհամաձայնվեինք դրսից մարզիչ հրավիրել, դուրս կգար, որ դեմ ենք գնում միջազգային ֆեդերացիային:

Փաստորեն, այս տարին չարդարացրեց ձյուդոյի ջատագովների սպասելիքները:

Չենք կարող չարձանագրել, որ այս տարի մենք բավական առաջընթաց ունեցանք, նույն մեր հաջող մասնակցությամբ Օլիմպիական խաղերում: Նախորդ Օլիմպիական խաղերում մեր մասնակիցը մեկ հաղթանակ ունեցավ: Իսկ Լոնդոնում Հովհաննես Դավթյանը երեք հաղթանակ ունեցավ, 7-րդ մրցանակային տեղ գրավեց։ Դա արդեն լավ արդյունք է: Սա առաջընթաց է:

Եթե ընդհանուր տարին ամփոփենք, ապա այս տարի հինգ պաշտոնական առաջնություններում, Եվրոպայի առաջնության հինգ մրցանակակիրներ ունեցանք: Այս հինգից միայն Հովհաննեսի հետ է ռումինացի մասնագետն աշխատել: Մնացած չորսի լավ արդյունքները տեղի մարզիչների լավ աշխատանքի շնորհիվ են: Մեր նման պետության համար քիչ չէ Եվրոպայի առաջնությունից մեդալ ունենալը: Մեդալները հիմնականում բրոնզ են։ Ցավոք այս տարի ոսկե մեդալ չունեցանք, բայց դա էլ քիչ չէ:

Այս տարին գնահատեմ լավ, որովհետեւ ձյուդոյում պետության կողմից արվող ներդրումների, այդ գումարների շրջանակներում լավ արդյունքներ ենք ունենում, սակայն մնում եմ այն կարծիքիս, որ այդ գումարը շատ-շատ քիչ է: Ֆինանսների բաշխումը շատ սխալ է կատարվում սպորտում, որովհետեւ ձյուդոն համարվում է  այսօր հենակետային մարզաձեւ եւ իր մասսայականությամբ հենակետային մարզաձեւերի մեջ առաջինն է Հայաստանում: Նաեւ մեծ է ձյուդոյի աշխարհագրությունը Հայաստանում, բայց ամենաքիչն է բյուջեում՝ ընդամենը 71 միլիոն դրամ: Մոտ այդքան գումար էլ ներդրվում է ֆեդերացիայի նախագահի եւ մեր մյուս ընկերների կողմից, բայց էլի բավարար չէ: Մենք հույս ունեինք, որ այս տարի կառավարությունը կբարձրացներ մեր բյուջեն, բայց բացասական է պատասխանը ստացվում: ՀԱՕԿ-ից օժանդակություն լինում է, առաջատար մարզիկները թոշակներ են ստանում եւ հնարավոր է լինում այդ թոշակների միջոցով այդ երեխաներին պահել հավաքականում:  Հույս ունենք, որ անցյալ տարվա այն ներդրումը, որ արվեց  դրսի մասնագետ հրավիրելու համար, գոնե դրա կեսը կտրամադրվի ֆեդերացիային աշխատանքները համակարգելու համար:

Ի՞նչ ծրագրեր եւ սպասելիքներ կան 2013-ից: 

2013-ը ավելի ծախսատար տարի է լինելու, որովհետեւ բոլոր տարիքային խմբերում արդեն ունենք աշխարհի առաջնություններ: Դրանցից երկուսը այլ աշխարհամասերում են: Պատանիների աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու ԱՄՆ-ում: 2014 թվականի պատանիների երկրորդ Օլիմպիական խաղերի միակ վարկանիշային մրցումն աշխարհի առաջնությունն է: Այսինքն` մենք պետք է լուրջ պատրաստվենք` լուրջ թիմով: Մեծահասակների աշխարհի առաջնությունը Բրազիլիայում է: Այս առումով 2013 թվականին շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու ֆինանսի առումով:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում