Սեպտեմբերի 10-ին Գավառում կմեկնարկի առաջին անգամ անցկացվող խճուղային հեծանվավազքի Tour of Armenia (UCI Europe Tour 2.2 կարգի) պրոֆեսիոնալ մրցաշարը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը եւ իտալական RCS Sports and Events DMCC կազմակերպության ներկայացուցիչները մրցաշարի մեկնարկից առաջ խոսել են Tour of Armenia-ի կարեւորությանը, նպատակների ու սպասելիքների մասին:
Համաշխարհային հեծանվասպորտի օրացույցում ընդգրկված մրցաշարն անցկացվում է ՀՀ կառավարության եւ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ RCS Sports and Events DMCC-ի տեխնիկական ու մասնագիտական աջակցությամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, Tour of Armenia-ն կնպաստի Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը եւ կօգնի հայ հեծանվորդների մրցունակ դառնալ ինչպես աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, այնպես էլ Օլիմպիական խաղերում:
«Այս նախագծի վրա աշխատել ենք շուրջ երկու տարի: Մրցաշարին մասնակցելու են 16 թիմ, այդ թվում Հայաստանի թիմը: 4-օրյա տեւողությամբ մրցաշարը կամփոփվի Երեւանում: Մրցաշարի հաղթողների պարգեւատրումը տեղի կունենա վերջին օրը Հանրապետության հրապարակում:
Մրցաշարը կարեւորում եմ հեծանվային սպորտի զարգացման տեսանկյունից: Հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ կառավարության քայլերը հետեւողական են եւ Tour of Armenia-ն դրա վկայությունն է: Տարիներ առաջ բոլոր դպրոցների համար գնեցինք հեծանիվներ, որպեսզի դպրոցականները հեծանիվ վարելու հնարավորություն ունենան: Դրանից հետո կազմավորեցինք վարչապետի գավաթը հեծանվավազքից: Դպրոցականների գավաթը տեղի կունենա Tour of Armenia-ի օրերին՝ սեպտեմբերի 11-ին եւ 12-ին՝ երեխաներին հնարավորություն տալով հաղորդակցվել նաեւ պրոֆեսիոնալ հեծանվորդների հետ: Կառավարության կողմից ամբողջությամբ վերակառուցվում է հեծանվային սպորտի մարզադպրոցը, որը մոտ օրերս պատրաստ կլինի շահագործման: Սա նշանակում է, որ
Հայաստանը հրաշալի վայր է հեծանվասպորտի համար: Tour of Armenia-ն մեզ համար պարզապես նախագիծ չի, այլ մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է ոչ միայն սպորտի, նաեւ Հայաստանը տեսանելի եւ գրավիչ դարձնելու ուղղությամբ: Վստահ եմ, որ այս մրցաշարում կունենանք հաջողություններ:
Մրցաշարի մեկնարկը կլինի Գավառից եւ կձգվի Սեւանի շուրջ, երկրորդ օրը՝ Կիրանցից մինչեւ Ստեփանավան: Վերջին մրցումային օր կլինի Երեւանում եւ կդառնա սպորտային մեծ տոն:
Մրցաշարն անցկացնելու նպատակն է նաեւ հեծանվային սպորտում այնպիսի մակարդակի հասնել, որպեսզի հայ հեծանվորդները մրցունակ լինեն տարբեր միջազգային մրցաշարերում, Եվրոպայի աշխարհի առաջնություններում եւ Օլիմպիական խաղերում: Այս պահին դա հեռու նպատակ է թվում, բայց որեւէ նպատակ չի մոտենում, եթե այդ ուղղությամբ ջանք չես դնում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի փոխանցմամբ, Tour of Armenia-ն միջազգային փորձի լավ մեկնարկ է 2029 թ. Հայաստանում անցկացվելիք հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունից առաջ:
«Tour of Armenia-ն աննախադեպ միջոցառում է Հայաստանի հեծանվային սպորտի համար, որը ներառելու է գրեթե բոլոր բնակավայրերը: Այս օրերի ընթացքում Հայաստանը կապրի հեծանվասպորտով: Այս մրցաշարի կազմակերպումն ու անցկացումը հրաշալի փորձ է եւ մեկնարկ 2029 թ. Հայաստանում անցկացվելիք հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունից առաջ:
Հայաստանի թիմը մարզական հավաքով է պատրաստվել մրցաշարին: Թիմի կազմում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ հրավիրված հեծանվորդներ: Ակումբի տեսքով ենք մասնակցելու: Հուսամ՝ կունենանք հաջողություն այս մրցաշարում: Մեզ համար էլ առաջին փորձն է լինելու նման բարձրակարգ մրցաշարին մասնակցելը որպես ակումբ: Հայաստանում խճուղային թիմային մրցաձեւը, կարելի է ասել, առաջին քայլերն է անում»,- նշել է Արա Սադոյանը:
RCS Sports and Events DMCC-ի գործադիր տնօրեն Միկելե Նապոլին հայտնել է, որ Հայաստանում անցկացվող խճուղային հեծանվավազքի մրցաշարը հեռարձակվելու է միջազգային խոշոր հեռուստաընկերություններով:
«Երբ երկու տարի առաջ նոր էինք սկսում այս նախագիծը, ունեինք տեսլական՝ Հայաստանը քարտեզի վրա ցույց տալ նոր ձեւով: Սպորտը բազմակողմանի միջազգային լեզու է: Պատրաստվում ենք հրաշալի սպորտային միջոցառում ունենալ, որը հեռարձակվելու է աշխարհի խոշորագույն հեռուստաընկերությունների կողմից: Հայաստանում անցկացվելիք Tour of Armenia մրցաշարը կտեսնեն ամբողջ աշխարհում: Շնորհակալ եմ մրցաշարի կազմակերպումը մեզ վստահելու համար»,- ասաց Միկելե Նապոլին:
RCS Sports and Events DMCC-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ֆաբրիցիո Դ'Ամիկոյի համար ուրախալի է Հայաստանում անցկացվող մրցաշարում հայկական թիմի մասնակցությունը:
«Շատ հետաքրքիր մրցավազք ենք ունենալու, որն իր մեջ ներառելու է 4 երթուղի, որոնք ձգվելու են 587 կմ: Երկու ձեւում է լինելու մրցավազքը՝ սպրինտ եւ մագլցում: Մրցաշարին մասնակցելու է 16 թիմ մի քանի երկրից, որոնք մրցելու են առաջին տեղի համար: Ուրախ ենք, որ մրցաշարին Հայաստանը մասնակցելու է թիմով: Անհամբեր ենք, թե ինչ արդյունքներ կգրանցի Հայաստանը»,- ամփոփել է Ֆաբրիցիո Դ'Ամիկոն:
Tour of Armenia-ի մրցուղին կանցնի Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերով՝ եզրափակվելով Երևանում․ չորս մրցափուլ, 587 կմ ընդհանուր երկարություն, 5,300 մետր ընդհանուր վերելք։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:52 , 8 սեպտեմբերի
14:07 , 8 սեպտեմբերի
13:11 , 8 սեպտեմբերի
12:50 , 8 սեպտեմբերի
12:25 , 8 սեպտեմբերի
11:52 , 8 սեպտեմբերի
11:09 , 8 սեպտեմբերի
10:06 , 8 սեպտեմբերի 
09:28 , 8 սեպտեմբերի
09:02 , 8 սեպտեմբերի