14:08  ,  7 սեպտեմբերի, 2026

Էլինա Ավանեսյան․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին մասնակցելը մեր մեծ երազանքներից մեկն է (ֆոտո)

Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունները մեծ են, որով կիրականա մեր գլխավոր երազանքներից մեկը: Առավել պատասխանատու է, որ Օլիմպիական խաղերում ներկայացնելու ենք Հայաստանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թենիսի Հայաստանի հավաքականի առաջին համար, WTA համաշխարհային դասակարգման աղյուսակում 159-րդ ռակետ, 2024 թ. Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը:

Էլինա Ավանեսյանը եւ Հայաստանի հավաքանի նորեկ, WTA 108-րդ համար Ալինա Չարաեւան այս օրերին Հայաստանում են:

«Շնորհակալ եմ Հայաստանում եւս մեկ անգամ լինելու հնարավորություն ունենալու համար: Ուրախ եմ, որ այստեղ եմ:

Անցած տարին բավականին ծանր էր ինձ համար. Առողջական խնդրիս պատճառով դադար էի վերցրել: Հիմա կարող եմ հայտարարել, որ ամբողջությամբ առողջ եմ, ապաքինվել եմ, որի կապակցությամբ շատ ուրախ եմ: Հպարտ եմ, որ կարողացա իմ դիմադրողականության շնորհիվ վերականգնվել: Այդ մեկ տարին ինձ շատ բան սովորեցրեց: Կորտում այն վստահությունը, որն ունեի մինչեւ առողջական խնդիրս, դեռ լիարժեք չեմ գտել, դեռ փնտրում եմ: Ցանկացած հաջորդ հաղթանակ ինձ ավելի է մոտեցնում իմ նախկինում գրանցած արդյունքներին եւ վերականգնում նախկին վստահությունս: Ուրախ եմ, որ վերադարձել եմ կորտ եւ պատրաստ եմ ձգտել նոր բարձունքների:

Ողջունում եմ Ալինային մեր մեծ ընտանիքում: Ուրախ եմ, որ այս ընթացքում Ալինան է լինելու ինձ հետ այս ճանապարհին: Նրան շատ եմ սիրում: Միասին շատ անգամ ենք խաղացել կորտում մանկության տարիներին: Հայաստանի հավաքականում եւ Հայաստանի դրոշի ներքո երկար ճանապարհ ունենք անցնելու եւ հաճելի է, որ նա է ինձ հետ լինելու այս ընթացքում:

Վարկանիշային միավորներով դեռ պետք է հասնեմ Ալինային: Կուզեի նրա հետ հանդես գալ նաեւ զուգախաղում միջազգային մրցաշարերում, բայց դրա համար կփորձեմ մոտենալ նրան միավորներով: Կմտածենք միասին կորտում հանդես գալու մասին, որը կարծում եմ՝ հետաքրքիր կլինի: Փորձ ունենք, միասին խաղացել ենք փոքր տարիքում, բայց արդեն պրոֆեսիոնալ կորտում եւ մրցաշարում առաջին անգամ կլինի:

Այս տարի նորամուտս նշեցի Հայաստանի հավաքականում «Բիլի Ջին Քինգ» գավաթի խաղարկությում: Շատ լարված էի իրականում, հավաքականում առաջին անգամ էի խաղալու եւ ներկայացնելու երկիրը: Բայց շատ լավ մրցաշար ստացվեց, քանի որ հիանալի թիմ ունենք, աղջիկների հետ շատ լավ ստացվեց համագործակցել, միմյանց աջակցել: Ուրախ օրեր ունեցանք միասին եւ թիմային պայքարն էլ հաջող ստացվեց, նվաճեցինք երկրորդ փուլի ուղեգիր, ինչն արդեն մեծ արդյունք է բոլորիս համար:

Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու բազմաթիվ հնարավորություններ կան: Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերին հանդես գալը մեր մեծ երազանքներից մեկն է եւ մասնակցելով կիրականցնենք մեր երազանքը:

Իսկ իրականում, իմ երազանքը շատ պարզ է եւ շատ կարեւոր՝ լինել առողջ եւ մնալ առողջ: Սպորտում այն շատ կարեւոր է:

Քրտնաջան սովորում եմ հայերեն, սովորում եմ գրել, վարժ ու հստակ խոսել եւս: Կարճ նախադասություններ կարողանում եմ ասել. Օրինակ՝ «Ես շատ-շատ եմ սիրում Հայաստանը, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»: Կարծում եմ՝ հաջորդ այցիս ժամանակ արդեն կկարողանամ լիարժեք հաղորդակցվել հայերեն: Նաեւ երեխաների հետ շփումը կլինի հայերեն: Սովորում եմ գրել, արդեն 22 տառ սովորել եմ:

Այս օրերին Ծաղկաձորում վարպետության դաս անցկացրինք երեխաների եւ երիտասարդների համար: Շատ տպավորիչ եւ ոգեւորիչ էր ինչպես ինձ համար, այնպես էլ Ալինայի: Հատկապես երեխաների հետ հանդիպումը շատ հետաքրքիր էր: Ինձ համար շատ կարեւոր է երեխաների համար ոգեշնչման աղբյուր դառնալը, լինելը: Ինչպես նրանց համար, այնպես էլ մեզ համար է մոտիվացնող, որ ավելի լավ լինենք, որպեսզի նրանք էլ մեզնից օրինակ վերցնեն»,- ասաց Էլինա Ավանեսյանը:

«Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակից Էլինա Ավանեսյանը այս տարի առաջին անգամ միացավ կանանց Հայաստանի հավաքականին, որի կազմում մասնակցեց «Բիլի Ջին Քինգ» գավաթի խաղարկությանը: Նրա մասնակցությամբ Հայաստանի հավաքականը պատմական արդյունք գրանցեց՝ 16 տարվա դադարից հետո նվաճելով երկրորդ ենթախմբի ուղեգիր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news