08:18  ,  25 օգոստոսի, 2026

«Զվարթնոցում» մեծ շուքով դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանին եւ մյուս մեդալակիրներին (ֆոտո, վիդեո)

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր երկրպագուները, մարզաշխարհի ներկայացուցիչները դիմավորում էին Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ավետիսյանին: 

Օգոստոսի 25-ին կեսգիշերն անց 05:55-ին Զագրեբ-Ստամբուլ-Երեւան չվերթով սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը Խորվաթիայից վերադարձավ Հայաստան: Թիմի հետ հայրենիք վերադարձան Ալբերտ Ազարյանից հետո օղակների վարժությունում առաջին ոսկե մեդալը նվաճած Արթուր Ավետիսյանը, փոխչեմպիոն Համլետ Մանուկյանը եւ բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը:

«Զվարթնոցի» ժամանման սրահում չեմպիոնին եւ մեդալակիրներին դիմավորեցին ծափերով եւ դափնիներով: Արթուր Ավետիսյանին եւ մյուս մեդալակիրներին դիմավորելու էին եկել ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ, ՀԱՕԿ գործկոմի անդամ Նարինե Շահբազյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարմնամարզիկներ, չեմպիոնի եւ մեդալակիրների ծնողները, հարազատները,  ընկերներ եւ երկրպագուներ:

Արթուր Ավետիսյանին սպասասրահում սպասում էր կինը եւ մայրը: Արթուր Ավետիսյանը, որը վերջերս է ամուսնացել, ժամանման սրահ դուրս գալուց հետո ԵԱ ոսկե մեդալը նվիրեց կնոջը եւ շնորհավորեց առաջին համատեղ ոսկե հաղթանակի կապակցությամբ:

Ամուսիններին էին դիմավորում նաեւ Արթուր Դավթյանի կինը, Վահագն Դավթյանի կինը եւ նրանց երեխաները:  

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-24-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երեք մեդալ՝ ոսկի, արծաթ եւ բրոնզ:

Ալբերտ Ազարյանից հետո 71 տարի անց օղակների վարժությունում տիտղոսն առաջին անգամ նվաճեց Արթուր Ավետիսյանը, որը եզրափակիչում վաստակեց 14.400 միավոր: Ավետիսյանն առաջին անգամ մարզական կարիերայում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 

Նժույգ թափեր վարժությունում փոխչեմպիոն դարձավ Համլետ Մանուկյանը (15.500), բրոնզե մեդալակիր՝ Մամիկոն Խաչատրյանը(14.900):

Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանն այս առաջնությունում մեդալ չնվաճեց: Հենացատկի վարժությունում առաջին ցատկը գերազանց կատարելուց եւ ամենաբարձր միավորը վաստակելուց հետո, Հայաստանի առաջատարը երկրորդ ցատկը ձախողեց եւ զբաղեցրեց 8-րդ տեղը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմից ԵԱ-ին մասնակցեց նաեւ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, որն օղակների վարժությունում գրավեց 5-րդ տեղը (14.000): Նժույգ թափերում Գագիկ Խաչիկյանը չհաղթահարեց որակավորման փուլը:

Մեծահասակների ԵԱ-ին զուգահեռ անցկացված երիտասարդական առաջնությունում Հայաստանի միակ մասնակից Արման Ղուկասյանը նժույգ թափեր վարժությունում ցույց տվեց 4-րդ տեղի արդյունք (13.500):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում