22:32  ,  23 հուլիսի, 2026

Գոռ Խաչատրյանն՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Հրաձգության Հայաստանի թիմը երրորդ ոսկե մեդալն է նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությունում:

Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձեւում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարեցին որակավորման փուլը եւ անցան կիսաեզրափակիչ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթեց Հայկ Մինասյանին՝ դուրս գալով եզրափակիչ։

Եզրափակիչում Խաչատրյանը նույն՝ 6:2 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մրցակցի նկատմամբ եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հայկ Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:9 հաշվով հաղթեց կորեացի մարզիկին եւ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Երիտասարդների պայքարում շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձեւում Աիդա Ազատյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: Եզրափակիչում Ազատյանը 8։6 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ դառնալով երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։

Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոն էր հռչակվել հրաձիգ Հայկ Մինասյանը շարժվող թիրախ խառը վազք մրցաձեւի տղամարդկանց անհատական պայքարում՝ վաստակել էր 384 միավոր:  Ոսկե մեդալակիր է դարձել նաեւ Հայաստանի թիմը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձեւի տղամարդկանց թիմային պայքարում:

Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Հայկ Մինասյանը վաստակել են 1719 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print